Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փեսան հարսի մատին փող է դնելու

Նոյեմբեր 28,2009 00:00

Հայաստանում ոսկու գների թանկացումը, մասնագետների գնահատմամբ՝ աննախադեպ է:

«Հիմա ոսկու առեւտուրն այնքան վատ է, որ եթե այսպես շարունակվի, մենք ավելի լավ է թարգենք ոսկերչությունն ու բոլորս դառնանք կոշկակարներ: Ով մտնում է շուկա ոսկի առնելու, գները լսելով, հարձակվում է վրեքներս, թե ձեր հոր գինն եք դրել, չեք տեսնո՞ւմ՝ ժողովուրդն ինչ վիճակի մեջ է, օգտվում եք առիթից, որ առանց ոսկու հարսանիքներ չեն լինի ու ուզում եք միանգամից հարստանալ: Մենք չենք կարող ամեն մտնող-հելնողին բացատրել, որ էդ անտեր ոսկին մենք էլ ենք նույնքան թանկ գնում ու չենք կարող ձրի բաժանել ժողովրդին»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Սեբաստիայի փողոցում գտնվող ոսկու շուկայի վաճառականներից մեկը:

Այս տարի Հայաստանում ոսկու գներն այնքան են բարձրացել, որ, մասնագետների գնահատմամբ՝ այդ թանկացումները նույնիսկ համարվում են աննախադեպ: Ոսկու գինը սկսեց հիմնականում բարձրանալ սեպտեմբերից: Մինչ այդ՝ շղթայի մեկ գրամն արժեր 17 դոլար, հիմա 25 դոլար է, իսկ «չերվոնի» գինը 39-40 դոլար է, իսկ հուլիս-օգոստոս ամիսներին 25-27 դոլար էր:

Ոսկու շուկայի վաճառականների շրջանում լուրեր են տարածվել, որ Ամանորից հետո՝ հունվարին, ոսկու գները նորից բարձրանալու են, այսինքն՝ առաջիկայում չպետք է սպասել, որ ոսկու գինը կնվազի: Ավելին՝ ըստ մասնագետների, նրանք, ովքեր գումար ունեն, կարող են մտնել ոսկու բիզնես ու մի քանի ամսում լուրջ գումարներ վաստակել. «Եթե հիմա մարդը փող ունենա, կարող է մեծ քանակությամբ ոսկի գնել ու հունվարին այն վաճառել, հսկայական օգուտ կունենա: Հիմա «չերվոնի» մեկ գրամը 40 դոլար է, եւ ըստ տարբեր հաշվարկների, հունվարին դառնալու է 50 դոլար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կարգի շահույթի մասին է խոսքը»:

Ներկայումս ընդհանուր առմամբ, ըստ ոսկու շուկայի վաճառականների, բարձր գներով պայմանավորված՝ ոսկու առեւտրի շրջանառությունը փոքրացել է. «Եթե նախկինում հարսանիքի համար նվերացու մատանի փնտրողները 100 դոլարով 2 գրամանոց նորմալ մատանի էին գնում՝ ե՛ւ ոսկու քաշն էր տեղը լինում, ե՛ւ որպես զարդ արժեքավոր էր լինում, հիմա երկար պետք է շուկայում փնտրեն, որ այդքան գումարով ամենաշատը 1-2 գրամանոց անկապ գործ գտնեն, այնքան որ՝ դատարկ ձեռքով հարսանիքի չգնալու համար: Եթե ոսկու գները շարունակեն բարձրացնել, մարդիկ կսկսեն իրենց հարսին ու փեսային ոսկու փոխարեն հարսանիքին պարացնելով՝ փող կամ 100 դոլարին համարժեք ուրիշ նվեր տալ, ոչ թե բարակ ու ծռմռվող մատանի»: Մեր այն դիտարկմանը, որ հենց ոսկին թանկանում է՝ հայ ոսկերիչներն ավելի շատ մեքենայություններ են անում ու ոսկու մաքրության, քաշի հաշվին գինը թողնում են նույնը՝ շուկայի բոլոր վաճառականները միանգամից սկսեցին արդարանալ, որ կոնկրետ իրենց մոտ «կեղտոտ» կամ ոսկու հետ պղինձ խառնած գործ չեն գտնի. «Այո՛, շատերը հենց այդպես են աշխատում, միամիտ գնորդներն էլ գալիս-ասում են, որ նույն շղթան, նույն մատանին ավելի բարձր քաշով՝ ավելի էժան են տեսել: Միայն մենք՝ մասնագետներս ենք հասկանում, թե այստեղ ով ոնց է աշխատում: Քանի որ սպիտակ ոսկին ավելի թանկ է գնահատվում, մարդիկ տեսնում են սպիտակ ոսկու էժան գործ՝ խաբվում են, մինչդեռ մի քանի ամիս օգտագործելուց հետո հասկանում են, որ դա մեր հին դեղին ոսկին է՝ ուղղակի սպիտակ գունավորած»:

Նշենք, որ միջազգային բորսայում ոսկու գինը 1 ունցիայի համար կազմել է 1186 դոլար: Մասնագետների գնահատմամբ՝ Հնդկաստանն Արժույթի միջազգային հիմնադրամից մեծ քանակությամբ ոսկի է պատրաստվում գնել եւ դրանով էլ պայմանավորված՝ ոսկին հիմա թանկացել է: Վերջերս Հնդկաստանն ԱՄՀ-ից արդեն 200 տոննա ոսկի է գնել՝ 6.7 մլրդ դոլարով: Բացի Հնդկաստանից, ոսկու գնի թանկացումը կախված է նաեւ դոլարի փոխարժեքի տատանումներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել