Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկավարժականը կառուցել է Վարդանիկի պա՞պը

Նոյեմբեր 28,2009 00:00

Այսպես է հայտարարում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը

Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց քաղաքի ամենահին բուհի՝ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 75-ամյակը: Թեեւ օրը տոնական էր, սակայն ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն իր ելույթում ստիպված եղավ անդրադառնալ նաեւ բուհի հիմնախնդիրներին. 21 տարի շարունակ պետական բյուջեից գրոշ անգամ չի նախատեսվում մանկավարժականի՝ ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող հին շենքի վերանորոգման համար: Տեղեկացնենք, որ հին շենքը վթարային է դարձել երկրաշարժից ու այդպես էլ մինչեւ օրս կիսավեր վիճակում է, իսկ բուհի ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում ուսանողներին, եւ ռեկտորատը ստիպված լսարաններ է սարքում միջանցքների հաշվին: Երկրորդ խնդիրը կապված էր մանկավարժականի՝ Գյումրիի պետական համալսարան դառնալու ցանկության հետ: Քանի որ ռեկտորի խոսքն ուղղված էր կրթության եւ գիտության նախարարին, Արմեն Աշոտյանը բեմ բարձրացավ ու խոստացավ. «Թեեւ շնորհավորանքների ու մաղթանքների օր է, բայց ռեկտորը երկու խնդիր բարձրացրեց, ես Արմեն Աշոտյանը չլինեմ, որ չփորձեմ լուծել»: Տոնակատարության ժամանակ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը եւս վատ զգաց, որ մանկավարժականի շենքի հարցը ինչպես որ մտցնում, այնպես էլ դուրս են հանում պետական բյուջեից: Ըստ մարզպետի, այս հարցը անցած տարի եւս ներկայացվել է պետական բյուջեի քննարկմանը, բայց ճգնաժամի պատճառով դուրս է մնացել: «Միջպետական պայմանագիր կա, որ այն պիտի վերանորոգի Ռուսաստանի Դաշնությունը, մանկավարժականն էլ, բնականաբար, որոշակի ներդրումներ կանի»,- ասաց Լիդա Նանյանը: Չնայած այս թեմայով հազար ու մի պատգամավորներ ու նախարարներ խոսեցին, սակայն ամենակրքոտը Գյումրու քաղաքապետի ճառն էր: Վերջինս խնդրին ոչ միայն յուրատեսակ լուծում առաջարկեց, այլեւ ենթատեքստով Գյումրին անտեսելու համար մի լավ նախատեց մայրաքաղաքի բարձրաստիճան հյուրերին: Վարդան Ղուկասյանը նախեւառաջ հանդես եկավ որպես պատմաբան: Տեղեկացնենք, որ քաղաքապետը եւս Գյումրիի մանկավարժականի շրջանավարտ է. անցած տարի ավարտեց բուհի պատմաբանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը, իհարկե՝ ակադեմիկոսի կոչում ստանալուց հետո: «Մի մոռացեք, որ հանրապետության առաջին համալսարանը հիմնադրվել է Ալեքսանդրապոլում՝ 1919թ.-ին, էն ժամանակ ոչ Երեւան կար, ոչ էլ երեւանցի, Երեւանը դեռ չէր էլ ձեւավորվել, բայց էսօր խայտառակություն է, որ Կամոյի պես քաղաքը պիտի պետական համալսարան ունենա, իսկ Գյումրին՝ ոչ: 7–րդ դարում Դպրավանքը գտնվել է Գյումրիում, հետո Դպրավանքի տեղը Տուրբազայի շենքը կառուցեցին. իհարկե, էստեղ պատմաբանները մեծ գործ ունեն անելու: Նորից եմ կրկնում՝ կրթությունը Գյումրիից է սկսվում, բայց տես, որ անցած օրը հաղորդավարը բարի չգտնվեց ասեր, որ աշխարհի չեմպիոն դարձած Նազիկ Ավդալյանը գյումրեցի է: Ես ուզում եմ Աստվածաշնչից մի օրինակ բերել. «Ով գիրն ու գրականությունն է արհամարհում, նա արհամարհում է Աստծուն»: Օրինակ, մանկավարժականի ու 6-րդ դպրոցի շենքերը իմ պապն է կառուցել՝ Ղուկասյան Հակոբը, ես նրա պատվին կվերանորոգեմ մանկավարժականի երկու-երեք լսարան: Վերանորոգեք շենքը այնպես, ինչպես վերանորոգում ենք քաղաքապետարանի շենքը. վերջը իմ օրոք այս քաղաքում 15 000 բնակարան է կառուցվել: Դուք գիտեք, որ պետական բյուջեից քաղաքապետարանի նոր շենքի վերանորոգման համար կոպեկ չի հատկացվում, բայց գիտե՞ք՝ ես ոնց եմ կառուցում, քաղաքապետարանի ամեն մի պաշտոնյայի ասել եմ՝ դուք կառուցեք ձեր կաբինետը, եւ ինչպես ամեն պաշտոնյա իր կաբինետն է կառուցում, թող նույն ձեւի կառուցվի մանկավարժականը: Տա Աստված, որ Ռուսաստանը օգնի, բայց պետք չէ նստել, սպասել, թե երբ ինչ կլինի»,- ռեկտոր Գրիգորյանին խորհուրդ տվեց քաղաքապետ Ղուկասյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել