Լրահոս
Օրվա լրահոսը

Տպագրվել է դպրոցական հանրագիտարանի նոր հատորյակը

Նոյեմբեր 27,2009 00:00

«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը 3000 օրինակով հրատարակել է դպրոցական հանրագիտարանների երկրորդ գրքի առաջին հատորը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանն ասաց, որ գիրքը ներառում է պատմության, լեզվի, գրականության, մշակույթի, ճարտարապետության եւ հումանիտար այլ բնագավառներին վերաբերող հարցեր: Պարոն Այվազյանը հավաստիացրեց, որ նյութի ընտրությունը, ինչպես առաջին գրքում, կատարվել է հիմնականում դպրոցական ծրագրերին համապատասխան, ամփոփ եւ հանրամատչելի շարադրանքով. «Հանրագիտարանները, որպես կանոն, մեծ իրադարձություն են գրքի աշխարհում, հանրագիտարանի առաջին հատորը գրաշուկայի պատվերով այս տարի տպագրվեց եւս 1000 օրինակով: Վերջին շրջանում շրջանառվում են գրականության՝ ոչ պատշաճ ընդունելության եւ չընթերցելու մասին հայտարարությունները, բայց այն, ինչ հասարակությանը պետք է, նկատում են ու գնահատում»: Պարոն Այվազյանի խոսքով, հանրագիտարանի հատորները բովանդակային տարբերություններ ունեն. «Հանրագիտարանի առաջին հատորը ներկայացնում էր ճշգրիտ եւ բնական գիտությունները, այս գիրքը, կարծում եմ, ավելի հետաքրքիր պետք է լինի, այն հումանիտար հատվածն է, դպրոցին շատ ավելի պիտանի ու անհրաժեշտ նյութ է, հիմնական մասը մեր ժողովրդի պատմությունն է: Գիրքը չունի հայագիտական բնույթ, կա աշխարհի ցանկացած պատմական իրադարձության, երեւույթի, մարդու եւ մշակութային կոթողի մասին տեղեկատվություն»:
 ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանի կարծիքով էլ. «Դպրոցական հանրագիտարանը մեր մտավոր կյանքում խոշոր իրադարձություն է, այս հրատարակություններն առանձնահատուկ են նրանով, որ դպրոցականները կարող են իրենց սովորածն ամրապնդել այս գրքերով, որոնք նպաստում են աշխարհայացքի ընդլայնմանը, եւ, որ ամենակարեւորն է, սա միայն դպրոցականների համար չէ օգտակար, ինքս էլ թերթեցի ու նկատեցի, որ շատ ուսանելի է նաեւ մեծահասակների համար»: Նոր հատորյակն ընդգրկում է Ա-Հ (Հայաստանի) տառերով սկսվող 347 հոդված, 1391 պատկեր, 12 քարտեզ: Պարոն Բարխուդարյանը խոստովանեց, որ ԳԱԱ եւ իրենց բաժանմունքը հրատարակչությանը աջակցելու հարցում բավականին թերացել են, բայց խոստացավ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատել. «Մոսկվայի ռուսական հանրագիտարան» հրատարակչությունից նամակ են ուղարկել ակադեմիայի նախագահին եւ հայտնել հանրագիտարանների համառոտ ռուսերեն տարբերակների անհրաժեշտության մասին»: Պարոն Այվազյանն էլ ասաց, որ բացի ռուսերեն տարբերակից չունեն նաեւ էլեկտրոնային տարբերակը. «Մենք ընդամենը վերջերս ենք սկսել էլեկտրոնային տարբերակը պատրաստել, որ այն հասանելի լինի բոլորին»: Հանրագիտարանների հրատարակման գլխավոր խմբագիրը ափսոսում է, որ հանրագիտարանները միայն վաճառքի համար են նախատեսված. «Դպրոցականները ուղղակիորեն չեն ստանում հանրագիտարանները, դպրոցի գրադարաններ չեն հասնում, սա ինձ համար է խնդիր, բայց կարծում եմ, եթե պետության համար էլ խնդիր լիներ, այդ ուղղությամբ կաշխատեին»: Հ. Այվազյանն ասաց, որ ինչպես քրիստոնեության 1700-ամյակին նվիրված լույս տեսավ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը, այնպես էլ պետք է աշխատեն 2012թ. առաջին տպագիր գրքի տպագրության 500-ամյակի առիթով հայ գրքի հանրագիտարան տպագրել. «Դեռեւս պետական ծրագրով նախատեսված չէ, բայց մենք աշխատելու ենք, որ այդ տոնակատարությունից մի բան գոնե մնա»: ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչության գործի գործակալության պետ, բանաստեղծ, նկարիչ Էդվարդ Միլիտոնյանն էլ ասաց, որ նախորդ հանրագիտարանները նոր իրողություններին համապատասխան հրատարակելու ծրագրեր կան:
Հանրագիտարանի առաջին գրքի 1-2-րդ հատորները տպագրվել են 2008թ.:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել