Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՄՌԱՆԸ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ ԵՆ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"«Քրջի բազարի» առեւտրականները վստահեցնում են, որ այս շուկայից առեւտուր են անում նաեւ հարուստները

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ այսպիսի շուկաներ կան, միայն մեր անօրենք ու անկանոն երկրում է, որ առեւտուր անելու տեղ չունենք, ամեն անգամ, երբ ստադիոնում միջոցառում են կազմակերպում՝ մեզ նախրի պես դուրս են քշում, չեն թողնում առեւտուր անենք, բայց չեն հարցնում՝ այսօր հաց ինչո՞վ եք գնելու, ի՞նչ եք ուտելու: Մեր տան ապրանքը բերում ենք այստեղ՝ վաճառում, որ օրվա հաց ձեռք բերենք, դա նրանց չի հետաքրքրում»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց տիկին Վիկտորյան՝ փորձելով մտաբերել, թե երբվանից է սկսել «քրջի բազարում» առեւտուր անել. «Է՛հ, անհիշելի ժամանակներից»: Նա մասնագիտությամբ մանկավարժ է, իր խոսքերով մինչ այդ շուկայում հայտնվելը՝ «հարգված ուսուցչուհի» էր. «Ժամանակներն արագ փոխվում են, հիմա էլ ստիպված թոռներիս հագուստները, կոշիկներն եմ բերում վաճառում: Հիմա սա է իմ գործը, համակերպվում ենք ամեն ինչի հետ, աշխարհին խորթ դառնալուն էլ ենք համակերպվում՝ մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից»: Տիկին Վիկտորյայի խոսքերով, «քրջի բազարից» առեւտուր անողները միայն սոցիալապես ցածր խավի մարդիկ չեն. «Լավ խավից էլ են գալիս, էնքան մարդիկ կան, որ գրպանները լիքն է, բայց չհագած էժան ապրանք են փնտրում ու գալիս «քրջի բազար», մեզնից առեւտուր անելը նաեւ ձեռնտու է, շատերը էժան գնում են, տանում Վերնիսաժ՝ ավելի թանկ վաճառում»: Նա մեզ հետ զրույցում մտավախություն հայտնեց, որ «սեւ օրերն» առջեւում են. «Ձմռանն առեւտուր չեմ անում, ցրտին ինչպե՞ս դիմանամ, բայց շատերը սառույցի վրա շոր են գցում, նստում ու շարունակում առեւտուր անել»:
Մեր մյուս զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ սոցիալական պայմաններից դրդված չէ, որ «քրջի բազարում» առեւտուր է անում. «Աշխատում եմ իմ մասնագիտությամբ, պարզապես մեր տան անպետք, հնացած ապրանքները չգիտեմ որտեղ պահել. որոշեցի ազատ ժամանակ գամ այստեղ վաճառեմ»: Մեր զրուցակցի խոսքերով, 50-1000 դրամի սահմաններում գնահատված իր ապրանքներն այնքան էլ լավ չեն վաճառվում. «Դերասանի մի զույգ դեղին սապոգ եմ բերել՝ մեր ժողովուրդը հիմա դերասան է դարձել, հուսով եմ՝ գոնե սա կկարողանամ այսօր վաճառել: Առավոտից այստեղ եմ, մի հատ 200 դրամանոց ատամի խոզանակ եմ վաճառել»:
Ասյա Ղազարյանն էլ պատմեց, որ «քրջի բազարում» է հայտնվել ամուսնու մահից հետո: Նրա խոսքերով, նախկինում Ռուսաստանում ապրող հարազատները մեկ-մեկ օգնում էին, վերջին տարիներին այդ օգնությունն էլ կտրվեց: Վաճառականի համար առեւտրի ընթացքում դժվարություններ են առաջանում հատկապես անձրեւոտ օրերին. «Դժվարությամբ ենք վաճառում կամ էլ ընդհանրապես չենք կարողանում վաճառել ապրանքները, եթե միջոցառում է այստեղ նախատեսված լինում, այդ օրը այստեղից մեզ լարում են ու բերաններից եկածն ասում»: Տիկին Ղազարյանն ասաց, որ իր ապրանքատեսակները տատանվում են 50-300 դրամի սահմաններում. «Թոռներիս, հարսիս, բարեկամներիս շորերն են, նույնիսկ 50 դրամով համաձայնում եմ ծախել, միայն թե հացի փող առնեմ»:
Նրա խոսքերով, իր մշտական հաճախորդները հիմնականում թոշակառուներն են. «Չէ, հարուստը ստեղ գա ի՞նչ անի, ինձնից քյասիբները, խեղճուկրակներն են գալիս»:
Մեր մյուս զրուցակիցն էլ Սոչիի քաղաքացի Հարությունն էր. «Տիշինա, պոկա ռոդինա խոռոշա, ա գդե ռոդինա մոյա: Ո՞վ է մեզ նայողը»: Նախկին շինարարը փորձում էր հասկանալ, թե ինչպե՞ս հայտնվեց «քրջի շուկայում». «Մարդ, որ տնից դուրս է գալիս, դատարկ չպետք է տուն վերադառնա, պետք է մի կտոր հաց վաստակի, բայց որ գործ չկա, ի՞նչ պետք է անենք, գոնե մի բան ծախենք, իրիկունը սոված տուն չգնանք: Առաջ շինարարությունը եռում էր, գործից գործ էր բացվում, ասում են՝ հիմա էլ աշխատանքը լիքն է, հա, որ կա՝ մեզ ի՞նչ, մեր համար չի»: Պարոն Հարությունն ասաց, որ հաճախ հարուստ «քձիպներն» են գալիս առեւտուր անելու. «Գալիս են հարցնում, որ ասում ես 50 դրամ, փորձում են ավելի էժանացնել, ինչո՞ւ ես այսքան թանկ ծախում»:
Մեր մյուս զրուցակիցն էլ կրկին խուսափեց ներկայանալ, բայց պատմեց. «14 հատ ռետուզ են առնում, հատը ասում են 50 դրամ, ես էլ պատասխանում եմ, 1 կգ խոզի միսն արժե 3500 դրամ, ես քեզ ո՞նց տամ հատը 50 դրամով»: Մեր զրուցակցի ներկայացմամբ, ինքը տանել չի կարողանում հարուստ «կծծիներին». «Ամեն տեսակ խավի մարդկանց այստեղ կտեսնես, հարուստներն ավելի բեթար են՝ ժլատ են վերին աստիճանի, գներն անտանելի ձեւով էժանացնում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել