Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԻ ԶՐԿԵՔ ՄԵԶ ՄԵՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՑ»

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"Ուսանողների բողոքը՝ ընդդեմ ԿԳ նախարարի նախաձեռնությանը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ ուսանողներին կրթաթոշակներից զրկելու նախաձեռնությունից դժգոհ ուսանողները «Մի՛ զրկեք մեզ մեր կրթաթոշակներից» կարգախոսով երեկ Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանից սկսեցին բողոքի երթը: Զարմանալի չէ, որ երթը կազմակերպել էին նախկինում կրթության ոլորտը երկար ժամանակ ղեկավարած կուսակցության՝ ՀՅԴ-ի երիտթեւականները: «Աջակցել, այլ ոչ թե զրկել» վանկարկումներով երիտասարդ ուսանողների երթուղին ընթացավ Բժշկական, Տնտեսագիտական եւ Պետական համալսարաններով:  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ կազմակերպված բողոքի երթի մասնակիցները այլ բուհերի ուսանողությանը եւս կոչ էին անում միանալ իրենց, բայց հատկապես ԵՊՏՀ-ն եւ ԵՊՀ-ն վերահսկվում էին ոստիկանության աշխատակիցների կողմից, եւ ուսանողները միայն պատուհաններից լուռ հետեւում էին ցուցարարներին:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանի խոսքով. «Բուհերում ակտիվ քարոզչական աշխատանքներ են տանում, որ ուսանողները չմասնակցեն բողոքի  ցույցին, առայժմ, մեր տեղեկություններով, միայն  խոսքով  են արգելում»: Պարոն Մելիքյանն ասաց նաեւ, որ  ոչ բոլոր ուսանողական խորհուրդներին են տեղեկացրել բողոքի ակցիայի մասին. «Որոշներին անիմաստ ենք համարել տեղեկացնել, որովհետեւ ակնհայտ էր, որ մեզ չէին միանալու, արդեն պարզ է, որ խոչընդոտում են այս ակցիային: Դիմել ենք Ագրարային եւ Տնտեսագիտական համալսարանների ուսխորհուրդներին, բայց բացասական պատասխան ենք ստացել, նրանք ասել են, որ մեր միջոցառումը անիմաստ է եւ մեզ չեն միանալու»:
Ճարտարագիտական համալսարանի անվճար համակարգի մի ուսանող «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նախարարը պատճառաբանեց, որ գումարը գալիս է պետական բյուջեից, բայց  իրականում գումարը գալիս է ուսանողների ուսման վարձավճարներից, ես դեմ եմ ուսանողներին կրթաթոշակից զրկելու որոշմանը: Ուսանողական թոշակը ոչ միայն սոցիալական խնդիր է լուծում, այլեւ զուտ հոգեբանական կապ ունի ուսանողի հետ, ոգեւորում է լավ սովորելուն: Հուսով եմ՝ մեր բարձրացրած բողոքի ձայնն այսօր հասանելի կլինի կառավարությանը»: ԵՊՀ մի ուսանողուհի էլ մեզ ասաց. «Բոլոր երկրներում էլ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար  նախատեսված  կրթաթոշակներն ընդունված կարգ է, եւ նախարարի առաջարկած վարկային քաղաքականության փոխարեն ավելի լավ կլիներ փորձեին մտածել՝ որտեղից այլ վարկեր վերցնեն, որ ուսանողի կրթաթոշակը բարձրացնեն, ոչ թե ուսանողին ասեն. տվեք ձեր թոշակները՝ տանենք վարկ սարքենք, որը չենք էլ իմանա՝ ում կհասնի: Մենք սիրում ենք անընդհատ կրկնել՝ ուսանողները մեր ապագան են, բայց եթե այդ ասողները հավատում են իրենց ասածներին, մեր բողոքի ձայնը լսելով՝ իրենց որոշումները պետք է փոխեն»: ՀՊՃՀ-ից էլ մի ուսանողուհի «Առավոտին» ասաց, որ կրթաթոշակներից զրկելը ցույց է տալիս կառավարության անտարբերությունը ուսանողի նկատմամբ. «Շատ դժգոհ եմ, կրթաթոշակը առանց այդ էլ շատ քիչ գումար էր կազմում, փոխանակ բարձրացնեն, դրանից էլ են զրկում»: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանն էլ նախարարի՝ անտոկոս վարկեր տրամադրող հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը  դրական է համարում, բայց փաստում է. «Այն չպետք է լինի մեր թոշակների հաշվին: Աջակցել եւ ոչ թե զրկել է պետք»: Բողոքի երթն ավարտվեց կառավարության շենքի մոտ՝ ուսանողները փոխանցեցին վարչապետին ուղղված իրենց նամակը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրվա առիթով, ուսանողության հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ նախատեսվում է ուսանողներին զրկել կրթաթոշակից՝ պատճառաբանելով դրա խիստ նվազ լինելը (5000-6000 դրամ): Նախարարը առաջարկեց փոխարենը հիմնադրամ ստեղծել, որն էլ անտոկոս վարկեր կտրամադրի եւ ոչ կոմերցիոն բնույթ կկրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել