Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Lուրջ այլընտրանք թիվ 25-ում

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"Ընտրել Մխիթար Հարությունյանի՞ն, թե՞ Հարությունյան Մխիթարին

Երեկ քաղբանտարկյալ, թիվ 25 ընտրատարածքից ընտրված նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ուղերձով դիմել է այդ ընտրատարածքի ընտրողներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «25 ընտրատարածքի հարգարժան ընտրողներ, մոտ օրերս ընտրատարածքում տեղի կունենան պատգամավորական նոր ընտրություններ: Բայց մինչ այդ մասին խոսելը, ցանկանում եմ ոչ ավելորդ անգամ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ՝ վերջին ավելի քան 14 տարիների ընթացքում ինձ անընդմեջ վստահության քվե տալու համար: Դուք էլ գիտեք, որ չեք սխալվել. լինելով Հրազդանի առաջին քաղաքապետը, այնուհետեւ մի քանի գումարման ԱԺ պատգամավոր՝ ես երբեք չեմ կտրվել ձեզանից: Ես երբեք ինձ համար հեշտ ճանապարհ չեմ ընտրել, որովհետեւ դրանով ես կկորցնեի ձեզ, ինքս ինձ ու կդառնայի կամակատար: Գուցե դրա համար էի վերջին 10 տարիների ընթացքում, այսպես ասած, գլխացավանք դարձել իշխանությունների համար: Սրա վկայությունն էին 2003 ու 2007թթ. ԱԺ ընտրությունների ժամանակ իշխանությունների սանձազերծած խարդավանքները՝ իմ մուտքը խորհրդարան արգելելու համար: Բայց դուք, բարձր պահելով հրազդանցու պատիվը, չտրվեցիք շռայլ ընտրակաշառքներին ու ապացուցեցիք, որ անհնար է ժողովրդի կամքին բռնանալ կամ գնել այն: Ես երբեք չեմ մոռանա միասին տոնած մեր հաղթանակները՝ ամեն ընտրությունից հետո:
Իսկ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ կանգնեցի այնտեղ, որտեղ դուք էիք՝ ժողովուրդը: Ես, լինելով իշխանական ճամբարում, տարիներ ի վեր փորձում էի բացատրել, թե ինչպես եք դուք ապրում եւ ինչ այլանդակություններ են իրենց թույլ տալիս տեղական չինովնիկները: Բայց իշխանությունները ձեր եւ տեղական անդեմ չինովնիկների միջեւ ընտրություն կատարելիս կանգ առան չինովնիկների վրա: Իսկ ես չէի կարող դա անել, քանի որ ինձ դուք էիք ընտրել: Եվ այսօր, երբ իրենց իրավունքների համար համաժողովրդական պայքարի ելած ժողովրդին են դատում, ես պետք է լինեմ բանտում: Իմ այս կարգավիճակի համար երբեք չեմ զղջա. դրա գնահատականը, ի վերջո, ժողովուրդն ու ժամանակը կտան:
Ինչ վերաբերում է իմ ընտրատարածքում սպասվող ընտրություններին, ապա նշեմ, որ իրոք այսօր բավականին «բարդ» ընտրության առջեւ եք կանգնած: Պետք է ընտրություն կատարեք Հարությունյան Մխիթարի եւ Մխիթար Հարությունյանի միջեւ: Նախանձելի չէ ձեր վիճակը, քանի որ դուք սովոր եք ընտրությունների թեժ պայքարի: Դուք այսպիսի ընտրության արժանի չէիք:
Կարծում եմ՝ չեք մոռացել, թե ով էր Մխիթար Հարությունյանը. դեռ 1995-ից ինձ հետ փորձել է ընտրապայքարում մրցել, բայց միշտ պարտվել է: Իսկ հիմա նրա աստեղային ժամն է. Սասուն Միքայելյանը կալանավորված է, եւ այս անգամ գուցե ինչ-որ հաջողության հասնի՝ հատկապես, որ անգամ ձեւի համար մրցակից չունի: Սիրելի ընտրողնե՛ր, եթե ձեր այսօրվա թեկնածուն իսկապես ունենար պատգամավորին վայել արժանիքներ, կարելի էր նրան ողջունել: Սակայն համոզված եմ, որ եթե նա ընտրվի, ապա մեր խորհրդարանի կամակատարները կավելանան մեկով: Իսկ Հրազդանը վերջնականապես կդառնա կամազուրկ քաղաք: Բայց ես հավատում եմ, որ ընտրության հնարավորություն չունենալով էլ դուք կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել