Եթե մի գեղեցիկ օր հայկական բլոգները դառնան լրատվամիջոցներին մրցակից՝ չզարմանաք
Համենայնդեպս, մեզ հետ զրույցում բլոգերները վստահեցնում են, որ իրենց բլոգներում այնպիսի թեմաներ են քննարկում եւ տեղեկատվություն տեղադրում, որ շատերի համար դառնում են լրատվության աղբյուր: Այսօր բլոգները բազմաթիվ հայերի համար զբաղմունքի կամ ազատ ժամանակ անցկացնելու նման մի բան են, սակայն «Առավոտի» հետ զրույցում «pigh.livejournal.com»-ի բլոգեր եւ տեղեկատվության անվտանգության հարցերով մասնագետ Տիգրան Քոչարյանը վստահեցրեց, որ բլոգները շուտով կդառնան այլընտրանքային լրատվամիջոց: Տ. Քոչարյանն այդ համոզման է եկել հատկապես «մարտի 1-ի» դեպքերից հետո, երբ շուրջ 20 օր մի շարք լրատվամիջոցներ չաշխատեցին, եւ հազարավոր քաղաքացիներ օբյեկտիվ տեղեկություններ էին փնտրում հենց բլոգներում. «Այդ ժամանակ «a1plus»-ի բլոգն էր ակտիվ աշխատում եւ հիմնական քարոզչությունն ու հակաքարոզչությունը լեւոնականների եւ հակալեւոնականների միջեւ էր: Այդ ընթացքում մեծ թվով ինֆորմացիա էր տեղադրվում եւ ազատ քննարկումներ ու կարծիքներ լինում»: Ըստ Տ. Քոչարյանի, քանի որ համացանցն այնքան էլ զարգացած չէ Հայաստանում, իսկ բլոգները համացանցի ինֆորմացիոն դաշտում ունեն ընթերցողների որոշակի քանակ, ապա կարելի է ասել՝ այն համեմատելի է առաջատար լրատվամիջոցների հետ: Տիգրանի խոսքերով, օրինակ՝ Ռուսաստանում պետության կողմից վարձատրվող բլոգերներ կան, որոնք պետական գաղափարախոսությունն են տարածում հենց բլոգի միջոցով: Դա պետական կառույցներին հնարավորություն է տալիս լսել հասարակության ազատ կարծիքը, իսկ մեզ մոտ բլոգներում պետական, ուղիղ ու բիրտ միջամտություն չի նկատվում:
«pigh.livejournal.com»-ում, Տիգրանի պատմելով, սկսած մայրաքաղաքի աղբահանությունից, սոցիալական խնդիրներից մինչեւ հայաստանյան քաղաքական հարցերը՝ քննարկվում են: Վերջին շրջանում շատ ավելի ակտիվ են քննարկվել մադրիդյան սկզբունքները, հայ-թուրքական հարաբերությունները, Վրաստանում հայկական եկեղեցու փլուզումը. «Մեր բլոգում քվեարկություններ են եղել, եւ 400 մասնակիցների 80%-ը դեմ է եղել թե մադրիդյան սկզբունքներին, թե հայ-թուրքական նախապայմաններին: Բայց բլոգում 400 մասնակիցը դա միջին հաշվով է, կան բլոգներ, որոնք օրական մոտ 2000 մասնակիցներ են ունենում»: Տիգրանի վստահեցմամբ՝ մադրիդյան սկզբունքները կետ առ կետ քննարկվել են, կարծիքներն էլ տարբեր են եղել. ոմանք գրել էին՝ Ղարաբաղը տանք, պրծնենք, ոմանք էլ՝ ոչ մի թիզ հող:
Տիգրանի կարծիքով, մեր պետական մարմիններն արագ չեն արձագանքում՝ ադրբեջանական եւ թուրքական դեզինֆորմացիան հայկական տեղեկատվական դաշտում կանգնեցելու առումով: Այսինքն, մինչ հայերը ուշացումով ինչ-որ ինֆորմացիա կտեղադրեն, ժողովուրդը այդ ինֆորմացիան փնտրում է թուրքական աղբյուրներում, նրանք էլ տեսնում են, որ այցելուների թիվը գնալով ավելանում է, ուրեմն կարելի է եւ դեզինֆորմացիա տեղադրել:
«pigh.livejournal.com» բլոգում ամենաթարմ քննարկված թեման Սարգսյան-Ալիեւ մյունխենյան հանդիպումն էր: Ըստ Տիգրանի, «Ալիեւը ռազմատենչ հայտարարություններ արեց, Հայաստանը լռեց: Պատասխանը անմիջապես պետք է տրվի, ոչ թե 1-2 օր ուշացումով: Ով այդ օրը առաջինը մտնի ինֆորմացիոն դաշտ՝ իրեն են հավատալու»:
Տ. Քոչարյանի խոսքերով, հասարակության մեջ թյուր կարծիք կա տարածված, թե բլոգերները երկար մազերով դեմքեր են, պարապ ու ամբողջ օրը համացանցում են. «Այդ մարդիկ հասարակության ակտիվ անդամներ են, նույնիսկ բողոքի ցույցերի են մասնակցում, ակցիաներ կազմակերպում: Օրինակ՝ երբ Թեղուտի անտառների պահպանման համար կազմակերպած ցույցերին բլոգերները ակտիվ մասնակցեցին, իրենց շրջապատում էլ տեղեկություններ տարածեցին այդ մասին: Անցյալ տարի Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու նկատմամբ վրացական ոտնձգություններից հետո քննարկում տեղի ունեցավ բլոգում, ինչից հետո մի խումբ բլոգերներ մանկական դագաղ դրեցին Վրաստանի դեսպանատան դիմաց՝ իբրեւ Վրաստանի դեմոկրատիայի վախճան, այսինքն՝ 4 տարեկանում վրացական դեմոկրատիան մահացավ: Դրանից հետո միանգամից արձագանքներ եղան. վարչապետը գնաց Նորաշեն, պատարագ մատուցվեց, վրացի հոգեւորականն էլ հեռացվեց»:
Տիգրանի ներկայացմամբ, թեեւ շատ պաշտոնյաներ այնքան էլ լուրջ չեն մոտենում բլոգներին, սակայն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամենայն լրջությամբ մտնում է իրենց բլոգը, նույնիսկ կարծիք հայտնում. «Երբ մեր բլոգում քննարկվեց Աշոտյանի հայտարարությունը, որ 2011 թվականից հնարավոր է կրթաթոշակները վերացվեն, նախարարը մտավ ու իր կարծիքը հայտնեց: Նա երեւի թե միակ բարձրաստիճան պաշտոնյան է, որ հետաքրքրվում է ու ցիվիլ ձեւով մասնակցում բլոգներին, չի ամաչում մտնել «օդնոկլասնիկ» ու տարբեր բլոգներ, որպեսզի անմիջական շփվի ու կարդա կարծիքներ: Նույնիսկ իրեն ավտոմեքենա նվիրելու թեման ենք քննարկել»:
Պարզվում է, բլոգները նույնիսկ հայրենադարձության խնդիրներ են լուծում: Տիգրանի պատմելով՝ «pigh.livejournal.com»-ի Ռուսաստանի մասնակիցներից շատերը, որոնք ազգությամբ հայ են, բայց արտերկրում են բնակվում, բլոգերի քարոզչության շնորհիվ 12 հայ Հայաստան է վերադարձել: Մեր զրուցակցի ներկայացմամբ, երբ Սերժ Սարգսյանի նախագահության 100 օրը լրացավ, բլոգում հարցեր հավաքվեցին ու այդ հարցերը հանրայինի եթերով նախագահին տրվեցին, շատ լրագրողներ խանդով եւ լավ չվերաբերվեցին բլոգերներին: Բայց այսօր լրագրողները համագործակցում են բլոգերների հետ. «Սկզբում դա նոր բան էր, լրագրողները մի տեսակ էին վերաբերվում՝ իբր էս ովքեր են, բայց որոշ ժամանակ անց անգամ լրագրողներն իրենք սկսեցին բլոգ բացել, իրենց հոդվածները տեղադրել եւ բլոգերների հետ քննարկել: Անգամ մոդա է ձեւավորվել, ես բլոգեր եմ, ես դեմք եմ»: