Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիբանանցի «կախարդը» մահապատժի կենթարկվի

Նոյեմբեր 26,2009 00:00

Սաուդյան Արաբիայում հեռուստահաղորդավարին դատապարտել են մահապատժի. կախարդության մեջ մեղադրված եւ «սեւ մոգ» ճանաչված Լիբանանի քաղաքացին կախաղան կհանվի: «Sky News» հեռուստաընկերության փոխանցմամբ, Ալի Սաբաթը մահապատժի կենթարկվի այն բանի համար, որ նա պարբերաբար հանդես է եկել լիբանանյան արբանյակային հեռուստաալիքի եթերում եւ մարդկանց ապագայի վերաբերյալ գուշակություններ է արել, հեռուստադիտողներին խորհուրդներ է տվել ինչպես վարվել այն իրավիճակներում, որում նրանք հայտնվել են: Ամբաստանվողի ասելով, դատաքննության ընթացքում իրեն արգելել են փաստաբան ունենալ, իսկ հետո նաեւ խաբեության միջոցով ստիպել են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ:
Դաժան դատավճիռը ապշեցրել է իրավապաշտպաններին: «Սաուդյան դատարանները տառացիորեն վհուկների որս են սկսել»,- հայտարարել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության՝ Մերձավոր Արեւելքի տնօրեն Սառա Լեա Ուիթսոնը: Նրա ասելով, կախարդության մեղադրանքը օգտագործվում է ամենատարբեր դեպքերում, եւ ամբաստանվողներին սպառնում է պետության կողմից հավանության արժանացած մահապատիժ: Միայն նոյեմբերին Սաուդյան Արաբիայում կախարդության մեղադրանքով կալանավորվել է երկու մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով, «վհուկներին» եւ «կախարդներին» այսօր էլ սպանում են շատ երկրներում: «Սեւ մոգերին» պաշտոնապես մահապատիժ է սպառնում, օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում: Արտադատարանական մահապատիժների իրականացման պրակտիկան մինչ օրս էլ կիրառվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Հնդկաստանում, Նեպալում, Գանայում, Մոզամբիկում, Նիգերիայում, Անգոլայում, Նոր Գվինեայում եւ Մեքսիկայում: Տանզանիայում, ըստ որոշ հաշվարկների, կախարդության կասկածանքի համար տարեկան սպանվում է մինչեւ հազար կին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել