Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱՖԻՏԻՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՉԷ ՀԱՅԵՐԻՆ

Նոյեմբեր 26,2009 00:00

Քանի որ մեր երկրում հիմնականում նախընտրում են նկարել կտավի վրա

«Հայաստանում կալիգրաֆիտին (գեղագրության եւ գրաֆիտիի համատեղումը) որոշակի տարածում ունի, բայց՝ ոչ պատերի վրա: Պատճառները երկուսն են. առաջին՝ մարդիկ արվեստի այս տեսակը համարում են վանդալիզմ եւ երկրորդ՝ ի տարբերություն Ռուսաստանի, եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի, Հայաստանում չկան համապատասխան ներկեր, նյութեր, միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր է լավ որակ ապահովել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է գրաֆիտիի սիրահար Ստեփան Եսայանը: Նրա խոսքով, արվեստի այս տեսակը աշխատատար է եւ կարեւոր, «որովհետեւ ստեղծում ես մի բան, որ քեզ դուր է գալիս եւ իրական է, միեւնույն ժամանակ անում ես այն, ինչ չի անում ուրիշը»:
Մեր զրուցակիցը պատմեց, որ ինքը որպես նորարարություն իր աշխատանքներում «կիրառում» է պարզությունը, չնայած գրաֆիտին ենթադրում է շատ գույներ. «Ես ընդամենը երեք գույնով եմ աշխատել, այսինքն՝ աշխատանքս ինքնին պարզություն է արտահայտում: Գրաֆիտիին կլորություններն են հատուկ, բայց ես նախընտրում եմ «անկյունայնությունը»…»: Ստեփանն ասաց նաեւ, որ իր աշխատանքները հոգեվիճակին համապատասխան տրամադրություններ են արտահայտում. «Օրինակ, անկյունային սլաքներն արտահայտում են, որ իմ կյանքի տվյալ փուլում ագրեսիվ եմ տրամադրված եւ կարող եմ անպատասխանատու քայլեր գործել»: Նկարիչ Հայկ Հակոբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ափսոսանքով փաստեց, որ արվեստի այս տեսակը զարմանալիորեն շարունակում է Հայաստանում չզարգանալ. «Երեւի ժամանակի խնդիր է: Գրաֆիտին նախընտրում են նոր սերնդի ներկայացուցիչները: Ավագ սերնդի արվեստագետները հիմնականում չեն ընդունում այն, որովհետեւ նախ չեն կարողանում այդ ժանրում ստեղծագործել, եւ հետո իրենք իրենց ժամանակի մեջ են ստեղծագործում, մենք՝ մեր»: Հայկի կարծիքով, վերջին տարիներին երիտասարդների շրջանում գրաֆիտիի նկատմամբ այնուամենայնիվ հետաքրքրություն է նկատելի. երբ անցորդները քաղաքի որեւէ մասում նման աշխատանքներ են տեսնում, անպայման մի պահ կանգնում են եւ ուշադիր դիտում աշխատանքը:
Անժելա Կարապետյանն էլ հավաստիացնում է, թե գրաֆիտին պետք է «ներսով» զգալ, հակառակ դեպքում պատի «հետ» աշխատելը հեշտ չի լինի: Նա չի սիրում միայն կալիգրաֆիտին, այսինքն՝ միայն տառատեսակներով աշխատելը. «Նախընտրում եմ հատկապես կենդանիներով ու ինքնատիպ լուծումներով ստեղծագործելը: Այդպես փորձում եմ առանձնանալ մյուսներից»:
Իրանցի ուսանող Ալի Անսարին կարծիք հայտնեց, թե Հայաստանում երիտասարդներից շատերը արվեստի այս տեսակով ստեղծագործելու մեթոդներին տեղյակ չեն. «Պետք է գան, տեսնեն ու սովորեն»: Նրա համոզմամբ, գրաֆիտին մարդկանց վրա կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան գովազդային պաստառները: Հրաչ Ռուշանյանն էլ է փաստում, որ Հայաստանում գրաֆիտին գնահատողները փոքրամասնություն են:
ՆՓԱԿ-ում բացված «Կալիգրաֆիտի» խորագրով ցուցահանդեսի համակարգող Արփա Հակոբյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ կալիգրաֆիտիի ցուցադրությունը կազմակերպելիս փորձել է հասկանալ, թե երիտասարդները ինչպես են կարողանում փոխանցել տառը՝ որպես պատկեր: Նրա խոսքով, Հայաստանում եւ արտերկրում կալիգրաֆիտիի հանդեպ վերաբերմունքը տարբեր է. «Երեւի հայ արվեստագետները նախընտրում են նկարել միայն կտավի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել