Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՂ-ՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ՝ ԱՅԼԵՎՍ ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ»

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"Կարծում է ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը

– Ի՞նչ է նշանակում ԼՂՀ խորհրդարանի նախորդ օրը տարածած հայտարարությունը՝ տեւական լռությունից հետո:
– Հավանաբար այն, որ Ղարաբաղում սկսել են հասկանալ՝ այլեւս լռել չի կարելի: Հավանաբար այն, որ մարդիկ սկսել են զգալ քաղաքական եղանակային վատ պայմանների՝ մառախլապատ մթնոլորտի ազդեցությունը սեփական քաղաքական հոդերի վրա։ Այս նվնվացող քաղաքական հոդացավը սկսել է անտանելի դառնալ։ Հավանաբար այն, որ ղարաբաղցիները վերջապես սկսել են զգալ վտանգը։
– Ինչո՞ւ հենց հիմա եւ ի՞նչ քննարկումների արդյունքում է ծնվել:
– Անկեղծորեն ասած՝ սույն փաստաթղթի թխման խոհանոցին ծանոթ չեմ եւ տեղեկացել եմ դրան նիստի ժամանակ, այնտեղ էլ իմ կարծիքը հայտնել եմ ու «ձեռնպահ» քվեարկել։ Մյուսները բոլորն էլ կողմ են քվեարկել, թեեւ կարծիքները զանազան էին։ Ինչո՞ւ հենց հիմա է ծնվել։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մյունխենյան հանդիպումից հետո շրջանառված լուրերն են դրդել կամ էլ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ դեկտեմբերի սկզբին Աթենքում կայանալիք նիստից վատ սպասելիքները։ Չեմ բացառում նաեւ, որ սա լիովին ինքնուրույն քայլ լինի:
– Իսկ ինչո՞ւ եք «ձեռնպահ» քվեարկել։
– «Դեմ» չեմ եղել, քանի որ ինքս եմ բազմիցս քննադատել ղարաբաղյան կողմի սպասողական, կրավորական կեցվածքը եւ գտնում եմ, որ ինքնուրույն քաղաքականություն վարելու, սեփական քայլեր անելու ժամանակն է վաղուց, իսկ սա քայլ էր՝ լավ, թե վատ։ «Կողմ» չեմ եղել, քանի որ այնքան էլ լուրջ ու իմաստալից չեմ համարում նման տեքստը եւ գտնում եմ, որ կարելի էր շատ ավելի սկզբունքային, նաեւ կոշտ հայտարարությամբ հանդես գալ եւ բարձրաձայնել սեփական հստակ դիրքորոշման մասին։ Իմ կարծիքով, սա ոչ թե քայլ է, այլ քայլ անելու հավանականության մասին հայտարարություն, ինչն անիմաստ եմ համարում։ Ի վերջո, ի՞նչ է նշանակում այս միտքը. «ԼՂՀ Ազգային ժողովը, հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը»։ Իրավունքը ոչ ոք մեզնից չի էլ խլել, իրավունք ունենք՝ ուրեմն պիտի խոսենք, ի՞նչ իմաստ ունի փաստել մեր չօգտագործվող իրավունքը։
Այսպես թե այնպես, ուրախ եմ, որ մենք քայլ արեցինք, տեղից շարժվեցինք։
– Ըստ Ձեզ, ինչպե՞ս էր պետք կոշտացնել հայտարարությունը եւ ի՞նչ դիրքորոշում էր պետք բարձրաձայնել։
– Կարծում եմ, մենք պիտի հարմար առիթն օգտագործեինք՝ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարելու, որ նախ՝ չենք պատրաստվում մեր ճակատագրի շուրջ առանց մեր մասնակցության ձեռք բերված պայմանավորվածությունների համար պատասխանատվություն ստանձնել ու ոչ մեկին չենք լիազորել ներկայացնելու մեր շահերը բանակցային գործընթացում, եւ ապա աշխարհին ուղերձ հղեինք մեր նորանկախ պետության ճանաչման առաջարկով՝ դա չկապելով բանակցային գործընթացի հետ։ Ղարաբաղյան արտաքին քաղաքականության պատասխանատուները գրեթե ոչինչ չեն արել նորանկախ երկրի միջազգային ճանաչման ուղղությամբ: Մեծ սխալ էր ԼՂՀ ճանաչումը կախման մեջ դնելը բանակցային գործընթացից, շատ ավելի արդյունավետ կլիներ այս երկու ուղղությունների համատեղումը՝ շեշտը դնելով հենց ճանաչման վրա։ Ժամանակին մեր նախկին արտգործնախարարներից մեկը հայտարարել էր, որ եթե այսպես շարունակվի, ապա ԼՂՀ-ն ստիպված է լինելու աշխարհին դիմել ճանաչման խնդրանքով։ Նորերս էլ մեր քաղաքական գործիչներից մեկը կրկնեց նույն միտքը։ Ազգային ժողովի նիստում ես հիշեցրի, որ 1991 թվականի դեկտեմբեր 10-ին՝ անկախության հանրաքվեի ժամանակ, քվեաթերթիկում գրված չէր՝ «Կո՞ղմ եք Լեռնային Ղարաբաղի անկախությանը՝ եթե Ադրբեջանը այսպես շարունակի»։ Մեր բնակչությունը առանց նախապայմանի է քվեարկել անկախության օգտին, դրանով իսկ իր իշխանություններին պատվիրելով ամեն ինչ անել երկրի միջազգային ճանաչման համար։ Բայց իշխանություններն առայսօր ոչինչ չեն արել այդ ուղղությամբ։
Հետո էլ, ի վերջո, ինչքա՞ն կարելի է մեր գործունեությունը պայմանավորել Ադրբեջանի վարքով։
– Իսկ ճանաչումից հետո չի՞ իմաստազրկվի բանակցային գործընթացն ընդհանրապես։
– Ամենեւին, քանի որ բոլոր հարցերն էլ շարունակելու են մնալ օրակարգում՝ սահմանների, փախստականների եւ այլն։ Պարզապես այս պարագայում մենք հանդես ենք գալու որպես լիիրավ բանակցող կողմ, որպես լիարժեք պետություն։ Ու ստանձնելու ենք պատասխանատվությունը ամեն ինչի համար։ Այսպես պատասխանատվությունն ավելի շատ կլինի, քան ներկայումս, երբ կանք-չկանք, մասնակցում ենք-չենք մասնակցում, պատասխանատվություն ունենք-չունենք։ Ճանաչելով՝ կմեծացնեն մեր պատասխանատվությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել