Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵԼ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՆՎԵՆ

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Եթե անգամ այդ երեխաներից հրաժարվել են

Բելառուսում իրենց երեխային տուն-ինտերնատ (գիշերօթիկ դպրոցներ) հանձնած ծնողերին պետությունը տեղավորում է աշխատանքի՝ հիմնականում անտառներում ծառեր կտրելու, որպեսզի նրանք այդ աշխատանքի դիմաց ստացած գումարը վճարեն իրենց երեխաների խնամքն ու կրթությունն ապահովող հաստատություններին։ Այս մասին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող «Երեխաների խնամքի ռեֆորմների բարեփոխումներ» համաժողովի ժամանակ ասաց Բելառուսի կրթության նախարարության սոցիալական եւ դաստիարակչական աշխատանքի ղեկավարման բաժնի պետ Վիկտոր Յակժիկը։ Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով մի շարք երկրների քաղաքացիներ զրկվեցին իրենց աշխատանքից, սակայն, ինչպես Վ. Յակժիկն է հավաստիացնում, իրենց մոտ աշխատանք շատ կա. Բելառուսում գործազրկությունը 1%-ից էլ ցածր է։

Իսկ Ուկրաինայի ընտանեկան հարցերի, երիտասարդության եւ սպորտի նախարարության որդեգրման եւ երեխաների իրավունքների պաշտպանության պետական դեպարտամենտի տնօրեն Լյուդմիլա Վոլինեցը, ներկայացնելով իրենց տուն-ինտերնատների ֆինանսավորումը՝ ասաց, որ ամեն երեխայի համար բյուջեից հատկացվող գումարի ընդամենը 10%-ն է ծախսվում երեխայի իրական կարիքների վրա, քանի որ իրենց մոտ այս ոլորտի ֆինանսական համակարգն այնքան բարդ է, որ իրենք դա անվանում են սարդոստայն։ «Բացի այդ, այս համակարգը թափանցիկ չէ, ոչ մի կերպ չի երեւում, թե հատկացված գումարի որքան տոկոսն է ծախսվում հաստատության, որքանը՝ այլ ծառայությունների վրա։ Այս համակարգը հիմա էլ է գործում, սակայն մենք ցանկանում ենք այն փոխել։ Մշակել ենք նոր մոդել, որը դեռ չի հաստատվել կառավարության կողմից»,- ասաց Լյուդմիլա Վոլինեցը։

Մոլդովայի «Յուրաքանչյուր երեխա» կազմակերպության ղեկավար Ստելլա Րիգորասն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց երկրում լուրջ համակարգ են մշակել, ինչի շնորհիվ իրենց բոլոր 900 գյուղերում կան սոցիալական աշխատողներ, որոնք, բացի սոցիալական աշխատանքից, զբաղվում են նաեւ երեխաների հիմնախնդիրներով. «Սա մեզ օգնում է՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին կամ նրանց սոցիալական վիճակի հետ կապված պրոբլեմները շուտ հայտնաբերել»։

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանն էլ ներկայացրեց, որ արդեն 2 տարի է, ինչ մեր երկրում գործող 17 գիշերօթիկ դպրոց վերակազմավորվել է։ Այս դպրոցներից 10-ը դարձել է հանրակրթական, իսկ 7-ը՝ վերածվել այդ դպրոցներում սովորող երեխաների համար գիշերային խնամքի կենտրոնի։ «Այս վերակազմավորման շնորհիվ 4 հազար աշակերտ վերադարձան իրենց կենսաբանական ընտանիքներ»,- ասաց պրն Բերիկյանը։

Նշենք, որ այս համաժողովը կազմակերպել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՊՀ/ԿԱԵ (Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպա) տարածաշրջանային գրասենյակը եւ Մոլդովայի կառավարությունը։ Համաժողովն արդեն հինգերորդ անգամ է կազմակերպվում մեր տարածաշրջանում, որին մասնակցում են Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի եւ Հայաստանի սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտի պատասխանատուները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել