Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վասն հրապարակայնության եւ արդյունավետության

Նոյեմբեր 26,2009 00:00

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՏԻՄ-երի համար նոր պարտավորություն է առաջարկում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծի հեղինակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, օրինագծով առաջարկվում է Հայաստանի 913 տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների համար սահմանել նոր պարտավորություն. ավագանիները պարտավոր են լինելու քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքները: Ինչու պետք է օրենքով նման պարտավորություն սահմանել, մեր ավագանիները չէ՞ին կարող առանց դրա քննարկել ՎՊ ուսումնասիրությունները, չէ՞ին հասկանում, «Առավոտի» այս հարցին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանեց՝ «Թող հասկանային: Դուք եք շատ հաճախ եւ արդարացիորեն մեզ ցույց տալիս, որ ավագանիները, ցավոք սրտի, շատ համայնքներում իրենց արժեքը իմացող, իրենց ինքնուրույնությունը գնահատող, հավակնություններ դրսեւորող մարմին չեն դարձել»:
Վաչե Տերտերյանը նկատեց, որ շատ հաճախ ունենում ենք մի վիճակ, երբ ՎՊ կամ պատկան այլ կառույցների ստուգումների արդյունքները մնում են համայնքապետի սեղանին, «որովհետեւ միշտ չէ, որ ավագանին կանոնավոր հետաքրքրվում է, միշտ չէ, որ քաղաքական եւ քաղաքացիական անհրաժեշտ ակտիվություն ունի: Մենք էլ, այս ամեն ինչը հիշելով եւ հաշվարկելով, օրենքի նախագծով ասում ենք՝ ավագանին պարտավոր է քննարկել ստուգման արդյունքները»: Քննարկման արդյունքում ավագանին կարող է ստուգումների արդյունքները ընդունել ի գիտություն կամ անհամաձայնություն հայտնել, կարող է այլ որոշում էլ լինել, քննարկելն է պարտադիր՝ «այսպես ավագանու բոլոր անդամները կիմանան, որ այս մարմինը ստուգումներ է կատարել, ավագանու անդամներից մեկը կարող է կարդալ ստուգումների արդյունքները, ավագանին էլ հետեւություն կանի, սխալները չի կրկնի»: Ըստ նախագծի հեղինակների՝ այդ քննարկումը զգաստացնող կլինի նաեւ ստուգողի համար: Ստուգողները կիմանան, որ ավագանին քննարկելու է իրենց եզրակացությունները եւ եթե ավագանին «դրական իմաստով ատամով եւ հավակնոտ մարմին է», հեշտ չի լինի գնալ-ստուգել եւ ինչ-որ բաներ գրել:
Ավագանու որոշումները պետք է փակցված լինեն համայնքի երեւացող վայրում: Ուրեմն կփակցվի նաեւ ստուգումների արդյունքների քննարկման մասին որոշումը, կարող են լինել նաեւ հենց ստուգումների արդյունքները եւ համայնքի բնակիչն էլ կտեղեկանա դրանց:
«Ավագանին պետք է հասկանա, որ ստուգվում են իր որոշումները՝ հողերի օտարում, գույքի օտարում կամ ձեռքբերում, հաստիքացուցակ, աշխատավարձ, բյուջեի ծախսեր եւ այլն: Այս նախագիծը, ընդունման դեպքում, կապահովի ստուգումների արդյունքների եւ ավագանու աշխատանքի հրապարակայնության ու ավագանու դերակատարման բարձրացում: Անուղղակի հրապարակայնություն ենք ապահովում նախկինում ընդունված որոշումների համար: Շատ գյուղերում չգիտեն, որ, ասենք, վեց ամիս առաջ ավագանին խողովակներ է օտարել եւ սա արձանագրել է ՎՊ-ն: Մենք էլ ասում ենք, թող ավագանին քննարկի դա ու գյուղացին գա-ասի՝ մենք շատ խողովակ ունեի՞նք, որ օտարել ենք: Միշտ չէ, որ գյուղացին կարդում է ՎՊ կայքում տեղադրված ուսումնասիրությունները, առավել եւս՝ եթե գյուղապետը շահագրգիռ չէ: Այս նախագծով մենք ՎՊ ստուգումների արդյունքները, ՎՊ որոշումները հրապարակայնորեն եւ օրենսդրորեն դնում ենք գյուղում եւ ավագանուն ստիպում, որ արձագանքի դրանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել