Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՀԱՄԱՐ ՏԵՂ ՉԳՏՆՎԵՑ ԱՆԳԱՄ ԲՋՋԱՅԻՆ TV-ՈՒՄ

Նոյեմբեր 28,2009 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իրեն ապահովագրելով՝ նախընտրել է համագործակցել միայն հեռարձակման արտոնագրի հիման վրա եթեր հեռարձակող հեռուստաընկերությունների հետ:

Նոյեմբերի 12-ին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարեց, թե Հայաստանում առաջին անգամ ներկայացնում է «Բջջային հեռուստատեսություն», եւ կարելի է դիտել հեռուստահաղորդումներն անմիջապես հեռախոսից: Իրական ժամանակում արդեն իսկ կարելի է «Բջջային հեռուստատեսությամբ» դիտել 12 ալիքներ: Այս նախագծի նկատմամբ հետաքրքրություն է հանդես բերել նաեւ «Ա1+»-ը: Ինչպես մեզ պատմեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից իրենց ուղարկել էին փոխըմբռնման հուշագիրը, որը պետք է կնքվեր կողմերի միջեւ: Եվ այդ փաստաթղթից պարզվել էր, որ «Ղ-Տելեկոմ» ընկերությունը, որն ինքնին հայաստանյան արտոնագրված էլեկտրոնային հաղորդակցության օպերատոր է եւ իրավունք ունի ապահովել «տեսալսողական բովանդակության փոխանակման հնարավորություն»՝ այնուամենայնիվ, նախատեսում է «Բջջային հեռուստատեսության» համար իբրեւ գործընկեր ունենալ միայն այն հեռուստաընկերությունը, որը հեռուստառադիոհեռարձակման արտոնագիր ունի եւ «իրականացնում է տեսալսողական բովանդակության հեռարձակում»: Իսկ «Ա1+»-ը, ինչպես հայտնի է՝ 2002 թվականին զրկվեց 37 կապուղով հեռարձակման հնարավորությունից՝ ՀՌԱՀ-ի չհիմնավորված որոշման հետեւանքով:

Նույն հուշագրի համաձայն՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «ցանկանում է ապահովել տարբեր տեսակի տեսալսողական բովանդակության հասանելիությունն իր հանրային էլեկտրոնային կապի բաժանորդների համար»: Չստանձնելով որեւէ պատասխանատվություն բովանդակության համար՝ այն միայն ընդունում է, փոխակերպում «այնպիսի էլեկտրոնային ձեւի, որը պիտանի է ինտերնետային տեխնոլոգիաների կիրառմամբ դրա հասանելիությունն ապահովելու համար» եւ իր բաժանորդներին հասանելի է դարձնում: «Հեռարձակողն այս դեպքում ինքն է՝ իրե՛ն է պետք արտոնագիր: Մեզ՝ բովանդակություն արտադրողին, արտոնագիր տվյալ դեպքում պետք չէ»,- ընդգծեց Մեսրոպ Մովսեսյանը:

Նաեւ պատմեց, թե «ՎիվաՍել»-ից ասել են, թե այդ արտոնագիրը պետք է իրենց ապահովագրելու համար. «Մենք նրանց բացատրեցինք, թե օրենքով իրենք պարտավոր չէին արտոնագիր պահանջել: Հետո ես պարզեցի, թե երբ նրանք հեռարձակման հարցով դիմել են Գրիգոր Ամալյանին՝ նա է ասել՝ միա՛յն արտոնագրված հեռուստաընկերությունները: Եվ «ՎիվաՍել»-ի իրավաբանն էլ, առանց խորանալու օրենքի մեջ՝ այդպես էլ գրել է հուշագրում»:

Ըստ այդմ՝ ո՞րն էր անհրաժեշտությունը «Բջջային հեռուստատեսության» համար պահանջել արտոնագիր, երբ այն օրենքով պարտադիր է ոչ թե հեռախոսներով, այլ հեռուստահեռարձակման համար նախատեսված կոնկրետ կապուղու համար՝ մեր այս հարցին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը պատասխանեց. «Բջջային հեռուստատեսություն» նախագիծը ներկայումս գործում է թեստային ռեժիմով, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդներին ապահովում է իրենց 3G բջջային հեռախոսների միջոցով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան հեռարձակման լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների կողմից եթեր հեռարձակվող հաղորդումների հասանելիությունը: Ինչ վերաբերում է «Ա1+»-ին, ապա անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերջինս չի հեռարձակվում եթեր եւ չունի համապատասխան արտոնագիր»: Վահե Իսահակյանը մեր հարցին ի պատասխան ժխտեց, թե ՀՌԱՀ-ն էր իրենց պարտադրել պահանջել նման արտոնագիր. «Ոչ: Դա ի սկզբանե եղել է մեր սկզբունքը՝ համագործակցել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան հեռարձակման լիցենզիայի հիման վրա եթեր հեռարձակող հեռուստաընկերությունների հետ»:

AmalyanՀեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը մեր նույն հարցին՝ չէ՞ որ արտոնագիրը տրամադրվում է հեռուստահեռարձակման համար նախատեսված կոնկրետ կապուղու համար եւ չի կարող վերաբերել հեռարձակման ընդհանրապես բոլոր այլ ձեւերին՝ ասաց. «Հեռուստահեռարձակումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես գործունեության ձեւ, եւ ըստ էության՝ հեռուստահեռարձակող համարվում են օրենսդրությամբ արտոնագրված ընկերությունները: Բնականաբար, ե՛ւ մալուխային հեռարձակողները, ե՛ւ «բջջային» հեռուստատեսությունները, բովանդակության համար պատասխանատվության տեսակետից՝ նախընտրում են համագործակցել արտոնագրված հեռուստաընկերությունների հետ»:

Մեր հիշեցմանը, թե Հայաստանի օրենսդրությունն առայժմ չի տարբերակում բովանդակություն արտադրողներին հեռարձակողներից (թեեւ նման առաջարկ կա «Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման» հայեցակարգում, որ իրավական տեսանկյունից հստակորեն տարանջատեն զուտ բովանդակության արտադրողներին՝ ծրագրեր ստեղծողներին դրանք հաղորդողներից)՝ Գրիգոր Ամալյանն այսպես արձագանքեց. «Այսուհանդերձ՝ հեռուստահեռարձակման համար օրենսդրական պահանջներ կան: Ենթադրենք՝ հանկարծ լինի խախտում բջջային հեռարձակման ժամանակ՝ ո՞վ է դառնալու դրա պատասխանատուն: (Այս հարցին ոլորտի փորձագետներից մեկը պատասխանեց՝ պատասխանատուն կլինի խախտում թույլ տված իրավաբանական անձը.- Ա. Ի.): Դրա համար էլ նախընտրում են, որ բովանդակային հեռարձակում անի հեռարձակման իրավունք ունեցողը: Իսկ մեր օրենքը շուտ է գրվել եւ ժամանակին չի նախատեսել տեխնիկական փոփոխությունները՝ բջջային, IP կամ այլ հեռարձակումները, եւ ընդամենն ընդհանրական սահմանումներ է տվել՝ մասնավորապես հեռուստահեռարձակման վերաբերյալ: Ես էլ եմ գտնում, թե արժեր այժմ մի քիչ նրբերանգներ նախատեսել»:

Հիմա շատ ԶԼՄ-ներ՝ aysor.am-ը, 7or.am-ը, «Ազատություն» ռ/կ-ն, նույն «Ա1+»-ն իրենց կայքէջերում տեղադրում են տեսանյութեր: Ավելին՝ SMS ուղարկելով, «Ա1+»-ի տեսանորությունները կարելի է դիտել նաեւ բջջայինով: Ու դեռ լավ է, որ չեն փորձում այս ամենի համար եւս պահանջել հեռարձակման արտոնագրեր: ՀՌԱՀ նախագահը նշեց, թե այս դեպքում ավելի ճիշտ կլիներ օգտագործել «տեսաշտեմարան» արտահայտությունը. «Հեռուստաընկերությունն իրական ժամանակում կոնկրետ ծրագիր է հեռարձակում, եւ դիտողը նայում է այն, ինչ իրեն մատուցվում է: Իսկ շտեմարանների դեպքում՝ կա տեսանյութերի մեծ հավաքածու, որը կարող են թարմացնել եւ այլն, բայց դիտողն է ընտրում՝ ինչ նայել»:

Հ. Գ. Նշենք, սակայն, որ նման խիստ պահանջներ չեն գործում այն ժամանակ, երբ խոսքը քաղաքական բնույթի հաղորդումների մասին չէ: Ասենք, տեւական ժամանակ է՝ «Առավոտի» էլեկտրոնային փոստին նամակներ են գալիս 2006 թվականին հիմնադրված «Ինտերակտիվ Թիվի» ՍՊԸ-ից, որը Երեւանում վերահեռարձակում է տարբեր ալիքներ եւ ունի նաեւ 4 սեփական արտադրության ալիք, մասնավորապես՝ «Քեֆ TV»-ն, որն, ըստ «Ինտերակտիվ Թիվի»-ի՝ «24 ժամ շարունակ տրամադրում է քեֆ անելու երաժշտություն, ինչպես նաեւ լիրիկական երգեր սիրված երգիչների կատարմամբ»: «Ինտերակտիվ Թիվի»-ի արտոնագիրը, ՀՌԱՀ պաշտոնական կայքէջի համաձայն՝ միայն նախատեսում է մինչեւ 200 ալիքի վերահեռարձակում: Սակայն չնայած դրան՝ որեւէ մեկը խնդիրներ չի հարուցում, որ նրանք հեռարձակեն նաեւ սեփական արտադրության ալիքներ: Բայց եթե այս կամ մալուխային որեւէ այլ ալիք երբեւէ փորձի քեֆի կամ լիրիկայի փոխարեն եթեր տրամադրել «Ա1+»-ին՝ անմիջապես նույն խնդիրը կառաջանա, թե չկա հեռարձակման արտոնագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30