Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՑԵԼ Է

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"«Ռադիոլուրի» նախկին խմբագիր Արթուր Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու տեղեկությունը հաստատեցին նաեւ ԱՄՆ-ում:

Օրերս հայաստանյան թերթերից մեկը լուր է հրապարակել առ այն, որ ՀՀ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի նախկին խմբագիր, 2008թ. սեպտեմբերի 21-ին «Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած եւ երիտասարդ Անդրանիկ Բաբայանի սպանությամբ ավարտված միջադեպի գլխավոր «հերոս» Արթուր Սահակյանը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել: Այս հրապարակմանն արձագանքել էր ինքը՝ Ա. Սահակյանը, ու շատ նյարդային մի հերքում էր «սղղացրել» մեկ այլ թերթում, որի խմբագրին նա մեկ անգամ չէ, որ անվանարկել է շատերի ներկայությամբ: Սահակյանը, որն արդեն մոտ մեկ տարի ապրում է Լոս Անջելեսում, ինչպես ամիսներ առաջ, այսօր էլ պնդում է, թե ինքը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան չի խնդրել կամ առավել եւս՝ չի ստացել. «Ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ», ու փորձում է միամիտներին հավատացնել, թե նման լուրեր տարածողները բանսարկուներ են: Սա այն դեպքում, երբ, մեր տեղեկություններով, Ա. Սահակյանը դեռ երեք ամիս առաջ է քաղաքական ապաստան եւ «գրին քարտ» ստանալու կապակցությամբ «մաղարիչ» արել: Ի դեպ, մոտավորապես հենց այս ոգով եւ «զրպարտիչներ», «հերյուրանք» որակումներով էր արձագանքել ԱՄՆ-ում քաղաքական ապաստան գտած եւս մի ՀՀ քաղաքացի՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով անցած նախկին կասկածյալ եւ նախկին վկա Նաիրի Բադալյանը, որը մի քանի ամիս առաջ է Հայաստանում հայտնվել, ու նա էլ հայտարարում էր, թե ինքը Միացյալ Նահանգներում ապաստան չի խնդրել, թեեւ թերթերից մեկին ուղարկած իր հերքման տեքստում անձամբ էր ստորագրել՝ «ՀՀ քաղաքացի, քաղաքական ապաստանյալ՝ ԱՄՆ-ում»: Զուգադիպությո՞ւն, թե՞ օրինաչափություն է, որ աղմկահարույց եւ իշխանության ներկայացուցիչների անվան հետ առնչվող քրեական գործերով դատավարության փուլում երկրից «թռած» վկաները քաղաքական ապաստան են գտնում ԱՄՆ-ում՝ մտածելու խնդիր է: Ինչ վերաբերում է կոնկրետ Ա. Սահակյանին, ապա «Առավոտը» փորձեց նրա վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը ճշտել հենց Լոս Անջելեսից, որտեղ հիմա նա ապրում ու մինչեւ վերջերս նաեւ աշխատում էր AMGA հեռուստաալիքում՝ որպես լուրերի հաղորդավար: Այս հեռուստաընկերության հիմնադիրներից մեկը՝ «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը, մեզ հետ զրույցում հաստատեց Ա. Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու լուրը. «Միակ մեծ սխալն այդ ամենի մեջ այն է, որ դրա մասին շատ ուշ է գրվել: Այո, ինքը խնդրել էր քաղաքական ապաստան, որը բավարարվել էր, եւ դրա հիման վրա նա կեցության իրավունք՝ «գրին քարտ» է ստացել դեռ երեք ամիս առաջ: Մինչ այդ, նա միանգամայն օրինական՝ որպես ռեզիդենտ, ապրում էր Միացյալ Նահանգներում: Այնպես որ, հայաստանյան մամուլում հրապարակված տեղեկությունը՝ նրա քաղաքական ապաստան ստանալու մասին, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»: Ռ. Հովսեփյանը ի հավելումն նաեւ պարզաբանեց, որ ամերիկյան օրենքներով, երբ մարդը քաղաքական ապաստան է ստանում, նախկինում մեկ, իսկ հիմա 7-8 ամիսների ընթացքում նա միանգամայն օրինական կերպով կարող է իր ընտանիքը տեղափոխել ԱՄՆ, ինչն արել է նաեւ այդ տղան (Արթուր Սահակյանը):

Ի պատասխան մեր այն հարցին, թե՝ իր կարծիքով, այդ դեպքում ինչո՞ւ է այդ փաստը հերքում ու դրա դեմ ընդվզում Ա. Սահակյանը, պարոն Հովսեփյանն ասաց, թե իր համար ավելի զարմանալի էր այն տեքստի բովանդակությունը, որով նա հերքել էր կայացած փաստը: «Վարագույրի» տնօրենի ասելով, այն, ինչի մասին իր հերքման մեջ հիշատակել էր Ա. Սահակյանը, ժամանակավրեպ թեմա էր, որի դեմ հայաստանյան ընդդիմությունն ու ողջախոհ մարդիկ, նաեւ իրենք՝ լոսանջելեսաբնակ հայերը ընդվզում էին: «Ինձ համար էլ պարզ չէր, թե ինչու նույն դաշտում գործող մարդկանց միջոցով դա արվեց, մանավանդ, որ դրա կարիքը չկար էլ: Մենք բոլորս զինվոր ենք ու ծառայում ենք նույն գործին՝ Հայաստանն ավելի քաղաքակիրթ ու ժողովրդավարական տեսնելու համար, ու մեկս մյուսի վրա քար նետելու իմաստը չկար»,- ափսոսանքով ասաց Ռ. Հովսեփյանը:

Ի դեպ, նա մանրամասնեց, թե ինչու Ա. Սահակյանը արդեն վաղուց չի աշխատում ԱՄՆ-ում գործող միակ ազատ եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին պատմող AMGA հայկական հեռուստաալիքում:

«Նա մեկուկես ամիս է՝ արդեն մեր հեռուստաալիքում այլեւս չի աշխատում: Ինքը գնացել է, եւ կարծում եմ՝ անվերադարձ: Պատճառն այն էր, որ նա AMGA-ում հիմնականում արտերկրից ստացվող լուրեր էր կարդում, իսկ հիմա այդ լուրերի ժամը հանվել է, որովհետեւ ինքն ասում էր, թե դժվարություններ կան լուրերը պատրաստելու համար, անընդհատ խոսում էր, թե դժվար է Հայաստանից լուրեր հավաքելը: Ի վերջո, AMGA-ի տնօրենն ու ինքը երկուստեք համաձայնեցին դադարեցնել համագործակցությունը»,- ասաց Ռ. Հովսեփյանը: Ավելի ուշ, նա նաեւ հավելեց, թե սկզբից էլ, երբ Սահակյանը հայտնվել էր հեռուստաալիքում, առանձնապես լավ տպավորություն չէր թողել իր վրա, ու հեռուստաալիքում փորձել էր հայաստանյան իշխանության տեսակետներն առաջ տանել:

Սա, թերեւս, պատահական լինել չէր կարող՝ նկատի ունենալով այն փաստը, որ Հայաստանից հեռանալուց 2 ամիս անց՝ 2009թ. փետրվարին, Ա. Սահակյանին AMGA-ում աշխատանք տալու հարցում միջնորդել էր Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը, որին այն ժամանակ պատկանող «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերությունը համագործակցում էր AMGA-ի հետ:

ԱՄՆ-ում բնակվող մեր այլ աղբյուրներ սրան նաեւ հավելեցին, թե Սահակյանի՝ այս հեռուստաընկերությունը լքելու կամ հեռացվելու պատճառներից մեկն էլ հենց նրա ընդգծված իշխանամետ դիրքորոշումն է եղել եւ որպես վերջին կաթիլ՝ մի պատեհ առիթով արած այս հայտարարությունը՝ «էս ուզում եք Հայաստանում պերեւառոտ անե՞ք»:

Այն, որ Ա. Սահակյանը Հայաստանում բացի իշխանությունների թիմակիցը լինելուց՝ նաեւ ՀՀ գլխավոր դատախազի «PR»-ով էր զբաղվում, մեկ-մեկ էլ գործընկեր լրագրողներին իր մտերիմ պաշտոնյաների հետ «լավ լինելու» եւ դրանից օգուտ քաղելու խորհուրդներ էր տալիս՝ անձամբ գիտեմ. ինչպես ասում են՝ դեպքն ինձ հետ է պատահել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել