Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն, ՀՌԱՀ անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին՝ կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության նախագահը: Համամասնորեն խորհրդարանի քաղաքական ուժերը ներկայացնող մրցութային հանձնաժողովը կազմված է 6 անդամներից։ Սուրեն Գեւորգյանը, ով նաեւ հանձնաժողովի նախագահն է, եւ Կարեն Աղամյանը ներկայացրել են ՀՀԿ-ն, Արամ Հովհաննիսյանը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Մանվել Մկրտչյանը՝ ՀՅԴ-ն, Լյուդմիլա Մելիքյանը՝ ՕԵԿ-ը, Ալեն Սիմոնյանը՝ «Ժառանգություն» կուսակցությունը: Մրցույթին մասնակցել է 8 թեկնածու՝ Կարեն Վարդանյանը, Հայկ Քոթանյանը, Գեւորգ Հարությունյանը, Գոհարիկ Արշակյանը, Կորյուն Առաքելյանը, Արմեն Մկրտչյանը, Արամ Մելքոնյանը եւ Սպարտակ Ղարաբաղցյանը: Երկու՝ թեստային եւ բանավոր փուլով անցկացվող մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում կներկայացվեն պատգամավորներին, եւ խորհրդարանն իր որոշմամբ կընտրի հանձնաժողովի անդամներին: Թեստային փուլում մրցույթի բոլոր մասնակիցները, բացառությամբ Սպարտակ Ղարաբաղցյանի, հաղթահարել են անհրաժեշտ միավորների 90 տոկոսանոց շեմը եւ կներկայացվեն խորհրդարանի ընտրությանը: Մրցույթում հաղթած յոթ մասնակիցները երեկ նաեւ հարցազրույցի փուլն են անցել: Հայրենի օրենսդիրները հույս ունեն, որ քննության բանավոր փուլի արդյունքները կարող են օգնել պատգամավորներին՝ կողմնորոշվելու ընտրություն կատարելիս, բայց թեստերի արդյունքների վրա որեւէ ազդեցություն դրանք չունեն: