Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Անհարմար եմ զգում ինքս ներկայացնել»

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Իր ղեկավարած «Սերենադ» կամերային նվագախմբի արտերկրյա հաջողությունների մասին ասում է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

«Սերենադ» կամերային նվագախումբը օրերս վերադարձավ Շվեյցարիա եւ Գերմանիա կատարած համերգային ուղեւորությունից: 1991թ. դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հիմնադրած այս նվագախումբը, սկսած 1992-ից, համերգներով պարբերաբար հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Ավստրիայում, մասնակցելով նաեւ միջազգային մրցույթների: Հատկանշական է հատկապես 1995թ. Հռոմում կայացած «Valentino Busshi» միջազգային մրցույթում կոլեկտիվի շահած 1-ին մրցանակը: Մինչ այդ, կոլեկտիվն արդեն բարձր գնահատականի էր արժանացել նաեւ Իտալիայի Վալզոլդա քաղաքում տեղի ունեցած մրցույթում: «Առավոտի» դիտարկմանը, թե 90-ականներից կարծես ավանդական են դարձել «Սերենադի» համերգները Շվեյցարիայում եւ Գերմանիայում, Էդ. Թոփչյանը նշեց, որ 18-ամյա «Սերենադը» Եվրոպայում ունեցել է ավելի քան 1000 համերգ, հետո հավելեց. «Մեր համերգային շրջագայությունները Գերմանիա իսկապես հաճախակի են: Այնտեղ ունենք ագենտ, որը զբաղվում է նվագախմբի հյուրախաղերով,  եւ հետո՝ Եվրոպայում, «Սերենադը» ցանկալի հյուր է: Այս անգամ համերգներ ունեցանք 9 քաղաքում՝ Բեռն, Բազել, Ցյուրիխ, Էսսեն, Էսլինգեն, Լյուբեկե, Գրեվեն, Հայդելբերգ եւ Լյուցեռն: Համաշխարհային դասական երաժշտությունից բացի (Չայկովսկի, Մոցարտ, Շոմբերգ եւ այլն), ներկայացրինք նաեւ Միրզոյանի ու Հալաջյանի ստեղծագործությունները»: Մեր զրուցակիցը հիացած էր ոչ միայն գերմանացի հանդիսատեսի վերաբերմունքից, այլ նաեւ մամուլից. «Օրինակ, կարող եք ինտերնետում կարդալ, թե ինչ է գրում «Սերենադի» ելույթից հետո Գրեվենի «Munstersche Zeitung»-ը: Պարզապես անհարմար եմ զգում ինքս ներկայացնել գովեստներն ու շռայլ գնահատականները»:
Անդրադարձանք նրա ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը, փաստելով, որ այս տարի վերջինի երկացանկում հաճախ ենք հանդիպում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, այդ թվում՝ Միրզոյանի, Հարությունյանի, Տերտերյանի, Մանսուրյանի, Շարաֆյանի, Չաուշյանի: Մի փաստ եւս. նվագախումբը հաճախ ղեկավարում են հրավիրյալ դիրիժորներ, այդ թվում՝ հռչակ վայելող: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ արդյո՞ք հրավիրյալները իր տեղն այդպիսով շատ չեն «գրավում», պարոն Թոփչյանը պատասխանեց. «Աշխարհի առաջնակարգ նվագախմբեր հենց այս աշխատաոճն են որդեգրել: Յուրաքանչյուր դիրիժոր իր ասելիքն ունի: Եվ նվագախմբի արտիստները, եւ մեր հանդիսատեսը պետք է շփվեն մեծանունների հետ: Օրինակ, այս տարի հրավիրյալների թվում էին նաեւ ճանաչված արվեստագետներ Ջոն Նելսընը, Քրիստոֆեր Ուորն-Գրինը եւ այլք»:
«Առավոտն» անդրադարձել է այս աշնանը Ֆիլհարմոնիկի՝ Ճապոնիայում ունեցած 15 համերգին: Թոփչյանը հայտնեց, որ 2011թ. Ֆիլհարմոնիկը դարձյալ հյուրախաղերի կմեկնի Ճապոնիա, ինչպես նաեւ Կորեա եւ ԱՄՆ, իսկ 2010-ի ընթացքում կանցկացնի եվրոտուր. «Հանդես կգանք այնպիսի հեղինակավոր սրահներում, ինչպիսիք են Ֆրանկֆուրտի «Ալտես օպերը», Մյունխենի «Գաստայգը», Բրատիսլավայի «Ռեդուտան», Պրահայի «Ռուդոլֆինիումը», Կլագենֆուրտի «Մյուզիկ Ֆերայնը»:
Խնդրեցինք, ղեկավարած նվագախմբերից բացի, ծանոթացնել նաեւ իր վերջին շրջանի արտերկրյա անհատական գործունեությանը: «Այս տարի ղեկավարել եմ Իսպանիայի, Կորեայի նվագախմբերը, իսկ Շտուտգարդի օպերային թատրոնի Վերդիի «Տրավիատա» ներկայացմամբ հանդես եմ եկել Լյուքսեմբուրգի, Լեոնումի թատրոններում»,- ասաց Էդ. Թոփչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել