Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՀՏ-Ն ՄԱՔՍԱՅԻՆԻ ՀԵՏ ԼԱՎ Է

Նոյեմբեր 27,2009 00:00

«Առավոտի» նոյեմբերի 18-ի համարում հրապարակված «Մաքսայինը խոչընդոտում է գործարարներին» հրապարակման մեջ անդրադարձել էինք այն խնդրին, որ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները ապրանքների ներկրման կամ վերաարտահանման ժամանակ մաքսայինի հետ մշտապես խնդիրներ են ունենում: Խնդրի վերաբերյալ զրուցել էինք «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ: Հոդվածի առնչությանբ պարոն Վարդանյանը «Առավոտին» ուղարկել էր հետեւյալ պարզաբանումը. «Կարծում ենք, թյուրըմբռնման պատճառով, հոդվածում տեղ են գտել մի քանի վրիպակներ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հոդվածի ուղղվածությանը՝ ներկայացնելու ՊԵԿ-ի աշխատանքը որպես խոչընդոտ ՏՀՏ ընկերությունների աշխատանքին: Ինչպես հայտնի է, ոլորտում առկա են օրենսդրական եւ վարչարարական խնդիրներ, որոնց լուծումը էականորեն կհեշտացներ ՏՀՏ ընկերությունների աշխատանքը: Սակայն հարցազրույցի ժամանակ խոսելով այդ խնդիրների մասին, իմ նպատակն էր շեշտադրել այն դրական առաջընթացը, որը տեղի է ունեցել տվյալ խնդիրների լուծման համար, այլ ոչ թե զուտ քննադատել մաքսային մարմինների գործունեությունը, ինչպես ներկայացված էր հոդվածում»: Պարոն Վարդանյանը նշում է նաեւ, որ ինքը հարցազրույցում կարեւորել էր «վարչապետի հանձնարարականով ստեղծված եւ ՏՏ ոլորտի ու Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խմբի ինտենսիվ գործունեությունը, որը ելքեր է որոնում մաքսային ոլորտում առկա խնդիրներից ձերբազատվելու համար, եւ արդեն իսկ արձանագրվել են լուրջ հաջողություններ»:
Նշենք, որ մեր հրապարակած հոդվածը ամենեւին նպատակ չուներ ավելորդ ինտրիգներ մտցնելու ՊԵԿ-ի եւ ՏՀՏ ոլորտի ընկերությունների հարաբերություններում: Ինչ վերաբերում է թյուրըմբռնմանը, ապա տեղեկացնենք, որ պարոն Վարդանյանը մեր հարցերին պատասխանել է գրավոր, որն էլ նույնությամբ հրապարակվել է հոդվածում: Գրավոր պատասխանը խմբագրությունում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել