Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵԼ ԿԱՍՏՐՈՆ ԲԱՐԵՎԵՑ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻՆ

Նոյեմբեր 27,2009 00:00

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախօրեին այցելել է Կուբա, եւ այնտեղից Ֆիդել Կաստրոյի ընկերակցությամբ հեռուստացույցով հետեւել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ժամանումը Վենեսուելա: «Ֆիդելն ինձ ասաց՝ «փոխանցիր Ահմադինեջադին, որ նրա այցը Վենեսուելա նույնն է, թե նա այցելել է Կուբա»,- հայտարարել է Չավեսը՝ արդեն հաջորդ օրը Իրանի նախագահի ընդունելության՝ Կարակասի «Միրաֆլորես» պալատում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ:
«News.ru»-ի փոխանցմամբ, իր ճառում Ահմադինեջադը Չավեսի մասին ասել է՝ «իմ եղբայրը», եւ ընդգծել Իրանի հետ բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը, որոնք նա գնահատել է որպես երկու երկրների միջեւ առկա «ռազմավարական ալյանս»: Իրանի նախագահը նաեւ հայտարարել է, թե «Վենեսուելայի եւ Իրանի ժողովուրդները իմպերիալիստական ագրեսիայի հետ պայքարի ընդհանուր ճակատ են ձեւավորել»: Ահմադինեջադը նաեւ շեշտել է, որ «խիզախ հեղափոխական Չավեսը ժայռի նման դիմակայում է յանկիների ագրեսիային»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը արդեն չորրորդ անգամ է այցելում Վենեսուելա, այս անգամ արդեն Լատինական Ամերիկայի երկրներ այցելության շրջանակներում: Առաջիկա օրերին նա կայցելի նաեւ Բրազիլիա եւ Բոլիվիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել