Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առգրավվել է Նոբելյան մրցանակը

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Իրանի իշխանություններն առգրավել են իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադիի՝ 2003թ.-ին ստացած խաղաղության Նոբելյան մրցանակը՝ մեդալը: Նա առաջին մուսուլման կինն էր, որ արժանացել էր այդ պատվին, իսկ մեդալի առգրավումը, «Associated Press»-ի մատուցմամբ, մրցանակի հիմնադրումից ի վեր՝ 108 տարիների ընթացքում առաջին դեպքն է: Շիրին Էբադին Իրանում առաջին կին դատավորն էր, որը ներկայումս ապրում է Լոնդոնում: Նրան շնորհված Նոբելյան մրցանակ մեդալը պահվել է իրանական բանկերից մեկում: Հենց այնտեղից էլ երեք շաբաթ առաջ մրցանակն առգրավվել է: Էբադին այդ մասին հայտարարել է ուրբաթ օրը, երբ պարզվել է, որ չհրկիզվող արկղից առգրավվել է նաեւ Պատվո լեգեոնի նրա շքանշանը:

Ավելի վաղ Իսլամական Հանրապետությունն արդեն սկսել էր հետապնդել իրավապաշտպանին՝ նրա ծավալած գործունեության համար. նրա հարազատներին սպառնացել, իսկ անցյալ տարի էլ իրավապաշտպանի գրասենյակից առգրավել էին բոլոր փաստաթղթերը: Նորվեգիայի (Նոբելյան մրցանակները շնորհվում են այս երկրում) արտգործնախարարը Իրանի իշխանությունների գործողությունները որակել է որպես՝ ապշեցուցիչ: Նորվեգիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածի առնչությամբ Իրանին բողոքի պաշտոնական նոտա է հղել: Օսլոն նաեւ «խորը մտահոգություն» է հայտնել Էբադիի ամուսնու ճակատագրի առնչությամբ, որն այս տարվա աշնանը Թեհրանում ծեծվել եւ ձերբակալվել էր: Նորվեգիայի նոբելյան հանձնաժողովը մրցանակի առգրավումը գնահատել է որպես՝ չլսված եւ անընդունելի քայլ: Հանձնաժողովը մտադիր է մինչեւ այս շաբաթվա վերջը պաշտոնական Թեհրանին գրավոր բողոք ներկայացնել: Իրանի իշխանությունները վստահեցնում են, որ Շիրին Էբադին Նոբելյան մրցանակից երկրի բյուջեին չի մուծել 410 հազար դոլար: Մրցանակի դրամական արժեքը կազմում է 1,3 մլն դոլար: Իրավապաշտպանն իր հերթին հայտարարել է, թե նման մրցանակները օրենքով չեն հարկվում: Էբադիի եւ նրա ամուսնու բանկային հաշիվներն Իրանում սառեցվել են, Իրանի իշխանությունները փորձում են առգրավել նաեւ նրա տունը: Հիշեցնենք, որ իրավապաշտպանը քննադատել էր Իրանի կառավարությանը՝ հունիսին կայացած նախագահական ընտրություններից հետո ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել