Հայ շատ մարզիկներ, բնակություն հաստատելով արտերկրում, շարունակում են զբաղվել իրենց նախընտրած մարզաձեւով եւ հաճախ հասնում են հաջողությունների: Այդպիսիներից են նաեւ Մհեր եւ Ռազմիկ Եղիազարյանները:
2006 թվականին նրանք մշտական բնակություն հաստատեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքում, որտեղ էլ շարունակեցին իրենց մարզումները: Եղբայրների պատրաստվածությունը հենց սկզբից զարմացրել էր մարզիչներին: Արդեն 2007 թվականին Մհերը դարձավ Ֆրանսիայի պատանիների առաջնության հաղթող: Իսկ Ռազմիկը եղբոր հաջողությունը կրկնեց մեկ տարի հետո:
Եղիազարյաններ եղբայրները ձյուդոյով սկսել են մարզվել 2000 թվականից՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Խիթարյանի ղեկավարությամբ:
Պարոն Խիթարյանի հետ զրույցից պարզվեց, որ չնայած եղբայրներն այլեւս Հայաստանում չեն բնակվում, բայց նրանց հետ կապը մշտապես կա եւ այժմ արդեն նրանք որոշել են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, քանի որ, ինչպես իրենք են ասում. «Տեխնիկական, ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությունը մենք ստացել ենք մեր երկրում եւ պարտական ենք մեր մարզչին: Ուրեմն ինչո՞ւ միջազգային մրցաշարերում չբարձրացնենք մեր Հայաստանի դրոշը»:
Օրերս Փարիզում կայացած ձյուդոյի եվրոպայի երիտասարդական առաջնությունում 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու իրավունքը տրվեց Մհեր Եղիազարյանին: Չնայած նա չկարողացավ վաստակել այդքան սպասված մեդալը, բայց, այնուամենայնիվ, տարավ երկու հաղթանակ եւ համարվեց հավաքականում ամենից հաջող հանդես եկած մարզիկը:
Մարզիչ Խիթարյանը պատմեց նաեւ, որ հենց սկզբից երկու եղբայրներն էլ չափազանց լուրջ էին մոտենում մարզաձեւին եւ շատ արագ տիրապետեցին ձյուդոյի այբուբենին:
«Հայաստանում եղած ժամանակ Եղիազարյան եղբայրները մասնակցել են մի շարք մրցումների, միշտ գրավել են մրցանակային տեղեր, իսկ Մհերը՝ նաեւ մի շարք միջազգային մրցաշարերի եւ դարձել մրցանակակիր»:
Մեր զրույցի վերջում պարոն Խիթարյանը հույս հայտնեց. «Մհեր եւ Ռազմիկ Եղիազարյանները դեռ կասեն իրենց խոսքը ձյուդոյում եւ վստահաբար կարող եմ ավելացնել, որ հնարավորության դեպքում (կախված մրցաշարերից) նրանք հանդես կգան միայն Հայաստանի դրոշի ներքո»: