Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՏԵՍԱ, ԹԵ «ՊԱՏԸ» ՓԼՎԵԼ Է»

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Ճանաչված ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի ընկալմամբ, մեր երկիրը դեռ շարունակում է ապրել խորհրդային ժամանակների իներցիայով:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ նոյեմբերի 29-ին եւ դեկտեմբերի 1-ին Երեւանում, այնուհետեւ՝ Շիրակի մարզում, կկայանա ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործության բանակ» ֆիլմի շնորհանդեսը:

Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ ռեժիսորի եւ դերասանների ասուլիսը:

«Ոճրագործության բանակը» ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի եւ իր պարտիզանական խմբի պատմությունը։ Գեդիկյանը ներկայացնելով իր աշխատանքը՝ ծանոթացրեց նաեւ սյուժեին, օրինակ, ինչպես են տարբեր ազգի ներկայացուցիչներ, այդ թվում հայեր, գալիս Ֆրանսիա՝ «գտնելու ֆրանսիական հեղափոխության, լույսի ու ազատության երկիրը, բայց հանկարծ հայտնվում են ֆաշիստական լծի տակ»: Նա հատուկ շեշտեց, որ ֆաշիստական բանակը ոչ մի կապ չունի գերմանացի ժողովրդի հետ, իսկ ավելի ուշ խոստովանեց, որ այդ շեշտադրումն իր համար շատ կարեւոր է՝ մայրը գերմանուհի է:

Պատմությունը հայտնի է՝ երիտասարդ պարտիզանները ձերբակալվում են, հետո գնդակահարվում: Իսկ դրանից առաջ, նրանց բոլորի նկարները՝ անունների ու ազգության մասին գրությամբ, փակցվում են կարմիր պաստառի վրա, վրան էլ գրվում՝ «Ոճրագործների բանակ»: Այդ «նախաձեռնության» հեղինակներն ուզում են ասել, որ բոլոր այդ օտարերկրացիները, իրենց ղեկավար Միսակ Մանուշյանի հետ միասին, ավազակներ են, քանի որ պայքարում էին ֆրանսիական պետության դեմ: Ռ. Գեդիկյանը խոսեց Մանուշյանի՝ գերմանացիների կողմից գնդակահարվելուց ժամեր առաջ կնոջը գրած նամակի մասին: Ասաց, որ այն կարելի է դասել համաշխարհային պատմության եւ գրականության մեջ եղած ամենագեղեցիկ նամակների շարքում: Նա նաեւ հավելեց, որ Մանուշյանը կնոջը գրել էր, թե բոլորովին ատելություն չի տածում գերմանացի ժողովրդի հանդեպ:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ մեր օրերում, երբ այլ թեմաներ են, այսպես ասած, ավելի մոդայիկ, ինքը Ֆրանսիայի պատմության այդ դրվագին է անդրադարձել, ռեժիսորը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ երբեմն պետք է վերադառնալ պատմությանը, մանավանդ, եթե այն շատ կոնկրետ է: Համոզված եմ, որ ամենախաղաղ պայմաններում էլ մարդը կարող է կանգնել ընտրության առաջ՝ ներգրավվե՞լ, թե՞ ոչ՝ որեւէ շարժման մեջ… ֆիլմը չեմ նկարել նրա համար, որ մեզ հարց տանք, թե ինչ կանեինք նրանց փոխարեն»: Միսակ Մանուշյանին մարմնավորել է Սիմոն Աբկարյանը, ընտրությունն էլ պատահական չէ, Գեդիկյանը հատուկ է ազգությամբ հայի վստահել դերը:

Սերժ Ավեդիկյանն էլ խաղում է Շարլ Ազնավուրի հոր՝ Միշա Ազնավուրյանի դերը, նույնիսկ երգում է գուսան Շահենի «Այսօր ես իմ յարին տեսա» երգը, չնայած Ազնավուրյանը այդ երգը չի երգել, Սայաթ-Նովա է շատ սիրել:

Հարցին, թե Բեռլինի պատի քանդվելուց հետո արդյո՞ք ժամանակը չէ ֆրանս-գերմանական կոնֆլիկտի էջը շրջելու եւ ներկա կոնֆլիկտներով զբաղվելու, Ռ. Գեդիկյանը պատասխանեց, թե մեկը մյուսին չի բացառում. «Կարելի է ֆիլմեր անել ե՛ւ ներկայի մասին, ե՛ւ դիմել պատմական կոնկրետ օրինակների: Ինչո՞ւ երբեմն չվերաոսկեզօծել պատմական գեղեցիկ էջերը…»

«Առավոտի» հաջորդ հարցին՝ պատահականությո՞ւն է, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերայի համար ընտրվել են այն օրերը, երբ, այսպես ասած, հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացներ են ընթանում, ռեժիսորը պատասխանեց. «Այո, լրիվ պատահական է: Երեւանյան պրեմիերան, օրինակ, նոյեմբերի 29-ին է, արդյոք հիշո՞ւմ եք՝ դա ինչ օր է՝ Հայաստանի խորհրդայնացման օրն է… Ցավոք, ես չտեսա, որ Հայաստանում «պատը» փլվել է»: Մեր մյուս հարցին էլ պատասխանելով՝ նա ասաց. «Սահմանների բացման կողմնակից եմ, գտնում եմ, որ ցեղասպանությունը պիտի ճանաչվի, եւ այդ պրոցեսը կարագանա, որքան սահմանները ավելի շուտ բացվեն»:

Սերժ Ավեդիկյանն էլ ներկայացրեց իր նոր ֆիլմը՝ Կոստանդնուպոլսում 1900-ականներին կազմակերպված մի քանի տասնյակ հազար շների ջարդի մասին: Նաեւ հավելեց, որ այն ցուցադրվել է Թուրքիայի տարածքում: Իսկ ինչու հենց շների ջարդի եւ ոչ, ասենք, Ադանայի կոտորածի մասին ֆիլմ: Ս. Ավեդիկյանի խոսքով, իր ֆիլմը միջոց է Թուրքիայում որոշ փակ թեմաներով խոսելու համար: Նա հայտարարեց, որ իր նկարը դեռ Հայաստանում չի ցուցադրվել, որովհետեւ թուրք մտավորականներն ավելի հանդուրժող են ու ինչ-որ առումով լայնախոհ, քան հայերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել