Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տղամարդկությունը շալվար հագնելը չէ»

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"Կոստանյանը՝ Հմայակ Հովհաննիսյանին

«Իմ ամենասիրելի եւ հարգելի թեկնածուներից մեկը՝ Հմայակ Հովհաննիսյանը, հայտարարում էր, որ իմ առաքելությունը՝ 10-րդ ընտրատարածքում ընտրությունները վիժեցնելն է: Ես նախապես առաջարկել էի բոլոր թեկնածուներին՝ ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի Նիկոլը հնարավորություն ստանա ընտրապայքարին մասնակցելու: Առաջարկս, ցավոք, մնաց թղթի վրա: Խոստմանս համաձայն եւ ապացուցելու համար, որ ես իշխանության կողմից ներդրված չեմ՝ ինքնաբացարկի դիմում գրեցի»: Սա Վլադիմիր Կոստանյանի բացատրությունն է իր ինքնաբացարկի վերաբերյալ, որը երեկ նա արեց «Ազդակ» ակումբում: «Տղամարդկությունը նրա մեջ չէ, որ շալվար ես հագնում, այլ նրա, որ պահես խոսքդ»,- իր «ամենասիրելի եւ հարգելի» Հմայակ Հովհաննիսյանի բոստանը քար գլորեց Կոստանյանը: Նա վստահ չէ, որ Հմայակ Հովհաննիսյանը կպահի իր խոստումը եւ դեկտեմբերի 31-ին կհանի թեկնածությունը՝ հօգուտ Նիկոլի: Հակառակ դեպքում, պատրաստ է հրապարակավ նրա ներողամտությունը հայցել: Եթե Նիկոլի նախընտրական շտաբը դիմի Կոստանյանի շտաբին՝ համագործակցության առաջարկով, բանախոսը չի բացառում, որ համատեղ աշխատանքի եզրեր գտնվեն: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի լիազորված անձ Դավիթ Մաթեւոսյանը «7օր»-ին ասել է, որ կասկածի տակ դնել չի ցանկանում նույն ընտրատարածքում թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանի այն խոսքերը, թե նախընտրական քարոզչության ավարտից հետո նա հօգուտ Ն. Փաշինյանի կհանի իր թեկնածությունը. «Եթե Հմայակ Հովհաննիսյանը լինի իր խոսքի տերը, իսկ նա այս հասարակության մի մասնիկն է, դա կնշանակի հասարակության մի մասի վերաբերմունքի արտահայտման ձեւ»։

Հակադարձելով Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարություններին, որ Կոստանյանը «փող չունի» ու այդ պատճառով է ընտրապայքարից դուրս եկել, վերջինս հայտարարեց. «Երեւի մի քիչ ավելի մեծ ընկերական շրջապատ ունեմ, քան ինքը, հավանաբար ինձ «Վովա ջան» ասողները ավելի շատ են, քան իրեն՝ «Հմայակ ջան» ասողները… Ես կարող էի հինգ անգամ ավելի գումար էլ մուծել ու մասնակցել պայքարին, բայց պատճառը ես ասացի: Ես ուրախ եմ, որ անգամ իմ դուրս գալուց հետո Հմայակն իմ մասին շարունակում է խոսել»: Կոստանյանը վերահաստատեց իր կարծիքը, որ Հմայակ Հովհաննիսյանն իշխանության թեկնածուն է, եւ իշխանություններն ամեն ինչ անելու են նրա հաղթանակն ապահովելու համար: Ինքը՝ Կոստանյանը, կասկած չունի, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում անպայման լինելու է ԱԺ-ում: Կոստանյանը տեղեկացրեց նաեւ, որ դատախազությունից պատասխան է ստացել. իր հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքների համար Հմայակ Հովհաննիսյանից եւ ոչ կոռեկտ հրապարակման համար «Ազատամտություն» թերթից պատիվ պահանջելու իր դիմումին ընթացք է տրվել:

Հ. Գ. Այսօր լրանում է պարոն Կոստանյանի 48-ամյակը: «Առավոտը» միանում է շնորհավորանքներին՝ ցանկանալով նրան քաղաքական հաջողություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել