Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԼԻՆԵՆ ԻՐ ԽՈՍՔԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ԱՍԻ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Կորեայի Գոյանգ քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնության՝ մեզ համար մեկնարկած կանանց պայքարը մեր հանրապետության հաշվարկին մեդալ չբերեց:

Կանանց մրցապայքարում Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը, հանդես գալով մինչեւ 63 կգ քաշային կարգում, երկամարտի 235 կիլոգրամով բավարարվեց իր համար անսովոր՝ 6-րդ տեղով:
Գյումրեցի մարզուհին արեց ամեն բան՝ մրցանակային տեղ գրավելու համար, սակայն, դատելով մրցակիցների ելույթներից, նա այսօր օբյեկտիվորեն դրան պատրաստ չէր: Բայց ոչ այն պատճառով, որ վատ էր նախապատրաստվել: Հակառակը: Որքան հիշում ենք, Մելինեն Կորեայում 7 կիլոգրամով գերազանցեց Եվրոպայի առաջնությունում իրեն չեմպիոնություն պարգեւած ցուցանիշը: Սակայն դա աշխարհի համար քիչ էր: Գոյանգի մրցահարթակում պարզորոշ երեւաց, որ մարզուհին դեռ լիովին չի վերականգնվել՝ անցած տարի օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի օր առաջ ուժեղ թունավորվելուց հետո: Մարզասերները հիշում են, որ այն ժամանակ բժիշկները Մելինեին կտրականապես արգելեցին մեկնել Պեկին, իսկ բուժումը շատ երկար տեւեց: Անգամ ամիսներ անց Մելինեն Եվրոպայի հերթական առաջնությանը չմասնակցեց: Դեռ չէր կարելի:
Դալուզյանը շատ ուշ վերսկսեց լիարժեք մարզումները եւ իր լավագույն մարզավիճակին շատ դանդաղ ու անշտապ էր մոտենում: Իսկ երեկ պարզ դարձավ նաեւ, որ իր մասնակցած վերջին՝ Եվրոպայի առաջնությունից ավելի լավ վիճակում լինելը դեռ աշխարհի առաջնությունում մեդալների հավակնելու լավագույն պայմանը չէ:
Այդուհանդերձ, մարզուհին երեկ ցույց տվեց իր իրական ֆիզիկական ներուժը: Նա յուրաքանչյուր մրցաձեւում կատարեց ընդամենը մեկական արդյունավետ մոտեցում՝ պոկում վարժությունում բարձրացնելով 105 (7-րդ արդյունք), իսկ հրումում՝ 130 (6-րդ ցուցանիշ) կիլոգրամ, ինչը հույս է ներշնչում, որ ապագայում վարժությունների կատարման արագությունն էլ տեղը բերելու դեպքում նրան հասանելի կարող են լինել նաեւ օլիմպիական պարգեւները:
Իսկ 63 կգ քաշային կարգում մրցանակային եռյակը կազմեցին:
1. Մայա Մանեզա (Ղազախստան)՝ 105+141=246 կիլոգրամ:
2. Սվետլանա Ծառուկաեւա (Ռուսաստան)՝ 11+135=246:
3. Սիբել Սիմսեկ (Թուրքիա)՝ 108+135=243:
Մայա Մանեզան աշխարհի չեմպիոնուհու կոչմանն արժանացավ միայն անձնական թեթեւ քաշի շնորհիվ:
Հայաստանից այսօր մրցահարթակ են մտնելու 85 կգ քաշայիններ, Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Գեւորիկ Պողոսյանը, վաղը՝ 69 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, իսկ նոյեմբերի 28-ին Հայաստանի մրցելույթները կեզրափակի Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75 կգ քաշային կարգ:
Ծանրամարտի սիրահարները, անշուշտ, հիշում են մի քանի տարի առաջ հանրապետության ազգային հավաքականի հիմնական անդամներից մեկին՝ սպիտակցի Արմեն Ղազարյանին: Մասնագետները նրան այն ժամանակ լավ մարզական ապագա էին գուշակում: Բայց մարզիկը, հետեւելով հոր՝ անձնական մարզիչ Մհեր Ղազարյանի շահադիտական նկատառումներով անհեթեթ խորհուրդներին ու հորդորներին, մեկնեց Ռուսաստան: Այդ ամբողջ ընթացքում Արմենի անունը ոչ մի լուրջ մրցմանը չէր երեւում: Եվ ահա նա ՌԴ հավաքականի կազմում 77 կգ քաշային կարգում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ «B» խմբում եւ երկամարտի 330 կիլոգրամով գրավել ընդամենը 12-րդ տեղը: Եվ դա այն դեպքում, երբ նույն քաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձած Առաքել Միրզոյանը Արմեն Ղազարյանի լավագույն տարիներին մարզաձեւում առաջին քայլերն էր անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել