Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլիտար կրթության առանձնահատկությունը

Նոյեմբեր 26,2009 00:00

Էլիտար կրթությունը, դատելով ամեն ինչից, ինչ-որ բացակայող իրողություն է՝ ավելի շուտ ուղղված ընդհանուր տեսական պլանին, քան հիմնախնդրի նկարագրմանը, որոնց հետ բախվում է այդ տիպի կրթությունը։ Արդյոք հենց այդ էլիտար կրթության գաղափա՞րը չի հանդիսանում սխալական եւ կասկածելի։ Տվյալ դեպքում ես հենվում եմ համաշխարհային սոցիոլոգիայի դասականների՝ Վիլֆրեդո Պարետոյի, Մաքս Վեբերի եւ հատկապես Կարլ Մանհեյմի վրա, որոնք բավականին հանգամանալից ուսումնասիրել են այս հիմնախնդիրը։ Նրանց ուսումնասիրության ընդհանուր պաթոսը կայանում է նրանում, որ ցանկացած առողջ հասարակություն պետք է ունենա զանգվածային կրթություն եւ էլիտար կրթություն։
Այժմ շատ փաստաթղթերում երբեմն պատահում է «ընտրախավային» կամ «էլիտար» կրթություն արտահայտությունը։ Բնականաբար, խոսքը չի գնում ընտրախավի՝ հասարակության առավել ապահովված հատվածի կրթության մասին։ Գոյություն ունի հակադրություն. մասսայական մշակույթ եւ էլիտար մշակույթ, մասսայական կրթություն եւ էլիտար կրթություն։ Երբ Կարլ Մանհեյմը փորձում է գտնել «էլիտար կրթություն» հասկացության բացատրման համար ակներեւ օրինակներ, նա լուրջ դժվարությունների առաջ է կանգնում։ Հասկանալի է, որ խոսքը չի գնում գերընտրախավային բուհերի մասին, որոնք ստանում են պետական երաշխավորություն։ Խոսքը գնում է ընդհանուր կրթության փոքր օազիսի մասին, որտեղ կարող են մշակվել ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ, որոնք հակադրվում են հասարակության մասսայականացման ընդհանուր միտումներին։
Այսօր հասարակությունն իր մեջ հասունացնում է կրթության մասսայականացման գաղափարը։ Դրան օժանդակում է ազատական գաղափարախոսությունը, որն ընդունում է յուրաքանչյուր մարդու սովորելու եւ կրթություն ստանալու իրավունքը։ Դա նաեւ թելադրված է մեր հասարակության տնտեսական, սոցիալական եւ այլ պահանջներով, քանզի մասսայական կրթությունը, ըստ էության, մասնագիտացված է։ Նա պատրաստում է այն մասնագետներին, որոնք անհրաժեշտ են հասարակությանը՝ համապատասխան հասարակության կողմից նշվող պահանջներին։
Ի. Մ. Իլյինսկին իր աշխատություններում ցույց է տալիս, որ մասսայական կրթությունն իր առանձնահատուկ կերպարով չի կարող հաղորդել ապագա սերունդներին մարդկության միասնական հոգեւոր փորձը։ Եվ եթե այժմ խոսում են համակարգչային տեխնոլոգիաների մասին, Համաշխարհային սարդոստայնի գիտելիքների մեջ ներթափանցելու հնարավորության մասին, ապա խոսքը բոլոր դեպքերում գնում է կրթության մատչելիության իրական հնարավորությունների մասին։ Բայց հենց այդ մատչելիության պատճառով նա կորցնում է էլիտար կրթության կարեւորագույն հատկանիշը, որը ես կբնութագրեի որպես կրթության ամբողջականություն։ Մասսայական կրթությունը, նույնիսկ զինված լինելով ժամանակակից տեխնոլոգիաներով, չի կարող ամբողջական լինել, քանի որ այն պատրաստում է իրական սոցիումի համար մասնագետներ, այդ իսկ պատճառով կրթության ամբողջականության իդեալը, որը Մանհեյմը պատկերում է միջնադարի արիստոկրատական մշակույթի կամ համալսարանական մշակույթի օրինակի հիման վրա, չի կարող համատեղվել բազմակողմանի կրթության գաղափարի հետ։
Կրթության ամբողջականության դասական իդեալը ներառում է չորս բաղադրիչ մաս՝ գիտություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն եւ արվեստ։ Սակայն ժամանակակից կրթության ոչ մի տարատեսակ այդ իդեալին չի համապատասխանում։ Մենք չենք կարող նշել ծրագրեր, որտեղ հավասարապես հանդես գան այս բաղադրիչ մասերը: Մենք հիմնականում հենվում ենք գիտական գիտելիքների վրա, իսկ ինչ վերաբերում է փիլիսոփայական կրթությանը, ապա կարիք չկա վերապատմել գիտության այդ ճյուղի բոլոր տխուր փաստերը։ Փիլիսոփայությունը չի դասավանդվում դպրոցում, ընդամենը մի տարի է անցել, ինչ այն ընդգրկվել է համակրթական տիպօրինակների մեջ։ Փիլիսոփայությունը կրճատված տարբերակով է հանձնվում նաեւ թեկնածուական մինիմումի ժամանակ։ Երբ մենք փիլիսոփայության քննություն ենք ընդունում ապագա մասնագետներից, պարզ տեսնում ենք, որ ապագա թեկնածուների մոտ ցածր է ինտելեկտը, մշակված չեն մտավոր տեխնոլոգիաները։
Էլիտար կրթությունը առաջին հերթին պետք է իր մեջ կրի կրթության ամբողջականության գաղափարը եւ հետագա սերունդներին հաղորդի ձեռք բերած մշակույթի ողջ հարստությունը։ Դա էլիտար մշակույթի կոչումն է, նրա սոցիալական դերը։ Այսօրվա հասարակությունը չունի ամենաարժեքավոր գիտելիքը (որը գոյություն ունի ոչ թե մասնակի կամ բաղդատված, այլ իր կատարյալ միասնությամբ) նոր սերնդին հաղորդելու ուրիշ մեխանիզմ։ Էլիտար կրթության մյուս հատկանիշն այն է, որ նա ոչ միայն hաղորդում է գիտելիքները, այլեւ փորձում է ապահովել այդ համակարգում գտնվողների անհատական աճը։ Մենք շարունակում ենք վերածել մեր կրթությունը այնպիսի գիտելիքների, որոնք կոդավորվում են, դառնում խորհրդանիշ եւ այդ տեխնոլոգիական գործառությունների արդյունքում կորցնում գիտելիքի որակներից շատերը, որը նա, ըստ իս, պետք է ունենա։ Կոդավորված գիտելիքն իր մեջ չի կրում զգայունակության, մտավոր, գաղափարախոսական երանգներ։ Երբ Ա. Վ. Լունաչարսկին գրում էր, որ մենք չպետք է ուսանողին դարձնենք «շուռ տված գրադարան», խոսքը հենց այն մասին էր, որ հարկավոր է ոչ միայն գիտելիքներ տալ, այլեւ սովորեցնել ապագա մասնագետին այդ գիտելիքներից օգտվել, կիրառել պրակտիկայում։ Ըստ իս՝ այսօր կրթության հիմնախնդիրների քննարկման համակարգում ակնհայտորեն բացակայում է անհատական աճի գաղափարը։
Մեզ մոտ խոսվում է շարունակական, տարբերակված, անհատական կողմնորոշված կրթության մասին։ Սակայն երբ կարդում ենք դրանց նվիրված աշխատություններ, տեսնում ենք, որ քննարկվող տեխնոլոգիաներում բացակայում է անհատական աճի, մարդկային ներուժը բացահայտելու գաղափարը։ Խոսքը գնում է հոգեւոր դաստիարակության, անհատական աշխատանքի անհրաժեշտության, շարունակական կրթության, մեր ուսանողների անձնական առանձնահատկությունները հաշվի առնելու մասին։ Սակայն մարդկային անհատականության բացահայտման գաղափարը, գոնե այն աշխատություններում, որոնք գտնվում են իմ տեսադաշտում, նույնիսկ տեսականորեն չի առաջադրվում։
Կատարյալ հասարակությունը, եթե նա ցանկանում է կայուն եւ զարգացող լինել, չի կարող սահմանափակվել միայն մասսայական կրթությամբ։ Կարծում եմ, որ մի քանի տասնամյակ հետո մենք կտեսնենք բազմակողմանի կրթության գաղափարի նկատմամբ այդպիսի միակողմանի մոտեցման բոլոր հետեւանքները։ Այն ամենը, ինչով մենք այսօր հիանում ենք՝ մեծ տարածության վրա տեղեկատվության հաղորդման հնարավորությունը, այդ տեղեկատվության պահպանման, կրթության վերափոխության հնարավորությունը, դա հարցի միայն մի կողմն է, որը, ցավոք սրտի, ջնջում է ուսումնական գործընթացի մյուս բեւեռը, որը նշածս սոցիոլոգներն անվանում են էլիտար կրթություն։ Հասկանալի է, որ այդ գաղափարը այսօր չի կարող դիտվել սոցիալ-ճարտարագիտական մակարդակով։ Մենք չենք կարող խոսել այն մասին, թե որտեղ պետք է իրականացվի այդ էլիտար կրթությունը, ո՞վ է զբաղվելու նրա ֆինանսավորմամբ, դա ավելի շուտ հարցի ընդհանուր տեսական դրվածքն է։ Մենք՝ հումանիտար կրթություն ունեցողներս պարտավոր ենք այդ հիմնախնդիրը երեւան բերել: Մենք եւ փիլիսոփայական, եւ սոցիոլոգիական տեսանկյունից պետք է մտածենք այն մասին, որ պահպանենք ոչ միայն մասսայական, այլեւ էլիտար կրթության վեհ իդեալը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել