Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՐԴԱՐԱՑԻ ՉԻ ԳՏՆՎԻ»

Նոյեմբեր 28,2009 00:00

\"\"1920թ. նոյեմբերի 29-ին, ժամը 11-ին, Կարմիր բանակը մտավ Երեւան: Տարիներ անց նույն օրը, նույն ժամին պատմական Ուտիքում ծնվեց «հայկական Միրաբոն»՝ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Այսօր նա 60 տարեկան է:

«Երբ Զեւսն Աքիլլեսին ասաց՝ ի՞նչ կյանք տամ քեզ՝ կարճ եւ փառահե՞ղ, թե՞ երկար ու անփառունակ, Աքիլլեսը նախընտրեց առաջինը՝ եթե այդ փառահեղությունը փառք կբերի իր ժողովրդին»,- տրոյական հերոսների այս պատմությունը մարքսիստ Դավիթ Հակոբյանն արեց՝ ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ առաքելությամբ ինքը 15 տարի առաջ մտավ քաղաքականություն, եւ դրա ո՞ր հատվածն է իրականացրել: 90-ականների թավշյա հեղափոխությունից հետո, որը, ըստ մարքսիստի, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ երեւույթ էր, որպես ռետրոգրատ հասարակական տրանսֆորմացիա՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը անցում կատարեց դասական կապիտալիզմի եւ լիբերալիզմի, մարքսիստը զգաց, որ պատմական անհրաժեշտություն կա ստեղծել նոր գաղափարախոսություն՝ 21-րդ դարի նեոլիբերալիզմը. «Նոր գաղափարական սերնդափոխության եւ նոր տեսական մտքի խնդիրը, որպես նոր գաղափարախոսության ջահակիր՝ վերցրի ինձ վրա: Տեսական առումով՝ առաքելությունս համարում եմ կատարված: Մնում է պրակտիկ կյանքում ներդնել: Ահա թե ինչու է ինձ համար պատմական անհրաժեշտություն հաղթարշավը՝ դեպի հայոց պառլամենտարիզմի ոստան: Այստեղ պետք է վճռվի՝ կարո՞ղ է ազգը տալ 21-րդ դարի նեոլիբերալիզմի սերունդը»: Նա պնդում է, որ 21-րդ դարասկզբին մարքսիզմը՝ «որպես իդոլ, դուրս եկավ իր գերեզմանից եւ նորից սկսեց թեւածել եվրոպական մայրցամաքում: Այս ճգնաժամի արդյունքում ուլտրաաջ լիբերալների ողջ ուշադրությունը սեւեռված է մարքսիզմի վրա՝ որպես միակ հիմնարար ուսմունք, որի բազայի վրա պետք է ստեղծվի 21-րդ դարի նեոլիբերալիզմի գաղափարախոսությունը: Ես միակն էի, որ մարքսիզմը պահեցի քաղաքական նժույգի վրա: Սա իմ գլխավորագույն առաքելությունն էր»:

Տարիքը մարքսիստին չի ստիպում հեռանալ քաղաքական ասպարեզից. «Ես այսօր իմ ֆիզիկական եւ մտավոր կարողությունների ապոգեյում եմ»: Հիշելով Վ. Ժիրինովսկու խոսքը, որ քաղաքական գործիչը դադարում է քաղաքական գործիչ լինելուց այն ժամանակ, երբ կորցնում է հետաքրքրությունը կանանց եւ գեղեցիկի նկատմամբ, մարքսիստն ասում է. «Քաղաքական մտքի առումով ես իմ առջեւ այսօր ախոյաններ չեմ տեսնում: Կոփում եմ նաեւ ֆիզիկական առողջությունս՝ առաջիկա քաղաքական մարտերին մասնակցելու համար: Հասակի բարոյահոգեբանական ազդեցությունն ինձ վրա չկա: Իմ պապը՝ Եգոր Շահումյանը, ապրեց 110 տարի, մյուս պապս՝ 90 տարի: Այնպես որ՝ իմ աստեղային ժամը դեռ առջեւում է, եւ իմ պարտքն ազգի առաջ կարող եմ կատարել ամենայն բծախնդրությամբ»:

Անդրադառնալով 10-րդ ընտրատարածքի իր մրցակիցներին՝ մեր զրուցակիցն ասում է, որ քաղաքական ֆավորիտ լինելու համար այսօր քաղաքական հալածվածության սինդրոմը վճռորոշ գործոն չի կարող լինել: «Հասարակությունն իր բանականությունը կենտրոնացնում է ախոյանների մտավոր հնարավորությունների վրա: Այսօր արժե հենվել ազգի բանականության վրա, որն էլ որոշելու է ամեն ինչ»,- այս է համարում իր առավելությունը մարքսիստը: Նաեւ համոզված է. «ՀՀՇ-ի ռեյտինգային ֆակտորը շատ ցածր է եւ չի կարող ազդեցություն թողնել Նիկոլի ֆավորիտության ձեւավորման վրա: Նիկոլի ֆիգուրայով ՀՀՇ-ն ցանկանում է քաղաքական դաշտում էյֆորիկ փոթորիկ բարձրացնել, որպեսզի ՀՀՇ-ի հանգած հեղինակության շեղջը նորից բոցկլտա: Դա անհնարին է: Նաեւ՝ ցանկանում են Նիկոլին փրկել ռեպրեսիոն ճիրաններից: Այս պարագայում մյուս ախոյանը՝ Հմայակը, որը քաղաքականության մեջ փորձված աղվես է, ներկայանում է դարանակալած կոկորդիլոսի դերում: Բայց իրականում՝ ժալկայա ժաբա, նե բոլշե: Նա հետեւում է՝ եթե Նիկոլի դատական վերդիկտը կկայանա, մինչեւ նրա անունը քվեաթերթիկ մտնելը՝ դարանակալած վիճակից ինքը կմտնի ասպարեզ ու ընդդիմության դափնիները կխլի: Իսկ եթե Նիկոլին թույլ կտան ընտրություններին մասնակցել՝ Հմայակը շանս չի ունենա իմ եւ Նիկոլի մոտ, ու կապիտալը վատնել այլեւս իմաստ չի ունենա: Նա պրիմիտիվ խաղեր է խաղում: Ես դատարկ չեմ հոխորտում, բայց ինձ ախոյան չեմ տեսնում: Կարծում եմ, պատմությունն իմ նկատմամբ անարդարացի չի գտնվի: Ժամանակն աշխատում է հօգուտ նոր լիդերի: Ես հավատում եմ իմ ժողովրդին: Անցել են հարթակի տղաների, կեղծ ժողովրդավարների ժամանակները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել