Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ՈԳԻՆ ՈՒ ՀՀԿ-ԱԿԱՆ ՏԵՌՈՐԸ

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"Արամ Կարապետյանը՝ ՀՀԿ համագումարի մասին

«ՍՄԿԿ հերթական համագումարն էր: Նման զարգացումները կամաց-կամաց կհանգեցնեն բրեժնեւյան լճացման տարիներին, երբ բոլորի համար ամեն ինչ միանշանակ ընդունելի էր: Սերժ Սարգսյանն էլ ում տեսնում է՝ բռնում ու մեդալ է տալիս». սա առաջին տպավորությունն է, որ ստացել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարից: «Առավոտի» հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ  ՀՀԿ համագումարն արտապատկերումն էր «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի, քանի որ այնտեղ էլ է հնչում մոդեռնիզացիայի անհրաժեշտությունը, այստեղ էլ ասվեց՝ «նորովի մտածելակերպ»: Բայց՝ «Ոչ էնտեղ հասկացանք՝ դա ինչ է, ոչ՝ էստեղ: Գորբաչովն էլ էր ասում՝ «գլասնոստ», «պերեստրոյկա», «պլյուրալիզմ մնենիյ». արդյունքում՝ երկիրը քանդվեց: Հիմա էլ՝ նորովի մտածելակերպ, առաջընթաց, առաջ Հայաստան…»: ՀՀԿ համագումարում նախագահ Սարգսյանի հնչեցրած ելույթից Արամ Կարապետյանը կյանքում առաջին անգամ հասկացել է, որ պարտք վերցնելը լավ բան է (նկատի ունի միջազգային վարկերը, որոնց արդյունքում ավելանում են պետական պարտքերը). «Հասկացա, որ մեր երկրում ամեն ինչ այնքան լավ է, որ ոչինչ էլ փոխել պետք չէ, քանի որ փոփոխության որեւէ ծրագրի մասին չխոսվեց: Արտաքին մարտահրավերների մասին որեւէ փաստաթուղթ չընդունվեց. հիմա՝ ողջունելի՞ են հայ-թուրքական զարգացումները, ԼՂՀ հարցը դրանց հետ կապվա՞ծ է, թե՞ ոչ՝ պարզ չդարձավ: Ասվեց, որ 2010-ի բյուջեն ավելի ծախսատար է լինելու, բայց եթե աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում, սոցիալական ծախսերը չեն ավելանում՝ ո՞ւր են գնալու այդ գումարները»:
Ընդհանուր առմամբ, հետեւելով նաեւ հայ-թուրքական եւ ԼՂՀ հարցի վերաբերյալ համաշխարհային զարգացումներին, դրանց վերաբերյալ ադրբեջանական, թուրքական արձագանքներին եւ հայ պաշտոնյաների հակադարձումներին՝ Արամ Կարապետյանը նման տպավորություն է ստանում. «Մեր իշխանավորներն ասում են՝ մեզանից բացի, եթե որեւէ մեկին լսեք՝ կքարանաք, դեւ կդառնաք»: Այնինչ, նրա կարծիքով՝ 21-րդ դարի քաղաքականությունը լրջություն է պահանջում: «Կամաց-կամաց ի հայտ կգան հայ-թուրքականի եւ ԼՂՀ հարցի փոխկապակցվածությունն ու դրանց վատ հետեւանքները: Իմ կարծիքով, ԼՂՀ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ինչ-որ կերպ փոխհամաձայնեցված է, եւ Սերժ Սարգսյանն իր ելույթում հստակ ասաց, որ կցանկանային մեկ փաթեթում տեսնել այդ հարցերի կարգավորումը»: Այդ դեպքում ինչի՞ համար էին նախագահի խոսքերը, որ ԼՂՀ-ի նկատմամբ ոտնձգություններին մենք կպատասխանենք՝ «Առավոտի» դիտարկմանը մեր զրուցակիցն արձագանքեց. «Ուլյանովսկում ակնհայտ էր, որ Ադրբեջանն ընկավ ՌԴ-ի գիրկը, դեռ մի բան էլ ավելի: ՀԱՊԿ մտնելու մասին են խոսում, Ադրբեջանում ՌԴ ռազմական բազայի տեղակայման. դեռ չեմ ցանկանում լրջացնել  այդ հարցը, բայց ամեն ինչ քիչ-քիչ արվում է: Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունն արտաքին լսողների համար էր՝ եթե մտմտում եք, որ մենք ձգենք պրոցեսը, դուք էլ պատերազմով հարցը լուծեք՝ պատերազմով էլ պատասխան կստանաք: Իմ կարծիքով, դա ամենավատթարագույն ելքն է: Պատերազմ լինում է այն ժամանակ, երբ խաղաղ բանակցությունները փակուղի են մտնում: Եթե պիտի շարունակ խոսեինք ու վերջում հարցը պատերազմով լուծեինք, ուրեմն՝ ինչի՞ համար էին այս տարիների բանակցությունները»:
Ու քանի դեռ իշխանական թեւից ռեալ ծրագրեր չկան, մեր զրուցակիցն անընդունելի է համարում արմատական ընդդիմության՝ ի դեմս ՀԱԿ-ի, համագործակցությունն իշխանության հետ: Որովհետեւ՝ իմաստը չի հասկանում. «Ինչի՞ շուրջ են երկխոսելու: Թող ինձնից էլ չնեղանան՝ եթե երկխոսության առարկան չկա, ուրեմն այդ մարդիկ ուզում են Սերժ Սարգսյանի հաճախորդը դառնալ: Երկրում թեւածում է ՀՀԿ-ական տեռորը, գնդակահարող կառավարություն ունենք, մարդիկ բանտերում են, նախագահն էլ ելույթ է ունենում ու ոչ մի ծրագիր չի առաջարկում: Ես չեմ ասում, որ ճկուն պետք չէ լինել, բայց դա այնքան պիտի չլինի, որ ողնաշարդ կոտրված պառկես»: Իսկ նախկին արմատական ընդդիմադիրներ Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի ներկայությունը եւ համագումարում ունեցած ելույթները Արամ Կարապետյանի մոտ հարցեր են առաջացրել. «Ես հիշում եմ, որ այս իշխանությունն Արթուր Բաղդասարյանին գնդակահարում էր: Նա «դավաճան» էր հայտարարվել, ինձ էլ այդ հարցով ԱԱԾ էին կանչել: Ես հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը, Արտաշես Գեղամյանն ու մնացածը ժողգործիքների անսամբլ իրար ներկայացրեցին, ու հիմա, պարզվում է, 20 տարուց ավելի իրար հետ ընկեր ու ախպեր են եղել: Բա՝ ո՞վ էր ում խփում, ի՞նչ կրակոտ ելույթներ էր ունենում Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը ցախավելներով քշում էր… Ի՞նչը փոխվեց երկրում, որ ճկունություն սկսեցին դրսեւորել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել