Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՄՇՅԱՆԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Դեկտեմբեր 01,2009 00:00

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով դատական նիստն ընդամենը 10 րոպե է տեւել: Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսված նիստին ներկայացել էին հայցվոր կողմը ներկայացնող ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանը եւ պատասխանող Գագիկ Շամշյանը:
Վերջինս հենց սկզբից միջնորդել է դատական նիստը հետաձգել երկու պատճառներով. նախ՝ նրա պաշտպան Հովիկ Արսենյանը չէր ներկայացել նիստին, երկրորդ՝ բորբոքվել էր ֆոտոլրագրողի աչքը, եւ նա բուժումներ էր ստանում: Դատավորը բավարարել էր Շամշյանի միջնորդությունն ու դատական նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 11-ը:
Հիշեցնենք, որ Կ. Խաչատրյանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ միջնորդելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով Շամշյանի նկատմամբ նշանակված տուգանքը՝ 350 հազար դրամ, փոխարինել հանրային աշխատանքով: Դատարանն այսպիսի որոշում էր կայացրել՝ ապացուցված համարելով, որ Շամշյանը նախկին քաղկալանավոր Սմբատ Այվազյանի գործով դատավարության ժամանակ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Շամշյանն արդեն վճարել է իր տուգանքի զգալի մասը՝ 200 հազար դրամը, եւ պատրաստ էր մնացածը եւս վճարել: Շամշյանը երեկ կարծիք է հայտնել, որ դատավորը չի բավարարի հայցվորի միջնորդությունը. «Ես վճարելուց չեմ խուսափում, եթե խուսափեի նախ՝ 200 000 դրամը չէի մուծի, հետո չէի ասի, որ պատրաստ եմ՝ չընդունելով իմ մեղքը, գտնելով, որ դատարանի կողմից կատարվել է ապօրինի որոշում, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում այդ 150 հազար դրամն էլ մուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել