Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է, մետրոն էլ ծաղր է

Նոյեմբեր 28,2009 00:00

«Ի՞նչ ենք տեսնում մեր քաղաքում՝ գերծանրաբեռնված տրանսպորտ, տրանսպորտային միավորների չափազանց մեծ խճողում, անհարմարություններ ե՛ւ տրանսպորտի, ե՛ւ սպառողների երթեւեկելու առումով, բայց արժանապատվության հարցն է այստեղ կարեւոր, ինչպե՞ս կարելի է՝ հայ մարդը ողնաշարը յոթ տակ ծալված երթեւեկի, երբ կան հնարավորություններ արժանավայել, այսինքն՝ մեծ տարողություն ունեցող տրանսպորտային տեսակներ՝ ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ, մետրո շահագործել»,- երեկ մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով. «Բոլորս գիտենք, որ տրամվայը վերացվեց կամային որոշումով, ոչ թե տնտեսական մրցակցության, հարաբերակցության, բնական կերպով, տրոլեյբուսն էլ է գտնվում հոգեվարքում, այն տրոլեյբուսները, որ տեսնում ենք՝ նախ քիչ են, հետո էլ երթեւեկում են կիսադատարկ կամ բացարձակ դատարկ, մետրոյի մասին էլ չի կարելի չասել: Այն ընդամենը տասը միավոր շարժակազմ ունի, յուրաքանչյուրը երկու վագոնից բաղկացած, այսպիսի մետրոն ծաղր է»: Պարոն Պողոսյանը ներկայացրեց նաեւ իրենց անցկացրած մոնիտորինգի արդյունքները. «Երեանի գլխավոր հատակագիծը ամրագրել է, որ 19,2% պետք է կազմի միկրոավտոբուսների տեսակարար կշիռը երթեւեկության մեջ, մնացած 80%-ը պետք է լինեն մյուս տրանսպորտային տեսակները, մեզ մոտ ցուցանիշները ճիշտ հակառակն են, ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, որ այդ ցուցանիշները մենք կունենանք Քրիստոսի երկրորդ գալստյանը»:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանն էլ հակադարձեց, թե մեծ տարողություն ունեցող տրանսպորտի տեսակներ ներկրելը հեշտ չէ. «Այսօրվա դրությամբ ներկրվել է 384 միավոր ավտոբուս, որից գիծ է դուրս գալիս 280-ը: Ինչ վերաբերում է վերգետնյա էլեկտրատրանսպորտին, այսօրվա դրությամբ ունենք 100 միավոր տրոլեյբուս, վերջին երկու տարում ներկրել ենք եւս 36 նոր տրոլեյբուս»: Պարոն Հակոբյանի խոսքով, ինքը երթեւեկում է տրոլեյբուսով, բայց «երիտասարդությունը կխցկվի միկրոավտոբուսում եւ ուշադրություն չի դարձնի տրոլեյբուսին, հոգեբանության հարց է»: Պարոն Պողոսյանն էլ չհամաձայնեց այդ տեսակետին. «Հարգելիներս, ինչպե՞ս պատահեց, որ Փարիզում եւ մնացած քաղաքներում տրոլեյբուսը գերադասում են, իսկ մեզ մոտ՝ ոչ: Կոմիտասով եկող տրոլեյբուսի երթուղին էլ ավարտվում է հենց Կոմիտասի փողոցի ավարտին, մինչդեռ այն պետք է Բաղրամյանով իջներ Կենտրոն, ինչպես միշտ եղել է. այսինքն, այժմ այդ տրանսպորտը ոչ մի տեղ չի տանում, ո՞վ կնստի»:

Պարոն Հակոբյանն ասաց, որ քաղաքապետարանը մշակում է նոր երթուղային տրանսպորտի ծրագիր, որի համար անհրաժեշտ է 800 միավոր ավտոբուս: Նրա խոսքով, այդ ծրագիրը քննարկման փուլում է, քանի որ ավտոբուսների ներկրման հարցով զբաղվում են մասնավոր ընկերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել