Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԻՇՏԸ ՄԵԿՆ Է

Նոյեմբեր 26,2009 00:00

Իսկ նախագահներն ու նրանց տեսակետները՝ երեքը

Լավատեսությունը կամ օպտիմիզմը առաջընթացի բաղկացուցիչ կոմպոնենտներից մեկն է: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, լավատեսությունը եւս պետք է հիմնավորված լինի: Այսինքն՝ երբ լավատեսությունը չափից ավելի է կտրված իրականությունից, դա արդեն ոչ թե լավատեսություն է, այլ հեքիաթ: Օրինակ, երբ ողջ ազգով խոսում ենք Եվրամիությանն անդամակցելու մասին, մոռանում ենք, որ հայ իրականության մեջ եվրոպական բարքերին համապատասխանում են միայն ամրագոտիներով կապվելը եւ քաղաքի միայն կենտրոնական հատվածներում հետիոտնին զիջելը: Սա էլ դեռ նոր ենք սովորում: Եվ վերջ: Այսքանով մեր եվրոպացի լինելն ավարտվում է: Ի դեպ, ամրագոտի կապում են նաեւ Ավստրալիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, որոշ ասիական երկրներում եւ անգամ մի քանի աֆրիկյան պետություններում: Այնպես որ, նույն հաջողությամբ մենք կարող ենք ձգտել դեպի Ավստրալիա կամ Ամերիկա: Ասիան ու Աֆրիկան էլ չհաշված: Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանն անընդհատ նշում է կրթության կարեւորության մասին, երեւի մոռանում է «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» ժողովրդական ասացվածքը: Քանզի այն սերունդը, ում ուղղված են վարչապետի խոսքերը, լավ էլ տեսնում է, որ այսօր ղեկավարների, պատգամավորների, չինովնիկների եւ օլիգարխների գերակշիռ մասը իրենց կրթությունը ստացել են (իսկ ավելի ճիշտ՝ գնել են) բալզակյան տարիքից շատ ավելի ուշ: Բայց այս օրինակներն ավելի շատ կենցաղային ոլորտից են: Այսօր կուզենայի անդրադառնալ հասարակական եւ քաղաքական ասպեկտներին: Հայաստանում ներկայումս գրեթե անհնար է գտնել մի վերլուծաբանի, որի մտքերն ընդունելի լինեն հասարակության տարբեր շերտերի համար: Ոչ այն պատճառով, որ խելացի եւ գրագետ կադրեր չկան: Պարզապես մեր վերլուծական միտքը սահմանափակվում է ցանկություններով եւ անձնական հարաբերություններով: Բերենք շատ պարզ օրինակ: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ կա երեք հիմնական տեսակետ.
Ա. Իշխանական, որը քարոզում եւ պաշտպանում են գործող իշխանությունները՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ, այսինքն՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի:
Բ. Հայ ազգային կոնգրեսի (ավելի ճիշտ՝ Կոնգրեսի ճնշող մեծամասնության), որն իրականում շատ մոտ է իշխանական տեսակետին (եթե չասենք, որ գրեթե նույնն է), բացառությամբ մի քանի շեշտադրումների, որոնք կրում են ոչ թե գաղափարական, այլ զուտ ընդդիմադիր երանգներ: Այստեղ կարեւորը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն է:
Գ. Դաշնակցական, որի տեսանելի հատվածում կանգնած են ՀՅԴ-ն եւ Վարդան Օսկանյանը, իսկ իրականում շարժումը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշենք միայն «Ես Գյուլին չէի հրավիրի» արտահայտությունը:
Փաստորեն, ստացվում է այնպես, որ այս երեք հիմնական տեսակետները անկախ Հայաստանի երեք նախագահների տեսակետներն են: Առայժմ ոչ մի տարօրինակ բան չկա: Առավել եւս, որ զուտ ֆորմալ առումով այս երեք անհատների քաղաքական հենարանները երեք տարբեր գաղափարախոսությունների կրողներ են՝ պահպանողական, լիբերալ եւ ազգային: Սակայն այսքանով խնդրի գաղափարական հատվածն ավարտվում է, եւ ամեն ինչ անցնում է անձնական հարթություն: Շատ լավ պատկերացնում եմ, որ ռեալ քաղաքականությունը հակված է ավելի շատ պրագմատիզմի, եւ ռոմանտիկ ձգտումները այստեղ շատ արագ են վիժեցվում: Բայց մեր քաղաքականությունը ոչ թե պրագմատիկ է, այլ գրպանային՝ բառիս ամենալայն իմաստով: Բոլորը մտածում են ոչ թե պետության համար դրական արդյունքի, այլ իրենց գրպանի մասին: Խոսքը ոչ թե լիդերների, այլ նրանց թիմերի մասին է: Հենց այս ամենի արդյունքում է, որ չկան քաղաքական քննարկումներ եւ բանավեճեր: Չկա անգամ քննադատություն: Փոխարենը կա, բառիս բուն իմաստով՝ «քլնգոց»: Որովհետեւ յուրաքանչյուրը կարծում է, որ միայն հակառակորդին (իսկ մեր պարագայում՝ «դուշմանին») «քլնգելով» կարող է իր լիդերին բերել իշխանության կամ այդ կերպ պահել իշխանության գլուխ: Այստեղից էլ գալիս են բոլոր այն, այսպես կոչված, «վերլուծություններն ու մտքի գոհարները», որոնք կողմերը փորձում են հրամցնել հասարակությանը: Յուրաքանչյուրն ուզում է իր ցանկալի արդյունքը իրականության տեղ անցկացնել: Հենց այստեղից էլ գալիս են այն խոսակցությունները, որ իբր «հեսա-հեսա» Ռոբերտ Քոչարյանը հետ է գալիս, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը այնքան կսպասի, մինչեւ Սերժ Սարգսյանը կտապալվի, ու այդժամ «չարն իսպառ կվերանա Հայաստանից»: Դե, իսկ գործող իշխանավորների մի մասն էլ ուշադիր հետեւում է իրադարձություններին, որպեսզի բաց չթողնի ճամբարափոխության պահը: Այս ամենը այս կամ այն թիմերի ներկայացուցիչների վարդագույն երազներն են:
Պատկերը կրկնվում է տնտեսության ոլորտում: Նույնը կարելի է ասել նաեւ ներքին քաղաքական զարգացումների շուրջ: Պատահական չէ, օրինակ, որ երկու օր առաջ «Նիկոլ Աղբալյան» ՀՅԴ ուսանողական շարժումը կոչ էր արել բոլոր ուսանողներին միանալ ԿԳ նախարար՝ հանրապետական Արմեն Աշոտյանի դեմ բողոքի ակցիաներին: Բանն այն է, որ նախարարի վերջին հայտարարության համաձայն՝ երկու տարի հետո ուսանողները կզրկվեն կրթաթոշակներից: Այստեղ խնդիրը այն չէ, որ մոտ 20 հազար ուսանողի 5000 դրամ կրթաթոշակի փոխարեն կստեղծվի մի հիմնադրամ, որի շնորհիվ շատ ուսանողներ հնարավորություն կստանան վճարել իրենց ուսման վարձը՝ անտոկոս վարկով: Նորանշանակ նախարարի այս տեսակետի հետ կարելի է համաձայնվել կամ ոչ: Խնդիրն այն է, որ «Նիկոլ Աղբալյան» շարժման ղեկավարները շատ լավ գիտեն, որ այս գործընթացը, Համաշխարհային բանկի հետ համատեղ, սկսել եւ գրեթե ավարտին են հասցրել ՀՅԴ ներկայացուցիչներ Լեւոն Մկրտչյանն ու Սպարտակ Սեյրանյանը: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ուսուցիչների օպտիմալացման գործընթացը սկսել էր օրինացերկրական Սերգո Երիցյանը, սակայն այն բարեհաջող ավարտեց նույն այդ Լեւոն Մկրտչյանը:
Եվ քանի որ մեր քաղաքական դաշտում այսօր փողոցային բարքերն ավելի ընդունելի են, քան նույն այդ գործիչների կողմից այդքան սիրված եվրոպական նորմերը, փորձեմ խոսել իրենց լեզվով. «Ճիշտը մեկն ա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել