Լոռու մարզկենտրոն Վանաձորի ավագանին երեկ հաստատել է համայնքի 2010 թվականի բյուջեն՝ 2 119 800 000 դրամ, ինչը 18 միլիոն դրամով պակաս է այս տարվա բյուջեից. պատճառը պետության կողմից տրամադրվող դրամաշնորհների կրճատումն է: Ըստ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Արթուր Սուքիասյանի, 2010-ի բյուջեն ավելի իրատեսական է. «Եթե կարողանանք այս բոլորն իրականացնել, հաջորդ տարի հնարավորություն կունենանք ավելի մեծ ծրագրեր կյանքի կոչել, ինչպես նաեւ առանց պարտքի մտնել նոր ֆինանսական տարի»:
Վանաձորը 2011-ին չի կարողանալու խուսափել ապառքներից: Այս պահի դրությամբ արդեն 147 միլիոն դրամ պարտք կա կուտակված, որից 130 միլիոնը մանկապարտեզների, սպորտդահլիճների եւ համայնքի մշակութային օջախների աշխատակիցների չվճարված աշխատավարձերն են: Ըստ քաղաքի գլխավոր ֆինանսիստի, կանխատեսվում է, որ տարվա վերջում պարտքը կարող է կազմել 262 միլիոն դրամ:
Ավագանու նիստի ընթացքում առաջարկ եղավ վերանայել տեղական տուրքերը եւ արտաքին գովազդի սակագները: Սակայն մտավախությունը, որ այդ դեպքում սպասարկման օբյեկտներ կփակվեն, եղած գովազդն էլ չի լինի, ստիպեց մոռանալ փոփոխությունների մասին: Եկամուտները ավելացնելու իր տարբերակը առաջարկեց քաղաքապետ Սամվել Դարբինյանը. «Մի օր քաղաքի ֆոնդերը վերջանալու են, ավելի լավ է շահագրգռել բնակչությանը՝ ավելի արագ վաճառեն հողերը, որպեսզի հողի վրա գնորդը գույք ստեղծի ու գույքահարկի ու հողի հարկի միջոցով բյուջեն լցվի»:
Նոյեմբերի 14-ին տեղեկացրել ենք, որ Դիլիջանի ավագանին քաղաքի համար եկող տարի նախատեսում է 590 միլիոն դրամ, այս տարվա 775 միլիոնի փոխարեն, կամ 185 միլիոնով պակաս: