Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԵՔ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ԷՄՈՑԻԱՆԵՐՈՎ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Հակառակ դեպքում՝ կծերանաք 

«Մաշկի ծերացումը սկսում է անհանգիստ ու դժվար կյանքից: Բացասական ազդեցությունները, սթրեսները, ապրումները, հուզական անհավասարակշռված վիճակը նպաստում են մաշկի ծերացմանը: Իսկ եթե կինը բնածին հուզական ապրումներով ապրող անձ է, ուրեմն նրա արտաքինի վրա վատ ազդեցություն կունենա իր ապրելակերպը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բժիշկ-դերմատոկոսմետոլոգ Մարինե Օհանյանը:
Նրա բնութագրմամբ, միայն սթրեսը չէ, որ պատճառ է հանդիսանում մաշկի ծերացման համար. «Կինը պետք է հետեւի իր ապրելաձեւին, այսինքն՝ օրվա ընթացքում ունենա հանգստի ժամեր, որը բացակայում է մեր հայ կանանց մոտ եւ բացարձակ չի խրախուսվում, ինչն էլ առաջին պատճառն է վաղաժամ ծերացման: Հայ կինը ամբողջովին տրվում է իր հոգսերին եւ մոռանում է, որ պետք է մի քիչ էլ հանգստանա՝ ունենա այնպիսի ժամեր, երբ ինքն անհոգ է, չմտածի ոչ մի բանի մասին: Իսկ հայ կանայք ի՞նչ են անում, նստում եւ ձեւացնում են, թե հանգստանում են, բայց մտքերով դարձյալ տարված են հոգսերով ու այս ամենով հանդերձ դեռ համարձակվում են բողոքել, որ իրենց մաշկը ծերանում է»:
Մեր զրուցակիցը նշեց, որ հանգստի ժամեր ասելով նկատի ունի լավ ժամանցը՝ հաճելի մթնոլորտում: Բայց, ըստ նրա,  հայ կանայք այդ ամենն ընկալում են իբրեւ բամբասանքի ժամեր. «Բամբասելով չես հանգստանա: Իսկ առողջ մաշկ, գեղեցիկ արտաքին ունենալու առաջին նախապայմանը՝ դրական էմոցիաներով ապրելն է, դրական լիցքեր ունենալը»:
Մ. Օհանյանի խոսքով, խնամված արտաքին եւ առողջ մաշկ ունենում են լավատես կանայք. «Իզուր չէ, որ երբեմն ասում են՝ այսինչ մարդու աուրան դրական է, լավն է: Իսկ նրանք այն տիպի մարդիկ են, որոնք լավատես են, դրական լիցքեր են հաղորդում: Բայց նմանատիպ կանանց կողքին էլ կա այնպիսի մի խավ, որոնք ապրում եւ ուրախանում են իրենց կողքինի վատ վիճակով, անհաջողություններով. հենց այս տիպի կանանց մաշկն է, որ ավելի վաղ է ծերանում: Սովորաբար նրանց դեմքի արտահայտությունը լավը չէ. նրանց միջի չարությունը դուրս է գալիս եւ արտացոլվում արտաքինի վրա»:
Բժիշկ Օհանյանի խոսքերով, լավատես մարդու մաշկը ուշ է ծերանում. «Ամեն դեպքում նրանց վրա այդ ծերությունը չի երեւում: Ամենակարեւորներից մեկն էլ հոգով երիտասարդ երեւալն է: Իսկ ինչպիսի՞ն են այսօր մեր հայուհիները՝  նստած, ծանր, ալարկոտ, չեն ուզում շարժվել, իրենց մասին շատ մեծ կարծիք ունեն: Իսկ այսպես հոգին ծերանում է»:
Ինչ վերաբերում է մաշկի վրա արեւի թողած ազդեցությանը, ապա մեր զրուցակիցն ասաց. «Արեւն ինքնին բավականին բարդ գործոն է մարդու արտաքինի համար, մասնավորապես հայաստանյան կիզիչ արեւը, որն ուղեկցվում է տապի հետ: Արեւը մաշկի վրա երկու բացասական ազդեցություն ունի. նախ ջրազերծվում է այն, ապա  արեւի ազդեցությունն անմիջապես ուղղվում է մաշկի վրա: Սակայն առանց ուլտրամանուշակագույն ճառագայթի մենք ապրել չենք կարող: Այն տարածքներում, որտեղ չկա արեւ կամ շատ քիչ է, դեպրեսիաները, հոգեկան ընկճվածությունը, մահափորձերը շատ են: Որպես օրինակ ասեմ՝ արեւի ազդեցությունից մաշկի մեջ վիտամին Դ է սինթեզվում: Իսկ Հայաստանի արեւը չափից ավելի է եւ դրական դեր չի խաղում մարդու մաշկի համար. այն վնասում է մաշկը: Բացի այդ, կան տարբեր ճառագայթներ, որոնք մաշկի խորության վրա են աշխատում:  Կա ճառագայթի մի տեսակ,  որը մտնում է բուն մաշկի մեջ՝ ձեւափոխելով այն եւ հասնելով մինչեւ մաշկի մեջ գտնվող թելիկները: Արդյունքում՝ այդ թելիկները կտրտվում են եւ կորցնում իրենց կապը: Իսկ գիշերվա ընթացքում, երբ մաշկը պետք է հանգստանա, այդ վերականգնողական պրոցեսը չի համապատասխանում ցերեկվա ընթացքում ստացած վնասվածքներին: Այս ամենի արդյունքում մաշկը չորանում, բարակում է, այսինքն՝ պինգմենտավորվում արեւից եւ վիզուալ աչքով նկատելի է դառնում ոչ խնամված մաշկ, որը կոչվում է ֆոտոծերացում»:
Մ. Օհանյանը հավելեց, որ մաշկին շատ անհրաժեշտ է խոնավացում, հակառակ դեպքում՝ այն կկոշտանա եւ կչորանա: Մեծ նշանակություն ունի նաեւ ճիշտ ընտրված օճառը: Ըստ նրա, օճառը  ճարպազերծում է մաշկը՝ հետեւաբար պետք է ճիշտ օճառ ընտրել եւ ճիշտ տեխնիկայով լվացվել. «Սուրճ, թեյ, թմրադեղեր, վատ տրամադրություն, ընկճվածություն. այս ամենը առաջացնում է մաշկի վաղաժամ ծերացում: Նշեմ նաեւ, որ հուսահատությունն ու բացասական ազդեցությունները շատ ավելի վատ են ազդում մաշկի վրա, քան ծխախոտը, սուրճը…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել