Կանխատեսումներ՝ կոնկրետ տվյալների հիման վրա
«Մարդու տվյալներով՝ ծննդյան ժամ, օր, ամիս, տարի, հնարավոր է տալ հոգեբանական վերլուծությունը, տեսնել անցյալն ու ինֆորմացիա ստանալ նրա ապագայի եւ ճակատագրի մասին»,- ասում է մասնագիտությամբ պատմաբան, աստղագուշակ Աննա Հախվերդյանը:
Արդեն երկար ժամանակ Աննան աստղերի միջոցով մարդկանց օգնում է տեղեկանալ իրենց կյանքի մասին եւ կանխատեսում ապագայում սպասվելիք իրադարձությունները: Ըստ նրա, դա գուշակություն չէ, այլ գիտություն. «Մարդկանց կարող է թվալ, թե դա գուշակություն է, որովհետեւ նայելով կոնկրետ քարտեզի, գծագրի՝ ես որոշակի բաներ եմ ասում: Բայց իմ կանխատեսումները սուրճի բաժակով գուշակություն չէ, դա արվում է ստույգ հաշվարկներով՝ մոլորակների, աստղերի կոնկրետ դիրքերի վրա հիմնվելով: Օրինակ՝ ինչպե՞ս են գիտնականները փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում հանգում որոշակի եզրակետի, նույնն էլ աստղաբաշխության մեջ՝ որոշակի ստատիստիկ հետազոտությունների արդյունքում կարելի է իմանալ, թե մոլորակների, աստղերի նման դիրքերը ինչ ճակատագրական փոփոխություններ են ենթադրում եւ այլն: Սա կամայական սուբյեկտիվ կարծիք չէ, այլ հստակ հետազոտություններ»:
Մեր զրուցակցի խոսքերով, իրեն դիմում են հիմնականում ապագան կանխորոշելու, ապագայի հետ կապված տեղեկություններ ստանալու հարցերով. «Բոլոր ժամանակներում մարդկանց միշտ էլ հետաքրքրել է ճակատագիրը, ապագան, բայց ժամանակակից մարդը ավելի շատ ինքնուրույնություն ունի, եւ ավելի շատ է զարգացած նրա եսը, ու նա կարող է իր ես-ով շատ բաներ փոխել. աշխատելով իր վրա, կարող է անգամ իր ճակատագիրը փոխել: Ինձ դիմողներին հետաքրքրում են իրենց անձնական հարաբերությունները, ֆինանսը, ուսումը, ամուսնությունը, երեխաները…»:
Ա. Հախվերդյանի փոխանցմամբ, հայերը հավատում են աստղերի կանխատեսումներին, հակառակ դեպքում կոնկրետ իրեն այդքան չէին դիմի. «Մարդիկ դեռ զարգացման այն փուլում չեն, որ իրենց ապագան, կյանքը իրենց բացարձակ չհետաքրքրի: Իհարկե, ճիշտն այն է, որ յուրաքանչյուր պարագայում մարդն ինքն իր վրա հույսը դնի: Հաշվարկները չեն կարող ստել: Իսկ այդ գործընթացն այսպիսին է. ինձ ասում են ծննդյան ամսաթիվը, օրն ու ժամը, ես կատարում եմ ուսումնասիրություններ: Մեզ մոտ հիմնականում կա ժամի անճշտության խնդիր, որը մի փոքր բարդացնում է իմ աշխատանքը: Հաշվարկն արվում է ըստ ժամի եւ նույնիսկ պահի, շատ կարեւոր է րոպեների ճշգրտությունը, որպեսզի հստակ դրվի մարդու ապագայի ուրվագիծը: Կարեւոր է նաեւ տեղը, որովհետեւ աստղային քարտեզն ուղղակի արտացոլումն է, պրոյեկցիան երկնային մոլորակի դիրքերի, երկրի վրա»:
Մեր զրուցակցի խոսքերով, հին շրջանում աստղաբաշխի դերն այն էր, որ նա հստակ կանխատեսում էր կյանքի վերելքը, որը հասանելի էր միայն հարուստ մարդկանց: Ըստ նրա, այն ժամանակ անհատական հորոսկոպ ստեղծելու պրոցեսը բավական բարդ էր եւ կարող էր ամիսներ շարունակ հաշվարկներ անելու անհրաժեշտություն լիներ, իսկ այժմ դա վայրկյանների հարց է. «Հնում աստղաբաշխը չէր անդրադառնում մարդու հոգեբանությանը, ներաշխարհին, նշում էր կոնկրետ իրադարձություններ: Այժմ աստղագուշակներն աշխատում են հոգեբանական վերլուծության վրա, այսինքն՝ բացատրում են մարդու բնավորությունը, ուժեղ եւ թույլ կողմերը, նրա պոտենցիալ հնարավորությունները, ունակությունները: Օրինակ, ես նախընտրում եմ չասել՝ այս թվին, այս ժամին այսինչ իրադարձությունը տեղի կունենա: Ընդհանրապես գիտությունը թույլ է տալիս, որ այդպիսի հաշվարկներ արվեն, բայց ժամանակակից աշխարհը բավականին շտկումներ է մտցնում այս ամենի մեջ, որովհետեւ մարդը շատ ակտիվ միջամտություն է կատարում իր ճակատագրի մեջ»:
Աննայի հավաստմամբ, նա կազմում է նաեւ անհատական հորոսկոպներ, ինչպես նաեւ զբաղվում աստղագուշակության պատմության ուսումնասիրությամբ. «Փոքր հասակից հասկացել եմ, որ աստղագիտությունն ու աստղաբաշխությունը մեկ գիտություն են: Տիեզերքի մասին բոլոր պատկերացումները՝ առանց մարդու մասին պատկերացումների, պարզապես համարվել են անիմաստ եւ ավելորդ: Եթե ուշադիր նայենք հին հուշարձաններին, ապա կտեսնենք մարդու եւ տիեզերքի կապը: Ցանկացած հին հուշարձան կապվում է մարդու հետ եւ դա պատահական չէ, որովհետեւ մարդը տիեզերքի արտատպումն է, արտացոլումը, իսկ հին աստղաբաշխության հիմքում հենց դա է դրված. այն, ինչ վերեւում է՝ նաեւ ներքեւում է, եւ այն, ինչ ներքեւում է՝ վերեւում էլ է: Մարդիկ միշտ աշխատել են վերեւի այդ տիեզերական պատկերն արտատպել երկրի վրա եւ անգամ եգիպտական բուրգերի դասավորությունը համընկնում է Օրիոն համաստեղության՝ ամենավառ աստղերի գոտի կոչվածի հետ, այսինքն՝ սա անմիջական օրինաչափություն է»:
Հիշեցնենք մեկ անգամ եւս, որ աստղագետները լուրջ չեն վերաբերվում աստղաբանությանն ու աստղագուշակությանը, որն, ըստ նրանց, որեւէ գիտական հիմք չունի («Առավոտ», «Հավատա՞լ աստղերին, թե՞ ոչ», 14.04.09)