Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ատելության միջնորդը

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"«Առավոտ» թերթի նախորդ հրապարակումը(«Կմեծանաս՝ կհասկանաս», 06.10.2009թ) որոշ վերապահումով ես համարեցի շահագրգիռ եւ դասագրքերի վերաբերյալ սրտացավ վերաբերմունքի արտահայտություն: Ցավոք, նույնը չեմ կարող ասել այս հրապարակման մասին («Կրկին դասագրքերի մասին», 11.11.2009թ.): Պատճառաբանեմ, թե ինչու: Նախ՝ շարադրանքը շատ հավակնոտ է եւ առանց որեւէ հիմնավորման: Երկրորդ՝ միակ օրապակաս մեջբերումով այդպիսի աշխարհացունց եզրակացություն անելը եւ հարայհրոց բարձրացնելը առնվազն լուրջ չէ: Երրորդ՝ հանիրավի եւ անհիմն մեղադրանքներ են հնչեցվել իմ գործընկերոջ մասին:

Նախ անդրադառնանք օրապակաս մեջբերմանը: Միշտ զարմացել եմ մարդկանց հնարամտության վրա, երբ ցանկանում են որեւէ վատ բան անել: Դասագրքի մասին վատ կարծիք ստեղծելու նպատակով շարադրանքի հեղինակը պարզապես հմտորեն խեղաթյուրել է առաջադրանքը, ներկայացրել ներքնաշորերով եւ ծաղր ու ծանակի առարկա դարձրել:

Չի կարելի տպավորություն ստեղծելու համար մեջբերել առաջադրանքի մի մասը միայն եւ այն էլ՝ առանց վերնագրի, որն առաջադրանքի փաստացի պահանջն է, առանց որի առաջադրանքը, իրոք, դառնում է անհեթեթ:

Ընթերցողին ասեմ, որ առաջադրանքի վերնագիր-պահանջն է «Պատասխանը հարցի մեջ», եւ հարցերից մեկն էլ, որը շարադրանքի հեղինակը միտումնավոր բաց է թողել, հետեւյալն է. «Ջրհորն ի՞նչ է»: Երեխան պիտի հարցի մեջ գտնի պատասխանը՝ հոր: Շատ պարզ, զվարթ, գեղեցիկ առաջադրանք է եւ, ըստ ուսուցիչների, երեխաներն անչափ սիրում են այդ առաջադրանքները: Այնուհետեւ ասեմ, որ այդ առաջադրանքներից շատ կան «Մայրենի-1» դասագրքում: Այնտեղ, առաջին անգամ ներկայացնելիս, պատասխաններն ընդգծված են հարցի մեջ, կամ համապատասխան օրինակով բացատրված է առաջադրանքի էությունը: Ի դեպ, նշեմ, որ հոդվածագրի բերած օրինակում՝ «գյուղացին» բառի մեջ «յուղ» տառակապակցությունը գունավորումով առանձնացված է՝ երեխային օգնելու եւ մյուս օրինակներն ինքնուրույնաբար կատարելու նպատակով:

Այնպես որ, դժվար է հավատալ, որ «առողջ մարդը չի կարող գտնել պատասխանները»: Ասենք, որ առաջադրանքը նաեւ զվարթացնող բնույթի է: Այն լուծելու համար երեխաները. 1) պետք է սեւեռեն իրենց ուշադրությունը հարցի մեջ պատասխանը փնտրելու համար, 2) պետք է գործադրեն իրենց հնարամտությունը, սրամտությունը, 3) առաջադրանքի «թաքցրած» լուծումը գտնելու համառություն դրսեւորեն, 4) մտածեն տրամաբանորեն, 5) կապ գտնեն երեւույթների միջեւ, 6) կարողանան բառի մեջ գտնել այնպիսի բառ, որը կարող է կապ ունենալ հարցի հետ եւ դառնալ լուծում, 7) ձեռք բերեն եւ ցուցադրեն աշխարհաճանաչողական գիտելիքներ եւ այլն:

Այս ամենը նախ եւ առաջ հասկանալ է պետք, գնահատելու ունակություն է պետք: Դասագրքի 22-23 հանդիպակաց էջերում (որտեղից հեղինակը «մեջբերում» է կատարել) կա 17 հարց ու առաջադրանք՝ բնագրի հետ կապված, լեզվական ընդհանուր ճանաչողական, արժեքային համակարգին առնչվող, խոսքի զարգացմանը միտված, երեխաների հնարամտությունն ու սրամտությունը զարգացնող, բնագրի շերտերը բացահայտող, ստեղծագործական ունակությունները զարգացնող եւ այլն: Այդ առաջադրանքներից ընտրելով մեկը եւ այդպիսի վայ-մեջբերում անելը ազնիվ չէ առնվազն, եւ առավել զարմանալի է այդ մի օրինակի վրա կառուցած թղթե տնակում կուտակված ատելության չափը:

Կրթության ազգային ինստիտուտի բաժնի վարիչ Կարինե Թորոսյանին անվանարկելը եւ նրա հասցեին անհիմն մեղադրանքներ կարդալը եւս համարում եմ տխուր եւ պղտոր տեղերից եկող իրողություն: Մարդը, «չարաշահելով իր պաշտոնեական դիրքը», հրաշալի դասագիրք է ստեղծել, ի՞նչ եք ուզում: Այսինքն, եթե մեկը տվյալ գործի մասնագետն է եւ պաշտոն ունի, չպիտի՞ դասագիրք գրի. սա ի՞նչ տրամաբանություն է: Հետո էլ ասում են, թե դասագիրք գրողները մասնագետ չեն:

Ինչ վերաբերում է երեւակայական ուսուցչին, պետք է պարզել.

ա. մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաներին նրա տիրապետելու աստիճանը,

բ. պետական չափորոշիչներին եւ ծրագրերին նրա տեղյակ լինելը եւ դրանք ուղենիշ ունենալու կարողությունը:

Վերջում նշեմ մի զարմանալի իրողության մասին. դասագրքերի վերաբերյալ բանիմաց դրական կարծիք տպագրելը գրեթե անհնարին է, հատկապես համապատասխան մամուլում: Իսկ վատ բան՝ խնդրեմ:

Ե՞րբ պիտի մեր լավով մենք ուրախանալ կարողանանք:

«Առավոտը», հավատարիմ մնալով իր սկզբունքներին, տպագրում է այս պատասխանը, իր կողմից նկատելով սակայն, որ եթե «տվյալ գործի մասնագետ-պաշտոնյան» աշխատում է այն հիմնարկում, որի գործառույթներից մեկն էլ դասագրքերին «կանաչ ճանապարհ» տալն է, ապա այստեղ եթե ոչ կոռուպցիոն ռիսկեր, ապա՝ հովանավորչության տարրեր հաստատ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել