Հայաստանում բռնության ենթարկված կանայք նախընտրում են չարտահայտվել՝ ամոթ է
Հայաստանում կանանց զգալի մասի նկատմամբ ընտանիքներում կիրառվում է ֆիզիկական բռնություն, այդ մասին, սակայն, նրանց շատ քիչ մասն է նախընտրում խոսել: Այս տարի ՀՀ-ում 18-75 տարեկանների շրջանում կատարված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 66%-ը պարբերաբար ենթարկվում է հոգեբանական ճնշման եւ բռնության: ՀՀ-ում յուրաքանչյուր 5 կնոջից մեկը աշխատավայրում ենթարկվում է սեռական ոտնձգության:
1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հռչակել է որպես կանանց նկատմամբ բռնության միջազգային օր: 1989 թ. կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը հիմք դրեց երկու գլոբալ քարոզարշավների՝ «Ակտիվության 16 օր՝ ընդդեմ գենդերային բռնության» եւ «Սպիտակ ժապավեն»: Այս երկու միջազգային քարոզարշավներին 1991 թվից Հայաստանն էլ, միանալով աշխարհի շուրջ 160 երկրներին, մասնակցում է ամենամյա միջազգային քարոզարշավներին: Հատկապես վերջին տարիներին 16-օրյակի շրջանակներում ակտիվորեն կազմակերպվում են երթեր, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ, թեմային նվիրված ցուցահանդեսներ: «Ակտիվության 16 օր՝ ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավը անց է կացվում նոյեմբերի 25-ից՝ կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրից մինչեւ դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օրը: Նշված օրերի ընտրությունը պայմանավորված է կանանց նկատմամբ բռնության եւ մարդու իրավունքների միջեւ սիմվոլիկ կապ ստեղծելու նպատակով՝ մատնանշելու, որ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Համաձայն ՄԱԿ-ի՝ Կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացման մասին հռչակագրի, կանանց նկատմամբ բռնությունը ցանկացած տիպի գործողություն է, որի արդյունքում կինը ենթարկվում է ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական տառապանքների, ստիպողաբար զրկվում հասարակական կամ անձնական կյանքում սեփական ազատությունից: Գենդերային հիմքով բռնությունն ամենուր է՝ ինտիմ հարաբերություններում, ընտանիքում, աշխատավայրում:
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ գենդերային հիմքով բռնությունները դադարեցնելու, կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրի վերաբերյալ հասարակության մեջ իրազեկությունը բարձրացնելու համար համախմբելով մի քանի այլ կազմակերպությունների, խաղաղ երթ էր կազմակերպել: «Բռնությունը պետք է դադարեցնել՝ սկսած ընտանիքից մինչեւ կոնֆլիկտային տարածաշրջաններ», «Մի լռեք ձեզ հետ կատարված բռնության մասին». այս ցուցապաստառներով երթը սկսվեց Բաղրամյան պողոտայից եւ Շարլ Ազնավուրի հրապարակում այն ավարտվեց մոմավառությամբ: «Դատապարտելով կանանց հանդեպ բռնությունը, փոխելով գենդերային կարծրատիպերը մեր մշակույթում, մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի հասարակություն, ուր բոլորը հավասար են: Որեւէ կարծրատիպային անուններ չկպցնելով ոտնձգությունների ենթարկված կանանց, դուք պայքարում եք բռնության դեմ»,- այս կարգախոսներով էին քայլում երթի մասնակիցները: Կանանց ռեսուրսային կենտրոնից Տաթեւիկ Աղաբեկյանը «Առավոտին» ասաց, որ իրենց կենտրոնին հիմնականում դիմում են ընտանեկան բռնության դեպքերով, բայց քիչ չեն եղել նաեւ սեռական բնույթի ոտնձգությունները:
Երթի մասնակից՝ գրողներից, երաժիշտներից, վիզուալ արվեստի ներկայացուցիչներից բաղկացած «WOW» արտիստիկ խմբի նկարչուհի Արփի Ադամյանն էլ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ հասարակության մեջ կանայք չափից շատ են ճնշվում իրենց խնդիրներից: «Մենք համաձայն չենք հաշտվելու, որ սա է մեր ճակատագիրը, մեզ համար գծված կյանքը իրականում նորմալ չէ: Միայն հիմար մարդը կարող է իրեն թույլ տալ ուժը ցույց տալ նրա վրա, ով իրենից թույլ է: Դատական համակարգն էլ Հայաստանում այնքա՜ն թույլ է բռնության ենթարկվածին պաշտպանելու համար: Բոլորին պարզ է, որ դատական պրոցեսում ինչ-որ բանի հասնելը գումարի հարց է: Մեր դատական համակարգը համարում է, որ եթե կինը չուզենա՝ երբեք բռնության չի ենթարկվի, բայց դա այդպես չէ»,- նշեց մեր զրուցակիցը ու խորհուրդ տվեց կանանց ու աղջիկներին՝ «Մի քիչ սիրեք ինքներդ ձեզ ու վերջապես հասկացեք, որ դուք տղամարդու կցորդը չեք»:
Ֆրանսիայից ժամանած Թամարան կարծում է, որ, ի տարբերություն հայերի, ֆրանսիացիները գիտեն, որ իրենց երկրում կան շատ կազմակերպություններ, որոնք ամեն կերպ կպաշտպանեն իրենց իրավունքները: «Հայաստանում եթե մի հայ բռնության ենթարկվի՝ նրա մասին մի քանի օր կխոսեն ու կլռեն: Իսկ Ֆրանսիայում, եթե կինը ոտքի ելավ՝ դատարան կհասցնի, մարդուն կբանտարկի ու կզրկի նույնիսկ բժշկից»,- մեզ հետ զրույցում նշեց Թամարան: Մեր զրուցակցի խոսքով, եթե Ֆրանսիայում ամեն ինչ օրենքի շրջանակում է, ապա հայաստանյան իրականությունում ոստիկանության աշխատակիցները կարծում են, որ բռնությունը պարզապես ներընտանեկան վեճի արդյունք է, եւ գործին սովորաբար ընթացք չի տրվում կամ կարճվում է: Իսկ ոստիկանի գալուց հետո չի բացառվում, որ կինը ավելի ուժեղ ծեծի ենթարկվի, որովհետեւ կռիվը տնից դուրս է եկել, ամոթ է: Պատճառներից մեկն էլ սա է, որ Հայաստանում, հատկապես մարզերում, բռնության ենթարկված կանայք նախընտրում են չարտահայտվել, քանի որ հաշվի են նստում հասարակական կարծիքի հետ:
Հավելենք, որ նոյեմբերի 25-ին Տիկնիկային թատրոնում էլ «Կապտուկներ հոգուն» ներկայացումն էր՝ «Կանանց իրավունքների կենտրոն» հ/կ-ի «Դ’Արտ» երիտասարդական թատրոնի դերասանների մասնակցությամբ: