Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սկանդալներ՝ մարզաշխարհում

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Անցած շաբաթվա կարեւորագույն մարզական իրադարձություններից մեկը, թերեւս, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերի որոշումն էր՝ դեկտեմբերի 2-ին Քեյպթաունում հրավիրել կազմակերպության գործկոմի արտակարգ նիստ:

Բլատտերի այս որոշումը պայմանավորված էր միջազգային ֆուտբոլում վերջին շրջանում տեղ գտած բազմաթիվ սկանդալային իրադարձություններով, որոնց թվին են դասվում Աշխարհի 2010թ. առաջնության անցումային՝ Եգիպտոս-Ալժիր եւ Ֆրանսիա-Իռլանդիա հանդիպումները, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում պայմանավորված ակումբային խաղերը:

Եգիպտոս-Ալժիր հանդիպման հետ կապված՝ ուսումնասիրվելու է երկրպագուների միջեւ հետխաղյա ծեծկռտուքի դիպվածը, իսկ Ֆրանսիա-Իռլանդիա հանդիպման՝ Թիերի Անրիի՝ ձեռքով խաղի դրվագը, որից հետո ֆրանսիացիները հաղթական գոլի հեղինակ դարձան:

Ինչ վերաբերում է պայմանավորված ակումբային խաղերին, ապա այստեղ իր հետաքննությունն է անցկացնում նաեւ ՈՒԵՖԱ-ն: Սկզբում Եվրոպական ֆուտբոլային միության ուշադրությունն էին գրավել 40 հանդիպումներ, որոնց թվում էր նաեւ Եվրոպայի լիգայի «Բրեդա»-«Գանձասար» (6:0) խաղը: Սակայն արդեն նոյեմբերի 25-ին ՈՒԵՖԱ-ն հրապարակեց միայն 5 ակումբների անունները, որոնք կասկածվում են պայմանավորված խաղերում: Խոսքը ալբանական «Տիրանայի» ու «Վլաժնիայի», լատվիական «Դինաբուրգի», սլովենական «Լյուբլյանայի» եւ հունգարական «Հոնվեդի» մասին է: Այս թիմերի մասնակցությամբ 7 խաղեր, այդ թվում եւ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի մեկ հանդիպում, առավել մանրակրկիտ կուսումնասիրվեն Եվրոպական ֆուտբոլային միության կողմից:

Սա, սակայն, անցնող շաբաթվա միակ սկանդալային իրադարձությունը չէր: Վերջին օրերին միջազգային այնպիսի պարբերականների էջերին, ինչպիսիք են «Le Figaro»-ն եւ «The Daily Telegraph»-ը, թափ է հավաքում մեկ այլ սկանդալ, որը ոչ միայն եւ ոչ այնքան մարզական է, որքան՝ քաղաքական: Այդպես, վերոնշյալ պարբերականները՝ հղում կատարելով 2009-ին Ռուսաստանում լույս տեսած եւ արդեն մի քանի լեզուներով թարգմանված «Խթը ՌչՐՈպՑ Չ ՔՈւՎՈՑօ» գրքին, հանրությանն են ներկայացնում Միջազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի կապը Խորհրդային ազգային անվտանգության կոմիտեի հետ:

Ըստ գրքի հեղինակներ՝ ՊԱԿ-ի նախկին փոխգնդապետ Վլադիմիր Պոպովի, շախմատիստներ Վիկտոր Կորչնոյի ու Բորիս Գուլկոյի, ինչպես նաեւ սկանդալային ճանաչում ունեցող պատմաբան Յուրի Ֆելշտինսկու, ՄՕԿ-ի նախկին նախագահը ՊԱԿ-ի կողմից հավաքագրվել է դեռ 70-ականների վերջին, երբ ԽՍՀՄ-ում կատարում էր Իսպանիայի դեսպանի պարտականությունները: Գրքի հեղինակները պատմում են, որ Սամարանչը մեծ հետաքրքրություն է դրսեւորել ռուսական մշակույթի ու պատմության հանդեպ, եւ ժամանակի ընթացքում զարտուղի ճանապարհներով անտիկվարիատի մեծ հավաքածու է դուրս բերել Խորհրդային Միության տարածքից: Այս իրողությունից էլ օգտվել են հատուկ ծառայությունները՝ երկընտրանք առաջարկելով իսպանացի դիվանագետին. կամ սկսվում է հետաքննություն, որը խաչ կքաշեր նրա՝ դիվանագետի կարիերայի վրա, կամ Սամարանչը համաձայնում է գործակցել հատուկ ծառայությունների հետ: Իսպանացու ընտրությունը կանգնել է երկրորդ տարբերակի վրա, իսկ խորհրդային ՊԱԿ-ն էլ, ի նշան «երախտագիտության», օգնել է նրան հաղթել ՄՕԿ-ի նախագահի ընտրություններում՝ ապահովելով վերջինիս համար Վարշավյան պայմանագրի երկրների ձայները: Դրանով, սակայն, ՊԱԿ-ի եւ Սամարանչի գործակցությունը, ըստ գրքի հեղինակների, չի ավարտվել: Ավելին, անգամ ԽՍՀՄ փլուզումից հետո Սամարանչը շարունակել է ՄՕԿ-ում «պաշտպանել» Ռուսաստանի շահերը, որի մասնավոր օրինակներից է 2014թ.. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի ընտրությունը:

Թե որքանո՞վ են այս նյութերը համապատասխանում իրականությանը, բարդ է ասել, քանի որ պետանվտանգության արխիվները դեռեւս «գաղտնի» դրոշմի տակ են եւ, բնականաբար, որեւէ մեկնաբանություն լինել չի կարող: Փոխարենը՝ ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը վերոնշյալ ինֆորմացիան որակել է իբրեւ «մաքուր սպեկուլյացիա» եւ միեւնույն ժամանակ նշել, որ Խուան Անտոնիո Սամարանչն անձամբ ի վիճակի չէ որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի:

Ուստի, ի՞նչ զարգացումներ կունենա այս մի սկանդալը, դեռ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել