Այսօր Աթենքում հանդիպելու են Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները:
Այսօր երեկոյան Աթենքում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող՝ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
Նշենք, որ երեկ, մինչեւ կեսգիշեր, դեռ չէր ավարտվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս հանդիպման առնչությամբ երեկ, օրվա ընթացքում, մի քանի անգամ փոխվեց տեղեկատվությունը ժամի եւ տեղի վերաբերյալ: Նախապես հայտնի էր, որ հանդիպումն անցկացվելու է նույն վայրում, որտեղ այսօր մեկնարկելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստը, այսինքն՝ Աթենքի «Հելլինկոն» սպորտային համալիրում, Երեւանի ժամանակով ժամը 18-ին: Սակայն հետո հայտնի դարձավ, որ հանդիպումը տեղափոխվում է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոց ու տեղի է ունենալու մեկ ժամ ավելի ուշ: Լրագրողներին զգուշացրին, թե չարժե նույնիսկ փորձել գնալ հանդիպման վայր՝ մեզ մոտ չեն թողնի, քանի որ կողմերի միջեւ պայմանավորվածություն կա, որ այդ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար չեն արվելու հայտարարություններ, եւ չեն հրապարակվելու մանրամասները: Ընդ որում, նաեւ Աթենքում գտնվող ադրբեջանցի լրագրողներին էին իրենց ԱԳՆ-ից հայտնել, թե տեղեկատվություն կտրամադրվի միայն այսօր:
Հունաստանը 2009-ին նախագահում էր ԵԱՀԿ-ում: Հունաստանի վարչապետ եւ ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիոս Պապանդրեուն այդ պաշտոնում իր ուղերձում, որն ուղղված է ԵԱՀԿ անդամ երկրներին՝ երախտագիտություն է հայտնել Մինսկի խմբի 3 համանախագահողներին, ինչպես նաեւ դեսպան Անջեյ Կասպրչիկին, իրենց ջանքերի համար՝ գտնելու փոխադարձաբար ընդունելի լուծում ԼՂ հակամարտության հարցում, նաեւ նշել է, թե դրական սպասելիքներ կան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին շրջանի հաճախակի հանդիպումների առնչությամբ:
ԵԱՀԿ-ում նախագահությունը առաջին անգամ ստանձնում է ԱՊՀ անդամ երկիր՝ Ղազախստանը, որի պետքարտուղար եւ արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը արդեն իսկ հայտարարել է, թե ծրագրում է ունենալ իր անձնական ներկայացուցիչը ձգձգվող հակամարտությունների հարցերով, որը նաեւ պիտի նախագահի կամ համանախագահի հատուկ բանակցող մարմիններում: Արդեն իսկ հայտնի է նաեւ այդ ներկայացուցչի անունը՝ Ղազախստանի դիվանագետ, դեսպան Բուլատ Նուրգալիեւն է: «Մենք չէինք ցանկանա գերագնահատել մեր հնարավորությունները, բայց մենք, անկասկած, ջանքեր չենք խնայի, որ որոշակի առաջընթացի հասնենք այս բարդ բնագավառում: Մենք նաեւ ծրագրում ենք առավել շեշտը դնել կանխարգելիչ դիվանագիտության վրա: Անցած տարվա օգոստոսյան ճգնաժամը անհրաժեշտ դարձրեց դա»,- ասել է Կանատ Սաուդաբաեւը:
ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Աթենք են ժամանել 45 արտգործնախարարներ, 57 պատվիրակություններ, որոնք պատրաստվում են քննարկել անցած տարում ԵԱՀԿ գործունեությունը եւ ներկայացնել իրենց տեսակետները անվտանգության խնդիրների վերաբերյալ: Պատվիրակությունների ղեկավարները՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր հանդես են գալու հայտարարություններով: Ըստ օրակարգի նախագծի՝ Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է գալու 27-րդը, Ադրբեջանի արտգործնախարարը՝ 28-րդը: Թուրքիան 40-րդն է:
Հ. Գ. Աթենքում երեկ անցկացվեց «Կորֆուի գործընթացը. Եվրոպական անվտանգությունը եւ Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորումը» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր բրիտանական «Links» կազմակերպությունը: Եվ հիմնական բանախոսներից էին Հարավային Կովկասում Եվրոպական Միության ներկայացուցիչ Փիթր Սեմնեբին, Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզն ու Ռուսաստանի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով բաժնի ղեկավար Ալեքսեյ Դվինյանինը: