Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՅԸ»՝ ՓՈՍԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՇՎԻ՞Ն

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Վերջինիս կոլեկտիվը մտահոգված է

Երիտասարդական փորձարարական (Փոսի) պետական թատրոնի աշխատակիցները մտահոգված են.  վերջերս ամբողջ աշխատակազմին հանձնել են աշխատանքային պայմանագրերի ժամկետների լրացման վերաբերյալ ծանուցում: «Նշված չէ հիմքը եւ ոչ էլ պատճառը, մենք գիտենք, որ ծանուցում տրվում է միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը չի ցանկանում շարունակել աշխատանքային պայմանագիրը»,- երեկ «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում ասաց թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանը: Թատրոնի աշխատակիցներն էլ պատմեցին իրենց մտահոգությունները: Կ. Հովհաննիսյանի խոսքով, իրենց ասել են, թե ծանուցումը ոչ մի միտում չունի. «Մինչդեռ ակնհայտ է, որ մի քանի ամիս առաջ սկսված խաղը շարունակվում է… Եթե «Գոյ» թատրոնը ցանկանում է գոյատեւել, թող չգոյատեւի այլ թատրոնի գոյության հաշվին»: Թատրոնի փոխտնօրեն Հերմինե Վահանյանն էլ մտաբերեց նախօրեին «Գոյ» թատրոնի տնօրեն Մազմանյանի՝ ATV-ի հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ կատարած հայտարարությունը. «Նա հստակ ասաց՝ կճզմենք Երիտասարդական փորձարարական թատրոնը: Մազմանյանը նշել է, որ մեր թատրոնը դադարել է գոյություն ունենալ այն ժամանակ, երբ վաճառվել է շենքը: Քավ լիցի, մեր թատրոնը շարունակում է գոյատեւել: Եվ վերջին հաշվով Աստվածաշունչն ասում է՝ սուր վերցնողը սրից էլ կընկնի. ապաշխարե՛ք»: Տիկին Վահանյանը պատմեց նաեւ, որ վերջերս կայացել է թատրոնի գեղարվեստական խորհրդի նիստը, որի ժամանակ ներկայացվել է 4 պիես բեմադրելու հայտ, չորս հայտատուներից միայն մեկն էր բացակա: «Ի զարմանս ինձ, ընդունվեց հենց այն գործը, որի հայտատուն ներկա չէր, դեռ ավելին, ներկայացված չէր բեմադրական ծախսերի նախահաշիվը: Ես որեւէ թատրոնում չեմ տեսել, որ ներկայացվի գործը, բայց չլինի հայտատուն, չլինի ռեժիսորը եւ առանց որեւէ բեմադրական ծախսի նախահաշվի՝ ընդունվի միակողմանի»,- զարմանում է տիկին Վահանյանը: Ըստ նրա, պատճառը նիստից կես ժամ առաջ Արմեն Մազմանյանի միջամտությունն էր: Պիեսի բեմադրիչի մասին էլ թատրոնում առանձնապես ոչինչ չգիտեն, միայն լսել են՝ բեմադրելու է «ոմն» Արկադի Մանուկյան, որին երբեւէ թատրոնում չեն տեսել ու չեն ճանաչում: Տիկին Վահանյանի պատմելով, պիեսի ընտրությունից հետո իրենց թատրոնի տնօրենի պաշտոնակատար Նալբանդյանը արձանագրություն է կազմել, որին կցել են նաեւ իր հատուկ կարծիքը եւ ուղարկել մշակույթի նախարարություն, բայց կարծիքի վերաբերյալ այդպես էլ ոչ մի պատասխան չեն ստացել, բացի փոխնախարար Դավիթ Մուրադյանի հարցից. «Ո՞վ է քեզ ասել, որ թատրոնը լուծարվելու է»: Թատրոնի գլխավոր ադմինիստրատորն էլ չի կարողանում հասկանալ. «Ուրիշ երկրներում հազարավոր մանր թատրոններ կան, նույնիսկ նկուղային հարկերում են գործում, ինչո՞ւ է մեր երկրում անհրաժեշտություն դարձել փակել մի թատրոնը՝ մյուսի գոյությունը պահելու համար»:
Տիկին Վահանյանը փաստեց նաեւ, որ թատրոնի ճակատագրի անորոշության պատճառով արդեն երեք ամիս պարապուրդի են մատնված:
Երեկ փորձեցինք գոնե հեռախոսով պարզաբանումներ ստանալ նաեւ «Գոյ» թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանից, սակայն նա համառորեն չէր վերցնում իր բջջային հեռախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել