Երեկ «Համերաշխություն» շարժումը «Տարվա ամենահամերաշխ մարդ» կոչումն է տվել հայտնի երգահան Արա Գեւորգյանին: Շարժման նախագահ Սարգիս Առաքելյանը հանդիսավորությամբ երաժշտին է հանձնել վկայականը եւ հուշամեդալը, որից հետո Արա Գեւորգյանը հայտարարել է. «Այսօր իմ խոսքը վերաբերում է ամբողջ աշխարհի մարդկությանը եւ, իհարկե, մեզ: Իմ խոսքից աշխարհը միանգամից չի խաղաղվելու, բայց ամենակարեւորն այն է, որ սա անում է հայը: Եվ պետք է ապացուցենք, որ մեր երկիրը, մեր ժողովուրդը խաղաղություն սիրող է: Խաղաղության այս կոչն ադրբեջանցիներին եւ թուրքերին չեմ ասում, այլ ամբողջ աշխարհին»:
Արա Գեւորգյանը խաղաղության կոչերը սկսել է անել 1999-ից, երբ աշխատում էր «Սիրեցէք զմիմեանս» նախագծի վրա, որտեղ բեմահարթակում մեկ ստեղծագործության մեջ աշխատում էին 14 ազգերի երաժիշտներ՝ իրենց ազգային գործիքներով:
Արա Գեւորգյանը իսրայելա-պաղեստինյան սահմանին խաղաղության համերգ կազմակերպելու առաջարկ է արել կողմերին, բայց դեռ պատասխան չկա: