Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՉԵՆ ԳՆԻ, «ՕՐԱՆԺԻՆ» ԷԼ ՉԵՆ ՄԵԿՆԱԲԱՆԻ

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"«ՎիվաՍելը» չի պատրաստվում բջջային մյուս օպերատորների հետ
փոխհամաձայնեցման, այլ կերպ ասած՝ MNP ծառայության պայմանագիր կնքել:

«ՎիվաՍելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «խոզագրիպի» դեմ պայքարի իր մեթոդներն ունի: Ձեռքերն անընդհատ օճառով լվանալու՝ բժիշկների խորհուրդներից բացի, նա մեր ազգաբնակչությանն առաջարկում է այնպիսի մեթոդ, որը թույլ կտա ոչ միայն «խոզագրիպով», այլ ընդհանրապես որեւէ գրիպով չվարակվել. «Պետք է աղաջուրը քթով քաշել ու բերանով թափել: Սա շատ լավ միջոց է, որը ինքս եմ կիրառում եւ չեմ հիվանդանում»: Ինչպես «խոզագրիպի», այնպես էլ ճգնաժամը շրջանցելու իր գաղտնիքները բացեց պարոն Յիրիկյանը՝ «Առավոտին» տված հարցազրույցում:
– Տարեսկզբում ասել էիք, որ ճգնաժամը հաղթահարելու համար պիտի ավելի զգուշավոր ծախսեր կատարեք ու շռայլություններ թույլ չտաք ընկերությունում: Ի՞նչ ծրագրեր եք հետաձգել՝ ճգնաժամի պատճառով:
– Մենք կարողացանք եկամտի անկումը սառեցնել եւ շուկայում ավելորդ ծախսեր չանել: Արտասահմանյան մատակարարների հետ բանակցել ենք, որ որոշ պայմանագրերում զեղչեր կիրառեն, վերանայեն սակագները, հակառակ դեպքում ասել ենք, որ կաշխատենք այլ մատակարարների հետ: Մեծ խնայողություններ ենք արել նաեւ գովազդներից: Մենք աշխատեցինք գովազդին մոտենալ ավելի բծախնդրությամբ եւ բավականին գովազդներ կրճատեցինք: Հետաձգեցինք նաեւ տարբեր ծախսային ծրագրեր: Մրցակցային շուկայում ժամանակ կար, որ մենք ընդհանրապես չէինք գովազդվում, որովհետեւ նախընտրեցինք մի քիչ ձեռնպահ մնալ ու խնայել այդ գումարները, պատկերացնում էինք, որ շուտով շուկան կակտիվանա, մրցակցային դաշտը կաշխուժանա եւ արդեն կարիքը կզգացվի գովազդի վրա գումար ծախսելու: Միայն գովազդն ինքը ծախսատար չէ, ծախս է գովազդի գաղափարը ստեղծելը, տպագրությունը, գովազդի պատրաստումը, այդ ամենը խոշոր ծախսեր են: Կարծում եմ՝ մեզ հաջողվեց այդ կերպ շրջանցել ճգնաժամը եւ նորմալ ֆինանսական արդյունքներ ձեռք բերել:
– Ձեր ընկերության 2-ամյակին «Առավոտին» ասել էիք, որ առայժմ չեք ուզում գնել «ԱրմենՏելը», քանի որ ուզում եք շուկան աշխույժ տեսնել, եթե գնեք այդ ընկերությունը՝ նորից պիտի վերադառնաք մենաշնորհային վիճակին, որին չեք ձգտում: Հիմա, երբ արդեն կա երրորդ օպերատորը, որը կապահովի շուկայի աշխուժությունը, որքանո՞վ է հնարավոր, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձեռք բերի «ԱրմենՏել» ընկերությունը:
– Որքան ես գիտեմ՝ մեր բաժնետերերը նման մտադրություն չունեն: Չեմ կարող ասել, թե ապագայում շուկայում որ մրցակցի հետ ինչ կպատահի, բայց այս պահին այդ գաղափարի շուրջ ոչ մի լուրջ մոտեցում չկա:
– «Օրանժ-Արմենիայի» մուտք գործելուց հետո «Բիլայնի» ղեկավարները հայտարարեցին, որ ամենեւին էլ նարնջագույն հեղափոխություն չեղավ եւ «Օրանժի» առաջարկած գներն էլ դեմպինգային չեն: Դո՞ւք էլ նույն կարծիքին եք:
– Մենք առաջին օրից էլ միշտ զերծ ենք մնացել մրցակցի քայլերը կամ սակագները մեկնաբանելուց: Յուրաքանչյուր ընկերություն առաջարկում է այն, ինչ հարմար է գտնում: Մենք միայն կարող ենք մեր բաժանորդներին խորհուրդ տալ, որ մեզնից սպասեն ավելին:
– «Օրանժ-Արմենիան» չէր բացառել, որ «ՎիվաՍելի» հետ փոխհամաձայնեցման պայմանագիր կկնքեն ու ձեր բաժանորդները կկարողանան նաեւ իրենց բաժանորդը դառնալ՝ միեւնույն հեռախոսահամարով, այսինքն՝ կգործի MNP ծառայությունը: Դուք հնարավոր համարո՞ւմ եք այդ պայմանագիրը:
– Փոխհամաձայնեցման պայմանագիր միանշանակ չենք պատրաստվում կնքել, մենք կնքել ենք փոխլծորդման պայմանագիր, որ մեր բաժանորդները կարողանան նրանց ցանցի հետ էլ կապվել, բայց MNP-ին մեր օրենսդրական դաշտը պատրաստ չէ: Մի քանի տարի կպահանջվի, որ այդ դաշտը կարգավորվի: Որովհետեւ եթե, օրինակ, «Բիլայնի» բաժանորդը MNP-ի տակ գնաց- մտավ «Օրանժի» ցանց եւ զանգ ստացավ, զանգը պիտի «Բիլայնի» մալուխով մտնի «Օրանժի» ցանց, եւ հստակեցված չէ, թե այդտեղ հաշվարկը ոնց է կատարվելու, անհասկանալի է, թե ով պետք է գանձի մուտքային գումարը, երբ արտասահմանից զանգ ստացվի՝ «Բիլա՞յնը», թե՞ «Օրանժը», բիլինգային համակարգերը ո՞նց պետք է աշխատեն: Թե՛ օրենսդրական առումով, թե՛ տեխնիկապես, այդ դաշտը պատրաստ չէ, հետեւաբար առաջիկայում նման հնարավորություն չի լինի: Նույնիսկ Եվրոպայում դեռ 100%-անոց չեն կարողանում երաշխավորել այս համակարգը, դեռ աշխատում են օրենսդրության վրա, որ այնպես անեն՝ օպերատորների միջեւ խնդիրներ չառաջանան: Հայաստանի համար դեռ վաղ է խոսել դրա մասին:
– Արագածոտնի մարզի Միրաք գյուղի բնակիչները, որոնք հիմնականում եզդիներ են, դժգոհում են, որ իրենց մոտ բջջային հեռախոսները չեն բռնում, որքան էլ խնդրել են «ՎիվաՍելին»՝ ընկերությունից ասել են, որ այդ գյուղում ալեհավաք տեղադրելը նպատակահարմար չէ: Հայաստանի քանի՞ նման բնակավայրերում դեռ բջջային հեռախոսը հասանելի չի լինելու: Եվ ի՞նչ պայմաններ պետք է լինեն, որ ընկերությունը նպատակահարմար գտնի այդ բնակավայրում ալեհավաք տեղադրել:
– Ճիշտ է, մենք ասել ենք, որ նպատակահարմար չէ: Երբ կայան ենք ուզում տեղադրել, տեղանքը լավ ուսումնասիրում ենք, եւ աշխարհագրական դիրքից ու չափումներից ենք որոշում՝ տեղադրե՞լ այդտեղ, թե՞ ոչ: Հատկապես գյուղական միջավայրում կայան տեղադրելիս մենք ձգտում ենք, որ օգուտ տանք մի քանի գյուղերի միաժամանակ, որ կայանն օպտիմալ ծառայի: Այն կայանը, որ ուզում են միրաքցիները, եթե տեղադրվի, օգուտ կտա միայն իրենց: Մենք 2010-ին փորձելու ենք այդ եւ շրջապատի այլ գյուղեր ներառել մեր ցանցում: Ես եզդիների ազգային պատկանելության դեմ ոչինչ չունեմ: Շատ եզդիներով բնակեցված գյուղեր կան, որտեղ կապ կա, եթե նման խնդիր լիներ՝ ոչ մի եզդի կապ չէր ունենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել