Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԳԱՏԷ-Ն ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵՑ

Նոյեմբեր 28,2009 00:00

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, բանաձեւ է ընդունել, որով դատապարտել է Իրանին՝ միջազգային հանրությունից ուրանի հարստացման օբյեկտների գոյությունը կոծկելու համար: ՄԱԳԱՏԷ-ն Իրանից պահանջել է գաղտնի օբյեկտում աշխատանքն անհապաղ դադարեցնել: «BBC»-ի փոխանցմամբ, սա վերջին չորս տարվա ընթացքում առաջին դատապարտող բանաձեւն է, որն ընդունվել է 25 «կողմ», 3 «դեմ» եւ 6 «ձեռնպահ» ձայներով:

Նոյեմբերին ՄԱԳԱՏԷ-ն Թեհրանից պահանջում էր մանրամասն տեղեկություններ տրամադրել, թե Իրանն ինչպես է պատրաստվում օգտագործել Կում քաղաքի մոտ գտնվող իր միջուկային օբյեկտը, որի գոյությունը երկար ժամանակ Իրանը գաղտնի էր պահել: Գործակալության զեկույցում շեշտվել է, որ Թեհրանն ուշացումով է խոստովանել Կումի մոտ նման օբյեկտի գոյության մասին, իսկ դա կարող է նշանակել, որ Իրանը նաեւ այլ գաղտնի նախագծեր ունի:

Իրանական կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ընդունած բանաձեւը վտանգում է Իրանի եւ վեց տերությունների միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանը նաեւ զգուշացրել է, որ այդ բանաձեւի լույսի ներքո ինքը կքննարկի ուրանի հարստացման խնդիրը լուծելու նաեւ «այլ տարբերակներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել