Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԵՂՄԱՑԵԼ ԵՆ ՈՒ ԲԱՐԻԱՑԵԼ

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Ըստ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի, վրացիները մտավախություն ունեն, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ՝ կկորցնեն տարածաշրջանում տարանցիկ երկրի մենաշնորհը:

Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի հետ, կարծես թե, իրատեսական է դառնում նաեւ «Վերին Լարսի» հսկիչ անցակետի բացումը: Սա քաղաքական գործիչները պայմանավորում են նրանով, որ Վրաստանը չի ցանկանում տարածաշրջանում կորցնել իր տարանցիկ դիրքը: Ավելին, եթե նախկինում Վրաստանը թելադրողի դիրքերից էր հանդես գալիս, ապա այսօր նույնիսկ պատրաստ է զիջումների: Եվ եթե 3 տարի առաջ Ռուսաստանը «Վերին Լարսի» անցակետը փակել էր վերանորոգման պատճառաբանությամբ, եւ դրա հետ մեկտեղ վրացական ապրանքների փոխադրմանը արգելք էր դրել, ապա այսօր Վրաստանը համաձայն է նույնիսկ անցակետը բացել միայն հայկական բեռնափոխադրողների համար: Այսինքն՝ անցակետը բացվի, թեկուզ եւ վրացական ապրանքներ չտեղափոխվեն Ռուսաստան: Անշուշտ, ոչ միայն Հայաստանին, Վրաստանին, այլ նաեւ ռուսական կողմին էլ է ձեռնտու անցակետի բացումը, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո, Հայաստանն արդեն ոչ թե Ռուսաստանով դուրս կգա եվրոպական շուկա, այլ՝ Թուրքիայի ճանապարհներով:

ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի կարծիքով, քանի դեռ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է, ապա վերջինս կողմ է, որ Հայաստանը շրջափակումից դուրս գա: Մեր այն դիտարկմանը, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո բեռնափոխադրումներն ավելի էժան կլինեն հայ գործարարների համար, եւ մի՞թե հայերը կընտրեն ավելի թանկ՝ «Վերին Լարսի» ճանապարհը, պարոն Թորոսյանն ասաց. «Եթե երբեւէ բացվի հայ-թուրքական սահմանը, ապա վրացիները ստիպված կլինեն ավելի նպաստավոր եւ էժան պայմաններ ստեղծել Հայաստանի համար: Ես որքան զրուցել եմ հայ գործարարների հետ, նրանք պնդել են, որ վրացական տրանզիտ փոխադրումները շատ ավելի թանկ են. աշխարհի որ ծայրից էլ ապրանք են բերում՝ մինչեւ Փոթի բերելն ավելի էժան է, քան Փոթիից մինչեւ Երեւան: Դա Վրաստանի գերիշխող դիրքի չարաշահման արդյունք է: Հիմա վրացիներն ավելի մեղմացել են, բարիացել, որովհետեւ գերիշխող դիրքը կորցնում են: Իսկ նրանք, զուտ բեռների տարանցիկ փոխադրումից, հսկայական շահույթներ են ստանում»:

«Առավոտի» հարցին, թե պատգամավորի կարծիքով, Վրաստանն իրո՞ք պատրաստ է «քարը փեշից թափել» ու Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսել, Շ. Թորոսյանը պատասխանեց. «Բացառված է, որ հենց Հայաստանի համար Վրաստանը մի բան անի: Միջպետական հարաբերություններում եւ արտաքին քաղաքականության մեջ բարոյականություն, խիղճ, գեղեցիկ սկզբունքայնություն գոյություն չունի, կան միայն պետական եւ ազգային շահեր: Եթե հաշվի առնենք վերջին տարիների հայ-վրացական հարաբերությունների դինամիկան, ապա դրանք մեր շահերից չեն բխել: Այս պահին չեմ կարող պնդել, որ Վրաստանը բարի կամք է դրսեւորում: Սա արվում է հանուն այն բանի, որ Վրաստանը չզրկվի նաեւ հայկական տարանցիկ փոխադրամիջոցների եկամուտներից»: Բացի այդ, Վրաստանն իրոք ձգտում է պահպանել իր տարանցիկ երկրի կարգավիճակը, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո, ըստ Շ. Թորոսյանի, Հայաստանն էլ կարող է Վրաստանի հետ կոմունիկացիայի առումով մրցակցել. «Հարավկովկասյան տարածաշրջանում Վրաստանի դոմինանտ դերը կվերանա: Հայաստանը մշտապես Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռյակի կողմից դուրս էր մղվում հատկապես կոմունիկացիոն առումով, այժմ կդառնա հիմնական տարանցիկ երկիր: Անիմաստ է դառնալու Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի կառուցումը եւ գործելու է Կարս-Գյումրի երկաթգիծը, որով մեր աշխարհաքաղաքական դիրքը կփոխվի»:

Նշենք, որ վերջերս Վրաստանի պաշտոնական շրջանակներում լուրջ քննարկումներ են ընթացել «Վերին Լարսի» բացման շուրջ, Հայաստանի նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունեցել ռուսական եւ վրացական կողմերի միջեւ, անցակետի վերանորոգման աշխատանքներն էլ ավարտված են: Չնայած դրան՝ այս գործընթացում ոչ մի առաջընթաց չի նկատվում: Ըստ պարոն Թորոսյանի, դա նշանակում է, որ այս հարթության վրա դեռեւս համաձայնություններ չեն եղել:

Մեր այն հարցին, եթե անցակետը բացվի, կա՞ երաշխիք, որ մի քանի ամիս հետո, ռուս-վրացական հարաբերությունների սրման արդյունքում, այն կրկին չի փակվի եւ Հայաստանը կրկին չի տուժի, պարոն Թորոսյանն ասաց. «Երաշխիք չկա, ամեն ինչ հնարավոր է: Երաշխիքը մեր տարածաշրջանում բնականոն փոխհարաբերություններն են: Վրաստանը, հատկապես ճգնաժամի ընթացքում, տարանցիկ փոխադրումներից գոյացող եկամուտների կարիք ունի: Երեք կողմերն էլ շահագրգռված են, որ անցակետը բացվի եւ պահպանվի, եթե, իհարկե, բացվի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել