Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) նախաձեռնությամբ օրերս սեմինար էր կազմակերպվել, որի նպատակը ՀՀ կառավարության օրակարգում առկա տեղական ինքնակառավարման ոլորտի հարցերի քննարկումն էր։ ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց Հայաստանում համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հիմքերի ու հեռանկարների մասին, նաեւ ներկայացրեց առաջիկայում տեղական ինքնակառավարման ոլորտում սպասվող հիմնական բարեփոխումները, մասնավորապես՝ ֆինանսական համահարթեցման եւ տեղական հարկերի մասին օրինագծերը։ Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ ֆինանսապես թույլ համայնքներին օժանդակելու, նրանց նվազագույն ծախսերն ապահովելու նպատակով համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա տարբերությունների նվազումն է. «Ֆինանսական համահարթեցման նոր օրենքը դոտացիաների բաշխման նոր գաղափար ու մեխանիզմներ կներմուծի, ըստ որի՝ ծայրամասային լեռնային համայնքներն ավելի շատ գումար կստանան, քան մինչ այժմ ստանում էին,- ասաց Վ. Մովսիսյանը,- մոտ ապագայում կլինեն հարկերի մասին օրենքի փոփոխությունները, որոնք նոր մոտեցումներ եւ հաշվառման ձեւեր են պարունակելու, ավելանալու են վերահսկման նոր մեխանիզմներ։ Ավագանու անդամների ակտիվությունը եւ մտահոգությունը մեր ներկայացրած հարցերի շուրջ կարեւոր է այնքանով, որ նրանք ավելի պարզ են տեսնում մեր կողմից առաջարկվող օրենքների լավ ու վատ կողմերը, ակնկալվող արդյունքներն ու հնարավոր վտանգները։ Նրանց վերաբերմունքից ենք մենք հասկանում՝ օրենքները շտկելու, զարգացնելու հետագա ինչ հնարավորություններ կան»։