Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոքր ՀԷԿ-երը՝ պատուհա՞ս

Նոյեմբեր 26,2009 00:00

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը Սեւանի ավազանի փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ է սկսել, որի առաջին փուլում արդեն մտահոգիչ իրողություններ են ի հայտ եկել:
Ըստ «Էկոլուրի», փոքր ՀԷԿ-երի գործունեությունը գնալով ավելի մեծ անհանգստություն  է առաջացնում՝ կապված գետերի ջրային հաշվեկշռի խախտման հետ, գետաբերաններին ձվադրող ձկնատեսակների պահպանման հետ, ՀԷԿ-երի մոտ գտնվող գյուղերի ոռոգման ջրի մատակարարման պակասեցման հետ:
Փոքր ՀԷԿ-եր կառուցվում են նաեւ հատուկ պահպանվող տարածքներում, այն դեպքում, երբ այդ տարածքների  գլխավոր նշանակությունը էկոհամակարգի եւ կենսաբազմազանության պահպանումն է, իսկ ջրային էկոհամակարգը որոշիչ դեր ունի այս հարցում:
Միայն Սեւանի ավազանում՝ ներառյալ «Սեւան» ազգային պարկը, Կարճաղբյուր, Վարդենիս, Այրք, Արգիճի, Ավազան գետերի վրա գործում է մոտ 20 ՀԷԿ՝ «Ռեյգալ»  ՍՊԸ, «Գրիգոր Թադեւոսյանի Կվարց», «Ջրասահք» ՍՊԸ, «Լուսակունք»  ՍՊԸ, «Հիդրոկորպորացիա»  ՍՊԸ:
Մոնիտորինգի հեղինակները պարզել են, որ գոյություն չունի փոքր ՀԷԿ-երի գտնվելու վայրը նկարագրող քարտեզ, ներկայացված է միայն ՀԷԿ-ը շահագործող կազմակերպության եւ գետի անունը: Օրինակ, «Ռեյգալ» ՍՊԸ-ն Կարճաղբյուրում տարածք է վարձակալել, կառավարության որոշմամբ փոխվել է հողի կարգավիճակը, սկսվել են խողովակների անցկացման աշխատանքները: Փոքր ՀԷԿ-երի կառուցումը այլ խնդիր էլ է ծնում. բնակիչներն  իրենց  բակերում ջրավազաններ են փորել եւ ձուկ բուծելու նպատակով ջուր են վերցնում գետից:
Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա սեպտեմբերի 3-ին բնապահպանները առաջարկներ են ներկայացրելՀՀ բնապահպանության նախարարությանը: Մասնավորապես. «Դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրերի տրամադրումը՝ մինչեւ իրավական հիմքի վրա չլինի խնդրի ամբողջական կարգավորումը, մշակել կայուն զարգացմանն ուղղված ջրային ռեսուրսների կառավարման՝ իրականությանը համապատասխանող հայեցակարգ, անցկացնել գործող փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ՝ պետական տեսչական մարմինների մասնակցությամբ, վերանայել էներգետիկ քաղաքականությունը փոքր ՀԷԿ-երի նկատմամբ, մասնավորապես՝ սակագների ձեւավորման առումով»:
Մեր կողմից հավելենք, որ փոքր ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումը Հայաստանում այնքան եկամտաբեր բիզնես է, որ դրա համար ամենայն լրջությամբ բախվում են իշխանական կամ իշխանամերձ անհատները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել