Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԸ ՉԻ ՎԱՏԱՑԵԼ՝ ԼԱՎԱՑԵԼ Է

Նոյեմբեր 26,2009 00:00

«Առավոտի»՝ սույն թվականի նոյեմբերի 6-ի համարում տպագրվել է «Ուզում են փակե՞լ Սեբաստիան» վերտառությամբ «Սեբաստիա» կրթահամալիրին վերաբերող մի նյութ, որը հիմնված է հանրապետության ղեկավարությանն ուղղված մի խումբ ծնողների բաց նամակի վրա։ Հասկանում ենք, որ ծնողներից ոմանք կարող են ունենալ առանձին դժգոհություններ։ Սակայն տարատեսակ ենթադրություններ ու տպավորություններ հայտնելուց առաջ հարկ է խոսել մանկապարտեզում առկա իրական վիճակի մասին։
Մեկ տարի առաջ ամռանը, իսկապես, մանկապարտեզը փակվել է։ Սակայն ոչ թե երկու, ինչպես նշված է նյութում, այլ ընդամենը մեկ ամիս տեւողությամբ՝ հուլիսի 17-ից օգոստոսի 17-ը, արձակուրդների ամենաակտիվ շրջանում։ Դա կապված էր տարիների ընթացքում մաշված խողովակները փոխելու եւ ձմռանը մանկապարտեզում ջեռուցում ապահովելու հրամայականով։ Համոզված ենք, ցանկացած ծնողի համար այս հարցում ապահով լինելն ավելի կարեւոր է, քան մեկ ժամ շուտ երեխաներին վերցնելը։ Այո, իսկապես, մանկապարտեզը դարձել է անվճար։ Եվ դա ուրախացրել է հատկապես Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի անապահով ծնողներին։ Եթե ապահովված ծնողների համար իրենց աշխատանքն ավելի կարեւոր է, եւ նրանք ֆինանսական խնդիր չունեն, ապա ոչ ոք նրանց չի խանգարում իրենց երեխաներին տանել Երեւանում այնքան շատ վճարովի մանկապարտեզներ։ Դրանով նրանք նույնիսկ լավություն կանեն այն անապահով ընտանիքներին, որոնք տեղ չլինելու եւ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տեղավորել այս մանկապարտեզում։
Նամակի հեղինակ ծնողները նշում են, թե հերթագրված երեխաների ընդունելությունը դադարեցվել է։ Բայց կարող ենք հավաստել, որ հիմա մանկապարտեզ հաճախում է ավելի շատ երեխա, քան նախկինում (եթե չենք սխալվում՝ նախկին 150 երեխայի փոխարեն՝ 260)։ Այս կապակցությամբ մեր անհանգստությանն ի պատասխան (քանի որ դաստիարակները եւ դայակներն ավելի քիչ ժամանակ էին ունենալու երեխաների հետ անհատապես աշխատելու), տնօրինությունն ավելացրեց խմբերի թիվը։ Այսինքն՝ որեւէ հիմք չկա պնդելու, թե երեխաների թիվը արհեստականորեն նվազեցվում է, որպեսզի փակվի մանկապարտեզը։ Ինչ վերաբերում է երեխաների սննդի քանակի ու որակի վատթարացման մասին հիշատակմանը, ապա դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Դրանում կարելի է համոզվել ամեն առավոտ օրվա սննդակարգին ծանոթանալու միջոցով։ Մենք առիթ ենք ունեցել, ընդ որում՝ անակնկալ պահանջ ներկայացնելու միջոցով, պահեստում սեփական աչքերով տեսնելու՝ ինչ սնունդ են ընդունում մեր երեխաները։
Մանկապարտեզում յուրաքանչյուր երեխայի ծննդյան օրվա նշումը տնօրինությունն ամբողջությամբ իրականացնում է իր միջոցներով ու բարձր մակարդակով։ Բացի դրանից, ավելացվել է մանկապարտեզի խաղային ու խաղալիքային բազան, երեխաներն օգտագործում են միայն բարձրորակ գրենական պիտույքներ։ Վերացվել է ծնող-դաստիարակ «առեւտրային» արատավոր պրակտիկան։ Մանկապարտեզում գործում են նաեւ անգլերենի, պարի, նկարչության եւ ռուսաց լեզվի անվճար ուսուցման խմբակներ։
Համաձայնեք, որ անտրամաբանական է այսպիսի պայմաններ ստեղծել՝ մանկապարտեզը փակելու համար։ Եվ մինչ երկրի ղեկավարությունը որոշում կընդունի այս մանկապարտեզին առնչվող որեւէ հարցի հետ կապված, անհրաժեշտ է, որ այս ամենի մասին հստակ պատկերացում ունենա։ Որպես ծնող չէինք ցանկանա, որպեսզի այսպիսի հարուստ անցյալ ունեցող մանկապարտեզը, որն իսկապես արժեք է մեր քաղաքի համար, դառնա նեղ անձնական, քաղաքական կամ որեւէ այլ տիպի շահարկումների առարկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել