Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻՆԴԲԼԱԴԸ ՋԱՆՔԵՐ ԿԳՈՐԾԱԴՐԻ

Նոյեմբեր 27,2009 00:00

Նոյեմբերի 25-ին Շվեդիայի խորհրդարանում ՀԺԿ նախկին խոսնակ Ռուզան Խաչատուրյանը շուրջ 1 ժամանոց հանդիպում է ունեցել ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Գյորան Լինդբլադի հետ, որը նաեւ ղեկավարում է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը: Ռուզան Խաչատուրյանն «Առավոտին» Ստոկհոլմից հայտնեց. «Լինդբլադը շատ լավ տեղյակ էր Հայաստանում տիրող վիճակից եւ մտահոգված էր»։ ՀԺԿ նախկին խոսնակը նրան է փոխանցել դեռեւս բանտում գտնվող 15 քաղբանտարկյալների ցուցակը, նաեւ նրանց անունները, ովքեր ազատության մեջ են, բայց դատական գործընթաց է ընթանում՝ մասնավորապես Տիգրան Առաքելյանի եւ Արշալույս Հակոբյանի. «Վերջիններիս մասին գիտեր»: Հիշեցնենք, որ Լինդբլադը այն 15 պատգամավորներից է, որոնք հոկտեմբերի 13-ին ստորագրել են «Չարաշահումներ Հայաստանի քրեական արդարադատության համակարգում» նախաձեռնության ներքո, որտեղ եւ նշված է Առաքելյանի եւ Հակոբյանի դեպքերի մասին:
Ռուզան Խաչատուրյանը նաեւ փոխանցել է հայտարարություն՝ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի մասին, ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գործի էությունը. «Նա զարմացավ՝ 26.02.08 թ-ին. երկրից բացակայելու մասին նրան տրված տեղեկանքի մասին լսելով»: Գյորան Լինդբլադը խոստացել է այս տվյալները փոխանցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղարությանը. «Եվ խնդրեց կապի մեջ լինել եւ տեղյակ պահել բոլոր նորությունների, ինչպես նաեւ՝ Փաշինյանի ընտրության մասին»:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մարտի 1-ի հետեւանքների վերացման մասին «Ագոյի» խմբի օրերս տված դրական գնահատականին: Լինդբալդը, ըստ ՀԺԿ նախկին խոսնակի՝ համաձայնել է իր պնդմանը, թե այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչինչ չի արվում 10 սպանվածների գործի ուղղությամբ։ Ըստ Խաչատուրյանի՝ «Կարեւորն այն է, որ Գյորան Լինդբլադը գտնում է, թե Եվրոպայի խորհուրդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունը կայանա, եւ պատրաստ է անձամբ գործադրել ջանքեր»:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Շվեդիայի Ձախ կուսակցության նախկին ղեկավար եւ խորհրդարանի նախկին պատգամավոր Ուլլա Հոֆմանը, որը բազմիցս եղել է Հայաստանում, դիտարկել 2007-ի ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել