Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՊԱՀԱՆՋ

Նոյեմբեր 26,2009 00:00

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ կառավարության նախագահ Տիգրան Սարգսյանին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին, Հայաստան-Վրաստան սահմանագծման հարցերը համակարգող,
ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին

Հայոց Լոռի աշխարհը դարեր շարունակ եղել է հայ մշակույթի, պատմության, ազգային ինքնագիտակցության ձեւավորման ու զարգացման կարեւորագույն բնօրրաններից մեկը։ Լոռի աշխարհն իր տարածքային, քաղաքական ու հայ ազգային ինքնագիտակցության վերելքին է հասնում Տաշիր-Ձորագետի կամ Լոռի-Տաշիրի թագավորության  տարիներին, երբ հստակեցվում են ու անփոփոխ մինչեւ մեր օրերն են հասնում Լոռի աշխարհի թե՛ բնական սահմանները եւ թե՛ Լոռվա հայ ազգաբնակչության տեղայնացված էթնոհոգեբանական ինքնագիտակցությունը։
Ելնելով իր բարդ աշխարհագրական դիրքից՝ Լոռին մինչեւ քսաներորդ դարի քաղաքական ու ժողովրդագրական փոփոխությունները, եղել է անբաժանելի։ Ներկայումս Լոռին աշխարհագրորեն բաժանված է Հարավային (Լոռու մարզ՝ Հայաստան)  եւ Հյուսիսային (Քվեմո Քարթլի՝ Վրաստան) մասերի, որի անարդար ու կործանարար բաժանումն ավելի ու ավելի է ուժեղանում Հայաստան-Վրաստան սահմանագծի անօրինական վերագծման, սահմանների ամրապնդման ու խստացման միջոցով։
Ելնելով վերոգրյալից եւ շահագրգռված պատմական արդարության վերականգնմամբ՝ Լոռու մարզի ու Հյուսիսային Լոռու հասարակական, քաղաքական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում են՝
1. Իսկույն դադարեցնել Հարավային եւ Հյուսիսային Լոռու միջեւ անօրինական ճանապարհով սովետների կողմից ժամանակին պարտադրված սահմանի վերագծման աշխատանքները։
2. Վրաստանի հետ որպես իրական պետական սահման դիտարկել Հայաստան-Վրաստան պատմականորեն համարվող ու ժողովրդագրորեն առկա բնական սահմանը (որն անցնում է բացառապես Խրամ գետի երկայնքով)՝ հիմնվելով 1920 թվականի Փարիզի վեհաժողովում ամրագրված իրավական հիմքերի վրա։
3. Դադարեցնել սահմանային խստացումներն ու ամրապնդումը Հյուսիսային Լոռու «սահմանամերձ» համարվող գյուղերի երկայնքով։ Հաշվի առնել սահմանի ճշգրտման ու խստացման պատճառով ստեղծված տեղի հայ ազգաբնակչության սոցիալ-տնտեսական ծանր ու կործանարար վիճակը։
4. Ուշադրության կենտրոնում պահել Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության հանդեպ մարդու իրավունքների (հատկապես ազգային պատկանելությունից բխող) խախտման բազմաթիվ փաստերը, հետեւողական աշխատանք տանել պատմական ու իրավական արդարության վերականգնման ուղղությամբ։
Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտե (Վանաձոր)
«Ցեղակրոն ուխտեր» հայրենասիրական հ/կ (Վանաձոր)
Քվեմո-Քարթլիի հայ երիտասարդական միություն (Վանաձոր)
«Լալվար» հայրենակցական բարեգործական միություն
Բոլնիսի հայերի միություն (Թբիլիսի)
«Ջավախք» հ/կ Լոռու մասնաճյուղ (Վանաձոր)
«Դեբետ» բնապահպանական հասարակական կազմակերպություն (Ալավերդի)
«Ասպար» հ/կ (Վանաձոր)
Բոլնիս–Մառնեուլ հայ երիտասարդական ֆորում հ/կ (Մառնեուլ-Երեւան)
«Բնության պահապաններ» հ/կ (Վանաձոր)
«Լրագրողներն ընդդեմ բռնության» հ/կ Լոռու մասնաճյուղ (Վանաձոր)
«Կանաչների միություն» հ/կ Լոռու մասնաճյուղ  (Վանաձոր)
«Գուգարք» լրագրողական ասոցիացիա (Վանաձոր)
«Լոռի» հայրենակցական միություն (ԱՄՆ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել