Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատգամավորի մեքենաները՝ տուգանային հրապարակում

Նոյեմբեր 27,2009 00:00

ՀՔԾ-ն որոշել է ստուգել Կարո Կարապետյանի «ինոմարկաները»

\"\"«Առավոտի» տեղեկություններով, օրերս Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մայրաքաղաքի տարբեր հատվածներից ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ են բերել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր «Յուվեցի Կարոյի»՝ Կարո Կարապետյանի թվով հինգ ավտոմեքենաները՝ «VW» մակնիշի 050 ՍԼ 25 համարանիշով, «BMW» մակնիշի երկու՝ 444 ՍՍ 44 եւ 222 ՕԼ 22 համարանիշներով ավտոմեքենաները, նաեւ «Range River» մակնիշի երկու ջիփերը՝ 888 ՍՕ 88 եւ 001 ՍԼ 25: Դրանք երեկվա դրությամբ էլ դեռ կանգնած էին տուգանային հրապարակում: Իհարկե, տվյալ դեպքում պատճառն ամենեւին էլ այն չէ, որ այս մեքենաները խախտել են երթեւեկության կանոնները կամ դրանք տեխզննման կտրոն չեն ունեցել, կտրոնները մեքենաների դիմապակուն փակցված չեն եղել: Պարզվում է՝ \"\"իրավիճակն ավելի լուրջ է, քանի որ, մեր աղբյուրների ասելով, մեքենաները տուգանային հրապարակ են բերվել ՀՀ հատուկ քննչական ծառայության ցուցումով՝ ստուգման նպատակով: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ի վարույթում շարունակվում է հոկտեմբերի 5-ին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը, որի շրջանակներում պատգամավորը իրեն պատկանող «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենայում կենցաղային հարցերի շուրջ վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, իսկ հետո իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել է Զադոյանի ուղղությամբ:
«Առավոտը» այս միջադեպի վերաբերյալ իր հրապարակումներից մեկում արդեն տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ում ընթացող նախաքննության ժամանակ, երբ ստուգվել էր պատգամավորի այդ՝ «Մերսեդես G500» մեքենան, պարզվել էր, որ այն գողացված է: Հիմա ՀՔԾ-ն, թերեւս, որոշել է ստուգել Կ. Կարապետյանին պատկանող նաեւ մյուս մեքենաները, թեեւ, մեր աղբյուրների ասելով, դրանք բոլորն էլ գտնվում են պատգամավորի ընտանիքին պատկանող «Շահումյան վին» գինու եւ կոնյակի գործարանի հաշվեկշռում:
Ի դեպ, երեկ, ժամը 10:00-10:30-ի սահմաններում, պատգամավորին ու նրա եղբորը՝ նույն գործով անցնող վկա, միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներից գետնին ուշագնաց տապալված Ա. Զադոյանին ծեծի ենթարկած Սիմոն Կարապետյանին տեսել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ: Իհարկե, դատախազության շենք, որտեղ տեղակայված է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, մտել է միայն Ս. Կարապետյանը: Վերջինս, ի դեպ, Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության հաշվառման քննական բաժանմունքի պետն է, ոստիկանության փոխգնդապետ: Մեր աղբյուրների ասելով, նա հրավիրված է եղել ՀՔԾ՝ հերթական հարցաքննության: Նրա 888 ՍՍ 18 համարանիշով «Միցուբիշի պաջերո» մակնիշի ջիփը երկար ժամանակ «հանգրվանել» էր դատախազության դիմացի մայթին: Ենթադրվում է, որ ՀՔԾ-ի քննիչները նրանից պարզելու շատ հարցեր են ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել