Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

Նոյեմբեր 27,2009 00:00

Անցյալի իրողությունների վերլուծությունը հիմք է պնդելու, որ Վրաստանի
մայրաքաղաքում հայկական եկեղեցու փլուզման մեջ կա մարդկային գործոն:

\"\"\"\"

«Առավոտի» նոյեմբերի 20-ի համարում՝ «Փլվել է հայկական եկեղեցի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ նոյեմբերի լույս 18-ի գիշերը փլվել է Վրաստանի մայրաքաղաքի Աբո Թբիլելիի փողոցում գտնվող, 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր հայկական եկեղեցին: Ըստ պաշտոնական վարկածի՝ անձրեւաջրերից: Ընդ որում, 1990 թվականից Վրաստանի իշխանությունների կամոք փակված եկեղեցին վերականգնման ենթակա չէ: Նույն հրապարակմամբ եւ նոյեմբերի 21-ի «Փլուզման պատասխանատուն Վրաստանի իշխանությունն է» հոդվածով էլ տեղեկացրել ենք, որ Հայաստանի հոգեւոր իշխանությունները տեղի ունեցածի համար մեղադրում են Վրաստանի իշխանություններին, որ ձգձգում է հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը: Նոյեմբերի 25-ին Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության տնօրեն Նիկոլոզ Վաչեշվիլին «Արմինֆոյին» ասել էր, թե եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսված են: Իսկ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության մամուլի խոսնակ Նատիա Մուրաչաշվիլին report.am-ին ասել է, թե մասնագիտական խումբը փլված եկեղեցու մասին տեղեկություններ է հավաքում, բայց թե ինչ է հետեւելու «փաստահավաք առաքելությանը», չի ասվում: Նատիա Մուրաչաշվիլին ասել է նաեւ, թե «Վարդերի հեղափոխությունից հետո մեծ ուշադրություն է դարձվում պատմական հուշարձանների պահպանությանը. վերջին հինգ տարիների ընթացքում Վրաստանի տարածքում վերանորոգվել է մոտ 500 պատմաճարտարապետական համալիր»:
Դեռ մի կողմ, որ վրաց պաշտոնյաները առնվազն անկեղծ չեն, քանի որ անգամ փլուզված եկեղեցու նկարներից է երեւում, որ վանքը վերականգնման ենթակա չէ: Եկեղեցին իրոք անմխիթար վիճակում էր, բայց մեր տեղեկություններով, նախքան անձրեւաջրերից փլուզվելը, դեր է խաղացել «մարդկային գործոնը»: Այստեղ հարկ է քիչ հետ գնալ:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, 1991 կամ 1992 թվականին՝ Հայաստանի եւ Ղարաբաղի հերոսական դիմակայման տարիներին, Թբիլիսիում մի գիշեր փլվեց Սուրբ Կարմիր Ավետարան եկեղեցին: Կարմիր Ավետարանը կանգուն եւ ամուր շինություն էր: Պաշտոնական վարկածով՝ փլվեց երկրաշարժից, բայց ամուր եկեղեցու հարեւանությամբ գտնվող կիսախարխուլ տներին բան չեղավ: Այդ տները մինչեւ հիմա էլ կանգուն են: Ավելին. փլված եկեղեցուց մի շարք նախշաքարեր հայտնվեցին վրացական Մցխեթա եկեղեցում: Վրաստանի հայ երիտասարդների «Կանչ» միությունը հաջողել է որոշ խաչքարեր ու նախշաքարեր փրկել եւ տեղափոխել հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի: Սուրբ Կարմիր Ավետարանը, որ Եվրոպայի ամենաբարձր գմբեթով եկեղեցիներից մեկն էր, մինչեւ օրս փլուզված է: Սուրբ Կարմիր Ավետարանի փլուզումից հետո էլ Վրաստանի իշխանությունները խոստացան, որ հանձնաժողով են ձեւավորելու, վերականգնելու են եկեղեցին: Բայց 1990-ականների առաջին կեսը Հայաստանի համար դժվար տարիներ էին, եւ հարցը մտավ փակուղի: Կրկնենք. Սուրբ Կարմիր Ավետարան եկեղեցին դեռ չի վերականգնվել, փլատակ է:
Հիմա նույնը կատարվում է Մուղնեցոց Սուրբ Գեւորգի հետ: Ըստ ականատեսների, Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու պատը քանդվել է բեմի կողքից: Հայկական եկեղեցու բեմը մեծ է, վրացական եկեղեցիները՝ ընդամենը երեք աստիճան եւ երբ փորձում են վրացիացնել հայկական եկեղեցիները, սկսում եմ բեմից: Բեմը շատ ամուր է, պիտի առաջինը հենց բեմը քանդեն: Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու պարագայում հենց այդպես էլ եղել է. կիսավեր վանքի բեմը քանդել են, լրացուցիչ հարվածներ հասցրել ու անձրեւին շատ քիչ բան է մնացել անելու: Ամբողջ խնդիրը այն է, որ ինչպես Սուրբ Կարմիր Ավետարանը, այնպես էլ՝ Մուղնեցոց Սուրբ Գեւորգը հայերին վերադարձվելիք եկեղեցիների ցանկում էին: Ու, ցավոք, այսպես շարունակվելու պարագայում Վրաստանի բոլոր հայկական եկեղեցիներն էլ այս ճակատագրին կարժանանան:
Զարմանալի է, որ հայկական եկեղեցու փլուզումից հետո Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա կազմակերպող ջահելները ու նրանց ոգեւորող հոգեւորականները մատը մատին չէին խփում, չէին բողոքում, երբ Ռուսաստանում այլատյացության հողի վրա հայ էին սպանում: Բայց բողոքի մեկանգամյա ակցիայով եկեղեցի չես պահի: Վիրահայոց թեմը պետք է իր վճռական խոսքը ասի: Այսօր քիչ չեն վիրահայոց թեմից դժգոհ վիրահայերը: Իսկ վրացիները, որ Լոռին իրենցն են համարում, հեգնելով ասում են. եթե Հաղպատը մերը լիներ՝ վաղուց էինք նորոգել:
Թբիլիսիի Հավլաբար թաղամասի Սուրբ Էջմիածին եկեղեցին սողանքի կամ հոսող հողի վրա է կառուցված եւ պարբերաբար նորոգման կարիք է զգում: Մայր աթոռը հայտարարում է, թե գումարներ տվել է, բայց եկեղեցին նույն վիճակում է: Ու եթե վիրահայոց թեմի առաջնորդը պիտի մի քանի միլիոն դոլար գրպանը դնի ու բոցաշունչ խոսքեր ասի՝ եկեղեցու բողոքը ծիծաղելի է:
Այլ բան պիտի արվի: Թբիլիսիի Մելիք Տեր-Ազարյանի շենքում ժամանակին Վրաստանի մշակույթի նախարարությունն էր, այդ շենքը հիմա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պահպանման ցանկում է եւ ինչքան էլ վրացիները ուզենան՝ այդ շենքին բան անել չեն կարող: Մեզ այլ բան չի մնում, քան հասնել նրան, որ Վրաստանի հայկական եկեղեցիներն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ անցնեն: Իսկ սրա համար, աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները պիտի սկսեն Հայաստանի եկեղեցիներից, պիտի այնպես անեն, որ Հաղպատի եկեղեցու գմբեթի վրա ծառ չաճի, որ գոնե տարին մեկ մաքրվեն եկեղեցիների հարակից տարածքները, որ վրացիները մեզ չասեն. «եթե Հաղպատը մերը լիներ՝ վաղուց էինք նորոգել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել