Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հերթական անգամ բեմադրված «Խանումի արարքները» ներկայացումը (ռեժիսոր՝ Ջանիկ Ավետիսյան) հատուկ խորհուրդ ուներ: Այս անգամ այն նվիրված էր ներկայացման գլխավոր դերակատար Սոֆյա Սողոմոնյանի (Խանումա) ծննդյան 55-րդ հոբելյանին: Ներկայացման ավարտին Սոֆիա Սողոմոնյանին շնորհավորեցին եւ բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին կոլեգաները, Վանաձորի համայնքի ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը, երգիչ Արմեն Ներսիսյանը, Վանաձորի գեղագիտական կենտրոնի տնօրեն Կարինե Գնոյանը, ով Սոֆյա Սողոմոնյանին եւ թատրոնին է նվիրել ներկայացման մեջ պահանջվող հագուստները:
«Առանց Սոֆիայի՝ Վանաձորում ինչ-որ մի գույն պակաս կլիներ,- ասաց Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը:- Մենք ծանոթ ենք ոչ միայն դերասան, այլեւ ռեժիսոր Սոֆյա Սողոմոնյանին, ում՝ մանուկների համար արված բեմադրությունները բազում անգամ են հիացմունք պատճառել հանդիսատեսին»: Գ. Աղաբաբյանը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից հոբելյարին հանձնեց պատվոգիր եւ հուշանվեր: «Ներկայացման ռեժիսորը իմ ամուսինն է՝ Ջանիկ Ավետիսյանը, որը թատրոնում իմ կոլեգան է: Իր բեմադրած ներկայացումներում է, որ ինձ բացահայտել եմ որպես դերասանուհի Սոֆյա Սողոմոնյան»,- ասում է Ջ. Ավետիսյանի տասնյակ բեմադրություններում տարբեր կերպարներ մարմնավորած մեր զրուցակիցը:
Ջ. Ավետիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ անակնկալ է պատրաստել՝ շուտով կբեմադրվի Եղիշե Չարենցի «Կավկազ թամաշան»: