Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՐՄԱՆ»

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

– Շաբաթ օրը տեղի ունենալիք ՀՀԿ համագումարից առաջ բավականին հետաքրքիր զարգացումներ են լինում, վարչապետին դարձրիք հանրապետական, անկուսակցական նախարարներին դարձրիք հանրապետական: Ինձ թվում է՝ Հանրապետականի համար նոր մի փուլ է սկսվել. մի երկու տարի առաջ գործարարներն ու օլիգարխները դարձան ՀՀԿ անդամ, հիմա ավելի մտավորական եւ, կարծես, ավելի կիրթ մարդիկ են համալրում ՀՀԿ շարքերը, ինչո՞ւ է այդպես: Հասկացաք, որ կուսակցությունը նման անձանց կարի՞ք ունի:
– Հանրապետականը ոչ որեւէ մեկին դարձնում է, ոչ էլ մտցնում է կուսակցության շարքերը: Գաղտնիք չէ, որ մեր կուսակցությունը լուրջ, երկրի քաղաքական կյանքում իր խոսքն ասած եւ ասող կուսակցություն է, ուժեղ է, եւ տարբեր առիթներ կարող են լինել, որ մարդիկ ձգտեն մտնել հատկապես Հանրապետական կուսակցություն: Այսինքն՝ մենք մեծ խնդիր չունենք կուսակցության համալրման, առավել եւս, կուսակցություն անընդհատ գալիս-գնում են մարդիկ, ֆիլտրման պրոցեսներ են իրագործվում, եւ արդյունքում կուսակցությունն ավելի է ուժեղանում: Իսկ ինչ վերաբերում է վերջին մուտքին կուսակցություն, բնորոշումս հետեւյալն է՝ մեր թիմի անդամներն են, մեր առաջադրած թեկնածուներն են՝ որպես վարչապետ եւ նախարարներ, եւ մարդիկ փորձում են նաեւ կուսակցական աշխատանքներին իրենց մասնակցությունը բերել: Դա որեւէ առավելություն կամ պասիվություն չի ենթադրում, պարզապես կհեշտանա կուսակցության գործը, եւ կուսակցության այն քննարկումներին, որոնք կապված են կառավարության, պետության ռազմավարական ծրագրերի հետ, անմիջական մասնակցություն կունենան ե՛ւ նախարարները, ե՛ւ վարչապետը;
– Շատ համոզված ասում եք, որ հանրապետականը ոչ մեկին չի մտցնում կուսակցություն, եւ իրենք իրենց կամքով են դառնում կուսակցական, սակայն, ենթադրենք, նրանցից մեկը հրաժարվեր դառնալ կուսակցական, ինչպիսի՞ պատժամիջոցների կենթարկվեր:
– Ոչինչ չէր լինի, որովհետեւ նախադեպերը կան, երբ Հանրապետականը իշխանություն է եղել, բայց ունեցել է նաեւ կոմունիստ նախարար: Սա պետք է կապել կուսակցության որդեգրած այն քաղաքականության հետ, որ որեւէ անհատի, գործչի, որը ժողովրդի մեջ համակրանք ունի, չենք օտարում նրան ընդհանուր քաղաքական եւ պետական գործունեությունից: Իսկ եթե նկատի ունեք, որ մարդիկ ստիպողաբար կընդգրկվեն, դրա կարիքը ընդհանրապես չկա, որովհետեւ բոլորդ էլ տեսնում եք, որ ի տարբերություն որոշ կուսակցությունների, մեր կուսակցությունը մեծ կադրային բանակ ունի, առավել եւս, եթե կուսակցությունը ուժեղ չլիներ, այդ խոսակցությունները չէին լինի: Այսինքն՝ նկատի ունեք՝ այնքան զորեղ ենք, որ արդեն մարդկանց կամքի վրա՞ ենք կարողանում անդրադարձ կատարել: Սակայն որեւէ այդպիսի խնդիր չկա, բայց նաեւ շատ հաճելի է, որ երկրի վարչապետը ցանկացել է դառնալ մեր կուսակցության անդամը:
– Կարելի՞ է ասել, որ այս փոփոխություններով Հանրապետականը խորհրդարանական իր հաջորդ ցուցակն արդեն գծում է:
– Չէի ասի, թե սա փոփոխություն է կամ նախընտրական պայքար: Բանաձեւը հետեւյալն է՝ յուրաքանչյուր մուտք կուսակցություն դառնում է մեզանից մեկը: Մեզանում կարող է առանձնանալ միայն կուսակցության նախագահը՝ երկրի նախագահը, որն ամբողջ պետության երաշխավորն է եւ պատասխանատուն երկրի համար: Մնացածներն անդամներ են եւ մեզանից մեկն են:
– Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատանքը մի կուսակցության ներսում այն մարդկանց, որոնցից մեկը խոսում է երկրում առկա օլիգոպոլիաների, դրանց դեմն առնելու մասին, իսկ ոմանք հենց օլիգարխներ են: Ինչպե՞ս եք այդ անհամատեղելիությունը համատեղելու:
– Վարչապետը խոսում է ընդհանրապես օլիգարխիայի մասին, խոսում է ոչ թե որպես հատուկ իր անձնական ծրագիր, այլ իրականացնում է մեր ծրագիրը: Մեր ամբողջ ծրագրի մի բաղկացուցիչ մասը եւ նաեւ մեր երկրի ազգային անվտանգության հայեցակարգի մի ամբողջ մաս հենց դրան է ուղղված:
– ՀՀԿ համագումարից հետո ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում, խոսակցություններ կան, որ խորհրդի կազմում կլինեն փոփոխություններ, ի՞նչն ենք փոխելու:
– Լավ եմ գնահատում, որ մեր համագումարի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, հիմնականում համագումարում լինելու են ելույթներ, եւ առաջին հերթին՝ լինելու են կուսակցության ղեկավար, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական վերլուծությունները: Կարծում եմ՝ եւս մեկ անգամ կամրապնդվեն այն սկզբունքները, որ այսօր շրջանառության մեջ են, եւ պետությունն իրագործում է: Իսկ փոփոխությունները լինելու են կանոնադրական: Կուսակցության խորհուրդը դառնալու է ներկայացուցչական մարմին, մշտական գործող մարմինը գերագույն մարմինն է: Խորհրդի կազմում ընդգրկվելու են ի պաշտոնե կամ գործադիր մարմնի որոշմամբ՝ կուսակցության ակտիվ անդամները: Խորհուրդը քննարկել է, եւ, կարծում եմ, կառաջարկենք այսօր 12 հոգուց բաղկացած խորհրդում նաեւ վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածությունը: Փակ-գաղտնի քվեարկությունից հետո պարզ կլինի նաեւ գործադիր մարմնի կազմը:
– Որքանո՞վ են իրական այն պնդումները, թե ՀՀԿ-ն ձգտում է դուրս մղել ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին եւ նոր խորհրդարանում նրանց տեղեր չտալ:
– Քաղաքական տեսանկյունից դա անբարենպաստ վիճակ կստեղծի, այնպես որ, մենք նման միտումներ չունենք: Բայց պարզապես ասեմ, որ յուրաքանչյուր կուսակցություն պիտի ավելի լավ աշխատի՝ խորհրդարանում նորից տեղեր ունենալու համար: Կոնկրետ մենք՝ հենց որ ավարտվում են ընտրությունները, հաջորդ օրվանից պատրաստվում ենք նոր ընտրությունների:

Հ. Գ. Երեկ պարոն Սահակյանը նաեւ մամուլի ասուլիսի է մասնակցել, որի ժամանակ ասել է, որ ուժային կառույցներում եւ կառավարությունում առայժմ փոփոխություններ չեն նախատեսվում: Ըստ պարոն Սահակյանի, սա ամենահարմար պահը չէ փոփոխությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել